Մատչելիության հղումներ

Սպանվել են անհամաչափ միջոցներից. ՄԻԵԴ-ը բավարարել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոքը


Մարտի 1, 2008թ., Երևան
Մարտի 1, 2008թ., Երևան

Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից ավելի քան 17 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է զոհերի իրավահաջորդների բողոքն ու արձանագրել, որ խախտվել է նրանց կյանքի իրավունքը, սպանվել են անհամաչափ միջոցներից, այդ թվում՝ մարտական փամփուշտներից, ոստիկանական ոչ պրոֆեսիոնալ գործողության հետևանքով:

Հայաստանյան իրավապահների անցկացրած քննությունը, ըստ այսօր հրապարակված վճռի, եղել է ոչ բավարար: Ավելին, Եվրոպական բարձր ատյանն արձանագրում է, որ ողբերգական այս իրադարձություններից հետո իշխանությունները քրեական գործեր են հարուցել ընտրությունների արդյունքների դեմ Երևանի կենտրոնում հավաքված ցուցարարների, ընդդիմության առաջնորդների դեմ, իսկ մարդկանց վրա կրակ բացած ոստիկանների դեմ վարույթը չի շարունակվել:

Եվրոպական դատարանը նաև Հայաստանի գործող իշխանությունների օրոք վերաբացված գործերին է անդրադարձել՝ ընդգծելով, որ որոշ դեպքերում դրանց ճակատագիրն անհայտ է, իսկ արտակարգ դրության հրաման արձակած նախագահ Ռոբերտ Քոչարյանն և մյուսները արդարացվել են Սահմանադրական դատարանի որոշման հիմքով: Միաժամանակ ստրասբուրգյան ատյանը փաստում է, որ մինչև օրս որևէ վճիռ չի կայացվել սպանությունների վերաբերյալ:


Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, թեև գոհ է եվրոպական դատարանի վճռից, բայց շարունակում է սպասել, որ որդու սպանության մեղավորներին Երևանում կդատեն:

«Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Իմ կարծիքը, որ պետք է լավ լինի, ակնկալում եմ, որ այս դատավորն արդար դատական ակտ կկայացնի», - ասել է նա:

Քլոյանը նկատի ունի մեկ տարի առաջ կրկին բացված գործը, որի շրջանակում, սակայն, Ռոբերտ Քոչարյանը դեռ մեղադրյալի կարգավիճակ չունի, դատավորը քննում է երկրորդ նախագահին պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով մեղադրանք առաջադրելու դատախազության միջնորդությունը: Քոչարյանն այն քաղաքական պատվեր է որակում:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց շատ չանցած վարչապետ Փաշինյանը Մարտի 1-ի գործը բացահայտված էր համարել: 2008-ի այդ իրադարձությունների անմիջական մասնակից Փաշինյանը այսօր էլ նույնը պնդեց՝ խորհուրդ տալով գործի նյութերը կարդալ. «ՄԻԵԴ-ն արձանագրել է ակնհայտը: Ինչո՞ւ ակնհայտը, որովհետև ես նախկինում էլ ասել եմ, որ ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է, և այդ բացահայտման արդյունքներն, իմիջիայլոց, այսօր քննվում են դատարանում, այլ բան, որ ես կարծում եմ և հույս ունեմ, որ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը նոր խթան և նոր ազդակ կլինի մեր իրավապահների համար, որպեսզի նրանք ի վերջո գտնեն ձևը»:

Թե ինչու ձևը չեն գտել իրավապահները, վարչապետը չի մանրամասնում՝ ընդունելով, որ իրական մեղավորներից որևէ մեկը իր պաշտոնավարման 7 տարիների ընթացքում չի պատժվել, թեև դա հեղափոխության հարթակի առանցքային խոստումներից էր:

«Մեղավորները նրանք են, ովքեր դատարանում դատվում են, ովքե՞ր են, պարզ չէ՞՝ ովքեր են: Ես էլ եմ ասում, որ վճիռներ չկան, բա էտքան որ խոսում եմ մեր դատական համակարգի պրոբլեմների մասին, այդ թվում այդ պատճառով եմ խոսում», - հավելեց վարչապետը:

10 զոհերից Եվրոպական դատարան են դիմել 9-ի հարազատները, վճռում առանձնացված են Սամվել Հարությունյանի և Զաքար Հովհաննիսյանի սպանությունները: Մի դեպքում Ստրասբուրգում եզրակացրել են, որ չկան բավարար ապացույցներ, որ պետությունն է պատասխանատու նրա մահվան համար, քանի որ Սամվելի վրա կարող էին և ցուցարարների շարքերից իրեր նետված լինել: Իսկ Զաքար Հովհաննիսյանի սպանության հանգամանքների վերաբերյալ եվրոպական ատյանը բավարար տեղեկություն չի ստացել:

Հայաստանի իրավապահները Փաշինյանի օրոք Հովհաննիսյանի սպանության համար մեղադրանք էին առաջադրել բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանին, հետագայում, սակայն, դատախազությունը հրաժարվեց իր իսկ հայցից: Այսօրվա վճռով տուժողներին պետական բյուջեից փոխհատուցում կվճարի Փաշինյանի կառավարությունը. 9 զոհերի հարազատները կստանան 30 հազարական եվրո, ընդհանուր ևս 35 հազար եվրո էլ գործադիրը ստիպված կլինի վճարել դիմումատուների դատական ծախսերի համար:

XS
SM
MD
LG