Հայաստանի երրորդ նախագահի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը պետք է քայլ անի և մինչև հերթական ընտրություններ պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը սկսի, քանի որ այս ընթացքում իշխանությունը հնարավոր է այնպիսի քայլեր անի և զիջումների գնա, որոնք հետագայում կլինեն անդառնալի:
«Ասում ենք՝ պաշտպանում ենք իմփիչմենթը՝ ելնելով հետևյալ հանգամանքներից. մենք, այսինքն՝ ես նկատի ունեմ հավաքական ընդդիմությունը, առնվազն հինգ տարի հայտարարում ենք, որ այսօրվա կառավարիչների մեկ օր ավել մնալը իշխանության վնասում ա Հայաստանի Հանրապետության շահերին: Էդպես ա՞, թե՞ էդպես չի, ասել ե՞նք, թե՞ չենք ասել ... Ասել ենք», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Իսկ էդ ի՞նչ պատահեց, որ հիմա էլ ասում են՝ չէ, մի տարի սպասենք, մինչև ընտրությունները գան: Լավ, ես ասեցի՝ 21-ի ընտրությունները շատ իրատեսական էին, էս իրատեսական չի՞: Սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ դուք չէ, բայց իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են եղել դեպքերը մեր նորագույն պատմության մեջ, որ մենք գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ են պսակվել»:
Իսկ արդյոք իրատեսական է համարում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» կմիանան իմփիչմենթին, և այդպիսով հնարավոր կլինի Փաշինյանին անվստահություն հայտնել, «Ազատության» այս հարցին պատասխանելով՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ չի բացառում:
«Եթե ես սատարում եմ, եթե մենք՝ իմ ընկերներով, իմ համախոհներով սատարում ենք էդ շարժմանը, ապա էդ տարբերակը մենք չենք բացառում: Իսկ էդ ո՞վ ա երաշխավորել, որ չի լինելու դա: Դա ընդամենը ենթադրություն ա, չէ՞: Ասում են՝ «գնացեք ՔՊ-ին համոզեք, հետո մենք էլ կգանք»: Դե բա եթե մենք ՔՊ-ին ամբողջովին համոզենք, էլ ուրիշները ինչի՞ են պետք, էլի, չեմ հասկանում», - ընդգծեց նախկին նախագահը:
Սարգսյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է իր ութ պատգամավորի ստորագրությունը տրամադրել, և պատրաստ են սատարել Ռոբերտ Քոչարյանի կամ նրանց թիմից որևէ մեկի թեկնածությունը:
Վարչապետին խորհրդարանով հեռացնելու ճանապարհն անիրատեսական են համարում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, քանի որ այդ գործը հաջող ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է, որ իշխող թիմից առնվազն 18 պատգամավոր միանա այդ գործընթացին:
«Ով ուզում ա գա, ով ուզում ա գա: Այսինքն՝ դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ա ավելի վատը լինել որպես կառավարիչ, քան էսօրվա կառավարիչը՞: Ես էդպիսի կարծիք չունեմ: Մենք, ի տարբերություն շատ-շատերի, գիտակցում ենք, որ եթե մենք թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից ա լինելու, շատ պարզ ա, չէ՞, ավելի մեծ հակադրություն ա: Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով», - նշեց Սերժ Սարգսյանը:
Իր և Քոչարյանի թիմակիցների հեռակա բանավեճի մասին «Ազատության» հարցին՝ մասնավորապես, թե ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին իշխանության բերելու մեղադրանքներին, նախկին նախագահն արձագանքեց. - «Ինչքան ուզում եք սադրեք, ես 18 թվականի մասին այլևս չեմ խոսելու: Ինչ ուզում եք արեք, ուզում եք դուք էլ հիմա բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել էսօրվանին, խնդրել եմ, որ գա, օգնել եմ, որ գա: Ուզում ե՞ք ասեմ, էդ պարագայում, ես մազոխիստ եմ, էլի, ուզել եմ, որ գա, որ դատարանի դռները քարշ գամ»:
Ռոբերտ Քոչարյանն էր իր վերջին հարցազրույցում խոսել 2018-ի իրադարձությունների մասին և ասել էր, որ այդ օրերին կապվել է Սերժ Սարգսյանի հետ և հայտնել իր մտահոգությունները, Սարգսյանն էլ ասել է, թե ամեն ինչ «կոնտրոլի տակ է»: Երրորդ նախագահն այսօր ասաց, որ իր բառապաշարում նման ձևակերպում չկա, և չցանկացավ 2018-ի իրադարձությունների ու իր անձնական զրույցների մասին այսօր խոսել:
«Իմ լեքսիկոնում, ու կարծում եմ՝ երևի մի 10-15 տարի ա հետևում եք, երբեք, լսել ե՞ք էդպիսի բան՝ «կոնտրոլի տակ», - նշեց Սարգսյանը՝ հավելելով. - «Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցությունները, անձնական զրույցները հրապարակայնացնել: Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ ա զանգ եղել, դրանից առաջ էլ ա թեմա եղել ... »:
Սերժ Սարգսյանը խոստացավ 2018-ի իրադարձությունների մասին խոսել ավելի մանրամասն և այլ ֆորմատով ու պատասխանել ոչ միայն լրագրողների, այլ նաև՝ հանրությանը հուզող հարցերին:
Հայաստանի երրորդ նախագահն այսօր լրագրողների հարցերին պատասխանում էր Հակակոռուպցիոն դատարանի նիստից հետո: Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար: Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը, երբ պաշտպանության նախարար էր, Իսակովի պողոտայում հողատարածքն օտարել էր երկրորդ նախագահի որդուն պատկանող ընկերությանը շուկայականից ցածր գնով: Սերժ Սարգսյանն այս մեղադրանքը, գործը որակեց աճպարարության: