Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Ստամբուլում պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է, որ մայիսի 11-ի իր հայտարարության մեջ Վլադիմիր Պուտինը «հստակ և միանշանակ շարադրել է մեր դիրքորոշումը Ստամբուլում առանց որևէ նախապայմանի ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ»:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը «լրջորեն է տրամադրված՝ Ուկրաինայի հարցով երկարաժամկետ կարգավորման ուղիներ գտնելու հարցում», իսկ «վերջնագրերի լեզուն» անընդունելի է Ռուսաստանի համար։
Կրեմլի արձագանքը հաջորդում է Գերմանիայի կառավարության հայտարարությանը՝ եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի, Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ: