Հայաստանյան երկու ավիաընկերություններ՝ FlyOne-ն ու Shirak avia-ն, համատեղ հայտարարությամբ դժգոհում են կառավարության սահմանած արտոնությունից՝ պնդելով, թե դրա հետևանքով մրցակցային առանց այն էլ անհավասար պայմաններն ավելի են խորանում:
Գործադիրի որոշմամբ հայաստանյան կամ այստեղ բազավորված արտասահմանյան ավիաընկերություններն ամեն նոր ուղղության դեպքում Երևանից թռչելիս յուրաքանչյուր ուղևորի համար կստանան 20 հազար, իսկ Գյումրիից՝ 15 հազարական դրամ փոխհատուցում:
«Ծրագիրը քննարկված է բոլոր խոշոր ավիափոխադրողների, ընդ որում և՛ տեղական, և՛ դրսից ավիաընկերությունների հետ, որոնք պատրաստվում են բազավորվել այստեղ», - օրերս հայտարարել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Այս հայտարարությունից օրեր անց հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ բազավորվում է Հայաստանում՝ կրկնապատկելով թռիչքները, ավելացնելով ութ նոր ուղղություն:
Մինչդեռ FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը հիշեցնում է, որ արդեն հինգ տարի է՝ Հայաստանը Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում» է, տեղական փոխադրողները զրկված են իրենց ուղևորներին եվրոպական գայթակղիչ ուղղություններ առաջարկելու հնարավորությունից: Ստացվում է, որ Կառավարության այս արտոնությունից կօգտվեն միայն արտասահամանյան ընկերությունները:
Գործադիրը հիմնավորում է, թե այս որոշումը կնպաստի զբոսաշրջության աճին, բայց FlyOne Armenia-ում նկատում են, որ մեծ թվով ռուս ուղևորներ «Զվարթնոց» օդանավակայանն օգտագործում են ընդամենը տարանցման՝ տրանզիտի համար: Օրինակ՝ նույն Wizz Air-ը տարանցում չունի, այս ընկերության բոլոր ուղևորները պարտավոր են հատել Հայաստանի սահմանը, հետո ճամփորդությունը շարունակելու համար թեկուզ մի քանի րոպե անց նորից մտնել օդանավակայան: Այսինքն՝ բյուջեից փոխհատուցում կտրամադրվի բոլոր ուղևորների համար, բայց ոչ բոլորը որպես զբոսաշրջիկ Երևան դուրս կգան: Բացի այդ, այս դեպքում էլ հայկական փոխադրողները կարող են հայտնվել անհավասար պայմաններում, որովհետև այդ թվում՝ FlyONe-ն իր ուղևորներին առաջարկում է տարանցում՝ առանց սահմանը հատելու շարունակել ճամփորդությունը, հետևաբար Կառավարության արտոնությունից այս դեպքում չեն օգտվի:
«Կոնկրետ այդ միջոցները պետք է ուղղվեն մի ուղղությամբ, որի նպատակին չեն ծառայելու, այսինքն՝ որոշման հիմքում դրված է հիմնավորումը, որ զբոսաշրջիկը պայմանական՝ 2 կամ 3 օր գտնվելու է ՀՀ տարածքում և իր ազդեցությունն է ունենալու տնտեսության զարգացման գործընթացին», - ասաց Արամ Խաչատրյանը:
FlyOne Armenia-ն և Shirak avia-ն մտավախություն ունեն, որ անգամ Երևանում բազավորվելու դեպքում արտասահմանյան ավիաընկերությունները Հայաստանում շահութահարկ չեն մուծի, թեև Կառավարության պահանջներից է նաև հայաստանյան մասնաճյուղի բացումը: Շեշտում են, ի վերջո, տեղական ընկերությունները զուտ միայն փոխադրող չեն:
«Պարունակում է ազգային ավիաընկերության էլեմենտներ: Մեր առջև ունենք վառ օրինակ, թե 44-օրյա պատերազմի ընթացքում օտարերկրյա ավիափոխադրողներն ինչ վարքագիծ ունեցան, օդանավակայանը դատարկ էր մնացել», - նկատեց Արամ Խաչատրյանը:
Փոխհատուցման համար Կառավարության պահանջներից է, որ ավիաընկերությունն առնվազն մեկ պարտադիր ուղղություն ունենա Գյումրիից, սակայն Wizz Air-ը Գյումրիից թռիչքների մասին չի հայտնել: Երևանյան ասուլիսում պատասխանելով երկրորդ քաղաքից թռիչքների հնարավորության մասին հարցին՝ ավիաընկերության գործադիր տնօրենն անորոշ պատասխան է տվել:
Wizz Air-ը՝ որպես բյուջետային ավիաընկերություն, էժան ավիատոմսեր է վաճառում, Երևանից թռիչքները հաճախ 40-ից 50 դոլարի սահմաններում են, այսինքն՝ Կառավարության փոխհատուցած 20 հազար դրամի չափով: Որոշումը օրերս խորհրդարանում քննադատեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը, բայց վարչապետը հակադարձեց: Նիկոլ Փաշինյանի
գնահատմամբ՝ սա օտարերկրյա ուղիղ ներդրում է և ազդակ դրսի այլ բիզնեսներին: Առայժմ որևէ այլ ավիաընկերություն չի հայտարարել Հայաստանում բազավորվելու մասին: