Մատչելիության հղումներ

«Սիստեմա». ՌԴ ՊՆ քաղտեխնոլոգներն առաջարկում են ստեղծել «Ռուսաստանի թշնամու կերպարի կառուցման» պետական հայեցակարգ


Ռուսաստանի պաշտպանության նախարարության քաղտեխնոլոգներն առաջարկել են ստեղծել «Ռուսաստանի թշնամու կերպարի կառուցման» պետական հայեցակարգ։ «Ազատության» «Սիստեմա» հետաքննական նախագծի թղթակից Վալերի Պանյուշկինը բացատրում է, թե Ռուսաստանին ինչու է անհրաժեշտ նման հայեցակարգ, և ինչպես է նախատեսվում ստեղծել «թշնամու կերպարը»:

«Ռազմական ակադեմիական հանդես»-ի 2025-ի հունիսյան համարում հրապարակվել է «Թշնամու կերպարը և դրա նշանակությունը զինվորական անձնակազմի մարտական մոտիվացիայի համար» վերնագրով հոդված։ Հեղինակները՝ երկու գնդապետ և մեկ փոխգնդապետ, բաց աղբյուրներում նույնականացվում են որպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմաքաղաքական վարչության աշխատակիցներ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերստեղծել է այս կառույցը 2018 -ին, իսկ 2022 թվականին՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից երկու օր առաջ, այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ամրագրել է դրա գործառույթները։

Հոդվածի հեղինակ-գնդապետները եզրակացնում են, որ Ռուսաստանը պետք է «մշակի և ընդունի թշնամու կերպարի կառուցման համախմբված պետական հայեցակարգ»՝ ատելություն սերմանելու «մոբիլիզացիոն ծրագիր»։

Բերվում է հետևյալ հիմնավորումը՝ եթե չես ատում թշնամուն, ընդհանրապես չես ցանկանում կռվել։ Հոդվածում բացատրվում է, թե ինչպես է կառուցվում թշնամու կերպարը, և ինչպես սպա-մանկավարժները պետք է այն ձևավորեն ու ամրագրեն զինվորների գիտակցության մեջ։

Երկու սուտ և մեկ ճշմարտություն

Հեղինակների կարծիքով՝ թշնամու բացասական կերպարը կարող է ստեղծվել ցանկացած հիմքով՝ քաղաքական, կրոնական, տնտեսական, ազգային... Այս կերպարը պետք է ձևավորվի ինչպես ռազմական գործողություններից առաջ, այնպես էլ ընթացքում։
Հեղինակները թշնամու կերպարի վերաբերյալ առանձնացնում են երեք տեսակետ.

1. Պաշտոնական պետական տեսակետ. «պետության կողմից ընդունված և քարոզվող վերաբերմունք», այսինքն՝ պետության կողմից հորինված՝ իր նպատակներին համապատասխանող սուտ։

2. Անհատական-անձնական տեսակետ, որը պետք է հիմնվի «անհատի հուզական ընկալման վրա», այսինքն՝ կրկին այն ո՛չ օբյեկտիվ է, ո՛չ էլ ռացիոնալ։

3. Եվ միայն ծառայողական տեսակետն է «անհրաժեշտ ռազմավարական կարևոր որոշումներ կայացնելու համար, ուստի այն հիմնված է թշնամու համարժեք՝ օբյեկտիվ տեղեկատվությունից բխող ընկալման վրա»։

Այլ կերպ ասած՝ թշնամու մասին քարոզչությունը պետք է ստի. զինվորը պետք է իր երևակայության մեջ հուզական կերպով պատկերացնի հրեշի։ Եվ միայն բարձրագույն հրամանատարությունը կարող է ունենալ թշնամու վերաբերյալ համարժեք պատկերացում։

Կարծրատիպերի ամրագրում

Հոդվածի հեղինակներն առաջարկում են թշնամու կերպարը զինվորական անձնակազմի ուղեղներում սերմանել չորս փուլերով՝

1. Թշնամու նույնականացում,

2. Կարծրատիպերի կառուցում («թշնամուն վերաբերյալ ամեն ինչը ընդհանուր բացասական բնութագրերով ներկայացում՝ դրական կողմերի անտեսմամբ»),

3. Քարոզչական արշավ՝ հուզական արձագանքների դիտարկմամբ («օգտագործվում են պետության և ռազմական գերատեսչության բոլոր հնարավորությունները»),

4. Կերպարի ամրապնդում («թշնամու մասին բացասական տեղեկատվության անընդհատ պահպանում և թարմացում»):

Եվ այսպես շարունակ՝ կառուցել նոր կարծրատիպեր կամ ամրապնդել հները, անցկացնել նոր հուզական քարոզչական արշավ և ամրապնդել թշնամու նոր, ավելի սարսափելի կերպար։

Թշնամու անմարդկայնացում

Հոդվածի հեղինակները գիտակցում են, որ «մարդասպանությունը գտնվում է բարոյականության, կրոնական էթիկայի և առողջ հոգեբանության համընդհանուր նորմերից դորս»։ Հետևաբար, նրանք առաջարկում են «ոչ միայն թշնամուն վերագրել բոլոր մարդկային արատները՝ հարբեցողություն, թմրամոլություն, գողություն, չարություն, դաժանություն, ագահություն..., այլև նրան անդեմ դարձնել, լիովին զրկել մարդկային կերպարից»։

Այս անմարդկայնացման հրեշի կողմից ներկայացվող սպառնալիքը, ըստ հեղինակների պատկերացման, պետք է զինվորների մեջ առաջացնի «զայրույթ, վրդովմունք, արհամարհանք, դառնության զգացում, կատաղություն, ափսոսանք, վախ, անհանգստություն»։ Սպա-մանկավարժները պետք է միայն հոգ տանեն, որ «վախի և ամոթի զգացմունքները նվազագույնի հասցվեն»։

Ինչո՞ւ անհրաժեշտ դարձավ պետական հայեցակարգը

Հոդվածի հեղինակները թշնամու կերպար ստեղծելուն ուղղված ռուս քարոզիչների աշխատանքը համարում են անբավարար։ Նրանք առաջարկում են «համախմբել և ուժեղացնել» կարծրատիպերի ամրապնդումը և թշնամու անմարդկայնացումը «պետության և ռազմական գերատեսչության բոլոր ուժերով»՝ լրատվամիջոցների և Գրողների միության և Կինեմատոգրաֆիստների միության նման հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG