Սեռական սկանդալն աստիճանաբար վերափոխվում է դավանաբանական բանավեճի:
Վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանական ամբիոն էր բարձրացել եկեղեցու հաստափոր կանոնագրքերով, որպեսզի միջնադարյան եկեղեցական բարոյախրատական կանոններով հիմնավորի, թե ինչու պիտի կաթողիկոսն ու կուսակրոնության ուխտը խախտած եպիսկոպոսները հեռացվեն եկեղեցուց:
«4-րդ դարի գիրք չեմ բերել, 2020 թվականի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական հրատարակություն, կանոնների պաշտոնական ժողովածու», - հայտարարում էր վարչապետը:
«Խմբագիրը ես եմ գրքի». - Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահէ ծայրագույն վարդապետ Անանյանն ժողովածուի խմբագիրը. տարակուսում է՝ մի՞թե ամբիոն բարձրացողները չեն կարող խոսելուց առաջ Մատենադարանի, համալսարանի իրավաբանական ֆակուլտետի կամ Մայր Աթոռի ճեմարանի մասնագետների հետ խորհրդակցել ՝ գրքում 1331 կանոն կա, բոլորը 5-ից մինչև 11-րդ դարերի, դրանից հետո բազմաթիվ եկեղեցական ժողովներ ու կաթողիկոսական որոշումներ են եղել:
«Միջնադարյան պատմական որոշակի հանգամանքներում գործադրված կանոններ են, որոնց մեծ մասն այսօր, դժբախտաբար, ենթակա են կա՛մ փոփոխության, կա՛մ բարեկարգման, որովհետև չեն արտահայտում արդի հայ քրիստոնյա հասարակության, Հայաստանյայց եկեղեցուն պատկանող անդամների այն իրավիճակը, որի մեջ ապրում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց հայր Շահէն:
Նիկոլ Փաշինյանը ժողովածուից առանձնացրել է կուսակրոնության ուխտի վերաբերյալ կանոնները. - «Աշտիշատի ժողովը որոշել է, որ կաթողիկոսը, եպիսկոպոսները պետք է լինեն կուսակրոն»:
«Աշիշատի ժողովի հրավիրող կաթողիկոսը ամուսնացած էր», - ընդգծեց վարդապետը:
Կուսակրոնությունը պահանջ է դարձել 5-րդ դարի կեսից սկսած, նշեց հայր Շահէն, և կանոնների մեծ մասում, ըստ նրա, խոսվում է վանական կյանքով ապրող հոգևորակաանների մասին, իսկ վանականներ Հայաստանում այսօր չկան:
Վարչապետն ամբիոնից մեկը չէ, մի քանի կանոններ կարդաց, որոնցով ուխտը խախտածները պիտի եկեղեցում չլինեն: Հայր Շահէն բացատրում է՝ հայոց կանոնական ժառանգության մի մասը ներկայացնող այս գրքում այնքան տարբեր ու իրար հակասող կանոններ կան՝ հենց նույն ուխտի վերաբերյալ. - «Մի կանոնում ասում է՝ եթե հոգևորականը այսինչ, այսինչ ինչ-որ բանը արեց՝ կուսակրոն հոգևորականը, պիտի ապաշխարի, դիցուք, 7 տարի, հետո նորից պիտի վերադառնա վանք: Մի ուրիշ կանոն ասում է՝ եթե այսինչ, այսինչ բանը արեց, պիտի անմիջապես կարգալույծ լինի: Հիմա, երկու կանոններն էլ առկա էն «Կանոնագիրք հայոց»-ում, ի՞նչ անենք: Մի ուրիշ կանոն էլ ասում է՝ եպիսկոպոսը թող որոշի՝ վերադառնա վա՞նք, թե՛ կարգալույծ արվի: Հիմա ի՞նչ անենք, երեք տարբեր մոտեցումներ, ինչպե՞ս պիտի անենք»:
Տարբեր դարերում ու տարբեր իրավիճակներից բխած կանոններ են, բնական է համարում վարդապետը այս հակասությունները:
Կուսակրոնության ուխտի խախտման դեպքում, օրինակ, նույն գրքում այլ կանոն կա՝ եթե հավատակցի հետ է շնացել, կարող է ապաշխարել, վերադառնալ եկեղեցի:
Այդ դեպքում ինչպե՞ս է այսօր շարժվում եկեղեցին, ո՞ր կանոններով. վարդապետի խոսքով՝ այսօր հստակ կոդեքս չկա, դրա մշակումը երկար տարիների գործ է, կոնկրետ կուսակրոնության ուխտի դրժման կամ այլ մեղքերի համար կա կարգապահական հանձնաժողով:
«Եթե մարդը իսկապես ապաշխարում է, եթե մարդը ինչ-որ, չգիտեմ, հանգամանքներ կան հազար ու մի՝ դրանից ելնելով է որոշում կայացվում: Ի վերջո, եթե նույնիսկ մենք կոդեքս ունենանք, այդ կոդեքսի կանոնները ենթակա են մեկնության, չէ՞», - նշեց հայր Շահէն:
Մայր Աթոռից, ամեն դեպքում, Հայաստանի վարչապետին հորդորում են ցած դնել կանոնագրքերը. պատմաբան տեր Արարատ քահանա Պողոսյանը գրել է՝ որքան ցածր է գիտականության ստույգ բարձունքը, այնքան բարձր է լինում անգրագիտության աղմուկը։
Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ թեման թեժ է պահել, սակայն այս անգամ ոչ թե կանոնական, այլ պրակտիկ մանրամասներով. - «Կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդը անձնական բոլոր, բոլոր բաներից, բոլոր, բոլոր, էսպես, արտոնություններից կամավոր զրկվում ա, իսկ էսօր մենք հակառակ պատկերն ունենք՝ մոմի գործի բանը, հազար ներողություն էս բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի ախպոր տղան ա, կաթողիկոսի չէ՝ Կտրիճ Ներսիսյանի, ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ա, էն մյուս թեմի առաջնորդը իրա քրոջ որդին ա»:
Եկեղեցին մի կլանի կողմից բռնազավթված է, ավազակների տեղ է, հայտարարել է վարչապետը: Ըստ նրա՝ եկեղեցական արժեքները քարուքանդ են անում այս իրավիճակի պաշտպանները. - «Քանդում են, քանդում են, քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, և մենք դա թույլ չենք տալու: Ես ասում եմ ինքս որպես մարդ, ով ունի հոգևոր զգացմունքներ»:
«Մենք պիտի աղոթենք, աղոթենք, որ ինքը կարողանա հոգևոր հավասարակշռությունը և ճշգրտությունը իր մեջ գտնել», - ասում է հայ Շահէն:
Մայր Աթոռի վարդապետը շեշտում է՝ «բոլորս ենք մեղսավոր, բոլորս էլ մի օր հաշիվ ենք տալու», իսկ մինչև այդ օր գա՝ Մայր Աթոռի հոգևոր վերնախավի թեման դեռ եռալու է՝ ամբիոններից ու ֆեյբուքյան էջերում:
«Էլի էրկու բան կար ասելու, բայց, թերևս, դրանց կանդրադառնամ իմ ֆեյսբուքյան էջում», - հայտարարել է վարչապետը խորհրդարանում: