Մատչելիության հղումներ

Թեհրանը հաստատում է՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է


Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչի

«Օմանի և ԱՄՆ-ի գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների 4-րդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով», - X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին՝ նշելով, որ բանակցությունների միջոցով լուծում գտնելու Թեհրանի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։

«Մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված գործարքի հասնելու հարցում», - գրել է Արաղչին։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային էր հաստատել, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև Հռոմում մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է։

Բաղային նշել էր, որ հանդիպման հետաձգման որոշումը Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարարինն է, իսկ բանակցությունների հաջորդ փուլի օրը նախօրոք կհայտարարվի։

Իրանցի պաշտոնյան ընդգծել էր, որ «Թեհրանը հավատարիմ է դիվանագիտական ճանապարհով Իրանի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու, միակողմանի պատժամիջոցներին վերջ դնելու իր ջանքերին»՝ հավելելով, որ «վճռականորեն կշարժվեն դեպի արդար, ողջամիտ և կայուն համաձայնագիր»։

Նախօրեին Axios պարբերականը՝ հղում անելով երեք աղբյուրների, գրել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շաբաթ օրը Հռոմում նախատեսված բանակցությունների չորրորդ փուլն ամենայն հավանականությամբ կհետաձգվի։ Բանակցությունների միջնորդ Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին էլ որպես հետաձգման պատճառ նշել էր «լոգիստիկ» խնդիրները։

Վաշինգտոնը և Թեհրանը վերջին մեկ ամսվա ընթացքում երեք բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համաձայնագրի շուրջ՝ ֆինանսական պատժամիջոցների վերացման դիմաց։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանի միջուկային զենք ունենա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG