Մատչելիության հղումներ

Սպանության հոդվածով գործ՝ դատապարտյալի մահվան հանգամանքները պարզելու համար


Իրավապահները սպանության հոդվածով վարույթ են նախաձեռնել՝ պարզելու՝ ինչից է օրերս մահացել 51-ամյա դատապարտյալը: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կդառնա՝ «Արմավիր»-ի բանտի դատապարտյալը սպանվել է, թե՝ մահացել այլ պատճառներով:

«Բանտից են չէ՞ այդ մարդուն տարել հիվանդանոց, նա ուրիշ տեղ չի եղել, այսինքն՝ բոլոր հետևանքներն անմիջապես կապված են բանտի հետ: Եթե հիվանդ էր, այլ դեպք է, դա կապված է բանտի հետ, որովհետև մարդը գտնվում էր փակ համակարգում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Այս տարվա չորս ամիսների ընթացքում արդեն 11-րդ դատապարտյալն է մահանում: Ընդ որում, 2023-ի ողջ ընթացքում 16, իսկ 2024-ին 12 մարդ է մահացել հայաստանյան բանտերում: Անկախ նրանից՝ բանտարկյալը մահացել է բանտում, թե՝ հիվանդանոցում, պատասխանատուն քրեակատարողական ծառայությունն է, կարծում է Ժաննա Ալեքսանյանը:



Մեկ այլ խնդիր է դատապարտյալների համար անհասանելի դարձած հիվանդանոցը, ընդգծում է իրավապաշտպանը, որին ճաղերից այն կողմ ապրող մարդիկ պատմել են՝ իրենց դժկամությամբ են տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց: Բուժաշխատողների վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ բացասական է, մտահոգվում է նա:

«Ընդգծված նեգատիվ վերաբերմունք եմ տեսնում, երբ շփվում եմ բուժանձնակազմի հետ», - նկատեց Ժաննա Ալեքսանյանը:

Ինչո՞ւ են շատացել բանտերում մահվան դեպքերը: Առողջական ու բուժօգնության հետ կապված խնդիրներ, բանտային վատ պայմաններ, դժգոհություն արդարադատությունից, խտրական վերաբերմունք. այս խնդիրները քայքայում են ճաղերից այն կողմ ապրողների առողջությունը, երբեմն դրդում հացադուլի, ինքնավնասումների, ինքնասպանության կամ էլ հանգեցնում մահվան, եզրահանգել են իրավապաշտպանները:


Բանտերում հասարակական դիտորդական խմբի տվյալներն են փաստում՝ վերջին տարիներին ավելացել են հացադուլի, ինքնավնասման դեպքերը: Օրինակ՝ 2024-ին 298, իսկ 2023-ին՝ 288 անձ է հացադուլ արել: Անցած տարի ինքն իրեն վնասել է 205, իսկ 2023-ին՝ 155 բանտարկյալ:

Բանտային կյանքի մասին մանրամասները փակ են հանրության համար, բայց դիտորդական հասարակական խումբը հնարավորություն ունի այցելելու բանտարկյալներին, լսելու նրանց:

«Դատապարտյալների հետ չեն անցկացվում հոգեբանական զրույցներ, նրանց հոգեբանական իրավիճակի ուսումնասիրություն չի իրականացվում, ժամանակին չի մատուցվում առողջական ծառայությունների վերաբերյալ ամբողջական բժշկական սպասարկումը, այդ իսկ պատճառով դիմում են նման քայլերի», - ասաց խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ բանտային պայմանները լավը չեն նույնիսկ վերջին տարիներին կառուցված «Արմավիր» բանտում:
Վատ պայմաններին գումարվում է թերի բուժսպասարկումը՝ ընդգծում է իրավապաշտպանն ու հավելում՝ իրենց հարցումները բանտարկյալների շրջանում ցույց են տալիս, որ պահման պայմաններից հետո երկրորդ տեղում են առողջական խնդիրները: Կան բողոքներ դեղերի նշանակման հարցում. երբեմն բժշկի նշանակածի փոխարեն դատապարտյալ հիվանդը փոխարինող է ստանում, կամ ՄԻԱՎ-ով հիվանդին չեն բացատրում անհրաժեշտ դեղն օգտագործելու կարևորությունը:

Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնում շարունակում են պնդել՝ ազատազրկվածները ստանում են պատշաճ բուժսպասարկում, դեղերը ժամանակին են գնում, անհրաժեշտության դեպքում էլ տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոցներ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեռ փոխնախարար եղած ժամանակ՝ 2019-ին էր ցանկություն հայտնել՝ ունենալ միջազգային չափանիշներին, պահանջներին համահունչ քրեակատարողական և պրոբացիոն համակարգ: Կա նաև հաստատված ռազմավարություն, բայց 5 տարի անց խնդիրները մնում են չլուծված:

Դեռ 2021-ին էր վարչապետ Փաշինյանը նախընտրական հանդիպման ժամանակ խոսել բանտային կյանքի բարելավման մասին: Չորս տարի անց, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում տասնակ խնդիրներ է առանձնացրել:

Անահիտ Մանասյանի թիմին բանտարկյալները պատմել են սննդի վատ համի, հոտի, որակի մասին ու նշել, որ տնից են սնունդ ստանում: Մանասյանն իր զեկույցում նաև գրում է՝ բուժաշխատողները խտրական վերաբերմունք ունեն, խնդիր է նաև բուժաշխատողների պակասը, օրինակ՝ «Վանաձորի» և «Նուբարաշենի» բանտերում թեև կան ատամնաբուժական ծառայություններ, բայց դրանք հասանելի չեն, նաև հիգիենիկ չեն, չկան անհետաձգելի բուժօգնություն տրամադրող սարքեր, դեղերը քիչ են ու երբեմն ժամկետանց, սահմանափակ է դրանց տեսականին:

XS
SM
MD
LG