Մատչելիության հղումներ

Սնանկ ճանաչված «Ֆլայ Արնա»-ն՝ միլիոնավոր պարտքերով ու սպասող աշխատակիցներով


Արդեն մի տարի է՝ «Ֆլայ Արնա»-ի «Հայկական ազգային ավիաուղիների» աշխատակիցները սպասում են իրենց չվճարված աշխատավարձերին։ Մինչ այդ ընկերությունն արդեն սնանկ է ճանաչվել։

Ընկերության նախկին աշխատակիցներից մեկը, որը ներկայանալ չի ցանկացել, ասում է՝ դեռ 2024-ի մարտին են «Ֆլայ Արնայի» աշխատողները տեղեկացել, որ աշխատանքից ազատվելու են։ Ընկերությունն իրենց պարտք է մոտավորապես երկու ամսվա աշխատավարձ՝ 2024 թվականի ապրիլն ու մայիսի մի մասը, գումարած՝ աշխատանքից ազատման դեպքում տրվող գումարը։ Սակայն մինչ օրս մեկ լումա անգամ չեն ստացել։

«Իրենք պարտավոր էին այդ ամբողջ գումարը փոխհատուցել առաջնահերթ, որը չեն արել», - ասաց նա:

«Ֆլայ Արնան» ստեղծվել էր 2021-ին՝ կառավարության ստեղծած պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ հետագայում տարբեր ձախողված ու կասկածելի ներդրումային պատմությունների հետ կապված ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիայի» կողմից։ Սակայն գործեց շատ կարճ՝ մոտ մեկուկես տարի և անցած հունվարին դադարեցրեց թռիչքները։ Ընկերության նախկին աշխատակիցն ասում է՝ հետո հանդիպումների ընթացքում ԱՆԻՖ-ը և «Էյր Արաբիան» միմյանց վրա էին գցում պատասխանատվությունը։

Մինչ աշխատակիցները սպասում էին իրենց հասանելիք գումարին, իսկ ընկերությունը կարծես գնում էր լուծարման, ըստ «Հետքի»՝ հենց «Էյր Արաբիային» պատկանող ընկերությունը դիմել է սնանկության դատարան՝ «Ֆլայ Արնայից» պահանջելով պարտքը՝ ավելի քան 770 հազար դոլար։

Փաստորեն, ըստ «Հետքի» հետաքննության՝ ստացվում է, որ հենց «Էյր Արաբիան» իրեն պատկանող այդ ընկերության միջոցով է նախաձեռնել «Ֆլայ Արնայի» սնանկացումը։ Դատարանն այս տարվա հունվարին արդեն սնանկ է ճանաչել «Հայկական ազգային ավիաուղիները»։

«Ազդարարում» այժմ տեղադրված է պարտատերերի ցուցակը՝ դրանք հիմնականում մոտ երեք տասնյակ անձինք են, այդ թվում՝ աշխատակիցները, մի քանի կազմակերպություններ և Պետական եկամուտների կոմիտեն։ Այժմ սնանկության կառավարիչ Սոֆյա Դավթյանն ասում է՝ պետք է գույքագրում կատարի՝ հասկանալու՝ ինչ է մնացել «Ֆլայ Արնայի» գույքից, որով հնարավոր կլինի փակել ընկերության պարտքերը։ Ըստ «Ազդարարում» տեղադրված հայտարարության՝ մի քանի ընկերությունների «Ֆլայ Արնան» պարտք է ավելի քան 1.6 միլիոն դոլար, ՊԵԿ-ին՝ ավելի քան 43 միլիոն դրամ, մոտ երեք տասնյակ անձանց՝ ավելի քան 120 միլիոն դրամ (տույժերը չհաշված)։

ԱՆԻՖ-ի գործունեությունը իրավապահների ուսումնասիրության կենտրոնում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունը ԱՆԻՖ-ի վերաբերյալ հայտնվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում, ապա հնարավոր չարաշահումների գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին։ Կա հարուցված վարույթ, որը դեռ նախաքննության փուլում է։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այս պահին որևէ մեղադրյալ, կասկածյալ կամ ներգրավված անձ չկա։

XS
SM
MD
LG