Վարչապետ Փաշինյանն անգամ չհամբերեց, որ ոգևորված ու հիացած հանդիսատեսի ծափերն ավարտվեն, ընդհատեց, որ իր պատկերացրած «Իրական Հայաստանի» քարոզը սկսի. «Ներկայացումը չտվեց հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է Թևոսի և Մինասի հարցի պատասխանը»:
Նիկոլ Փաշինյանը կիրակի Բյուրական էր հասել «Ցանկապատ» ներկայացումը դիտելու, որ Ստեփան Զորյանի պատմվածքի մոտիվներով է բեմադրվել: Ներկայացումը Փաշինյանը հավանել էր, ուղերձը՝ կարծես չէր հասկացել: Չթողեց, որ դերասանները բեմից հեռանան, տեղում պահանջեց բացատրել՝ ինչ են ուզում ասել շարքային հանդիսատեսին:
Ներկայացումը հարևաններ Մինասի ու Թևոսի պապական կռվի մասին է , որ ամեն տարի բորբոքվում է մի փոքր հողակտորի համար, երբ հարևանները փորձում են ցանկապատն ուղղել՝ յուրաքանչյուրն իր օգտին: Հարևանների վեճին վերջ է դնում պատերազմը, երկուսն էլ բռնում են գաղթի ճամփան, ցանկապատն էլ քանդում: Նիկոլ Փաշինյանն ասում էր պատմությունից իր հետևությունն արել է մինչև ներկայացումը, բայց պահանջում էր մյուսներին էլ ուղիղ ասել՝ ինչ հետևություն անեն:
«Գիտեք՝ ինչ մեր ներկայացումներն ու այս կարգի բեմադրությունները միշտ ավարտվում են ինչ-որ անորոշ ու հուզական ուղերձով: Տենց էլ չենք հասկանում՝ այնուամենայնիվ, լավ, այս ամեն ինչից հետևությունը որն է», - ասում է Փաշինյանը:
«Ներկայացումը լուծում չի տալիս, ներկայացումը հարց է բարձրացնում». Թոխատյան
Հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով ու բոլորի համար պարտադրված ուղերձով, դա քարոզչություն է, ասում է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը:
Թոխատյանը դիտել է Փաշինյանի հայտնի տեսանյութը ու այդպես էլ չի հասկացել՝ ինչ էր նրա ուզածը: «Ես ինձ համար եմ հետևություն արել: Գիտեք՝ ինչ, հնարավոր է, որ չհամընկնի մնացած հանդիսատեսի, կամ ոմանց հետ, կամ դերասանների հետ: Բայց ես իմ հետևությունն եմ արել ու դա ես ինքս տարել եմ տուն, կիսվել եմ իմ ընկերների հետ, դա է ավելի կարևոր, քան այդպես մասայական ուղղություն տալ, հատկապես ուղղություն տալ արվեստագետին, չեմ կարծում, որ դա ճիշտ է», - ասում է դերասանը:
Հանդիսատեսը, եթե նույնիսկ երկրի ղեկավարն է, կարող է կարծիք հայտնել, անգամ իր դժգոհությունը, բայց ստեղծագործող մարդկանց ուղղորդելու իրավունք չունի, -ա սում է Թոխատյանը. «Ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա»:
Նիկոլ Փաշինյանի հարցերին երեկ փորձում էր պատասխանել ներկայացման ռեժիսոր ու սցենարի հեղինակ Տիգրան Գյուլումյանը: Բայց վարչապետը չէր հանդարտվում, օգնության հասավ մի հանդիսատես, թե հայրենասիրության, հողը պաշտպանելու մասին էր ասելիքը, Փաշինյանի համար դա էլ պարզ չէր:
Բոլորիդ հրավիրում եմ Կիրանց՝ տեսնելու, թե ինչպես է դրվում ցանկապատ և ստեղծվում Հայաստան. Փաշինյան
Ստեփան Զորյանի պատմվածքում իրադարձությունները զարգանում են 1920 թվականի պատերազմի օրերին, Նիկոլ Փաշինյանն այս առիթը օգտագործեց ու անցավ իր օրերի ցանկապատին՝ Կիրանցի սյուների թեմային, որ բաժանում է հայ-ադրբեջանական սահմանը: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մեր այսօրվա ռազմավարությունն ամբողջը դնել ցանկապատ և ստեղծել Հայաստան, ոչ թե քանդել ցանկապատ և ստեղծել Հայաստան: Հիմա սա ինչքանով է իրատեսական և ճիշտ: Ես հրավիրում եմ բոլորիդ գնալ Կիրանց և տեսնել, թե ինչպես է դրվում ցանկապատ և ստեղծվում Հայաստան, թե ինչպես է դրվում ցանկապատ և ստեղծվում անվտանգություն, բարեկեցություն», - ասում է վարչապետը:
Փաշինյանի ելույթն արդեն կապ չուներ ներկայացման բովանդակության հետ: Հայաստան կառուցելու համար պետք է ցանկապատ դնել, եթե չկա ցանկապատ, չկա Հայաստան, Նիկոլ Փաշինյանը բացատրում էր ներկայացման դերասաններին ու հանդիսատեսին:
Փաշինյանը այս հարցի պատասխանը չէր գտել 1920 թվականի մասին պատմող ներկայացման մեջ, եթե ինքը լիներ այս ասելիքը կասեր, ու դժգոհեց, որ չկար դա ներկայացման մեջ. «Այսօր մեր կառավարության քաղաքականությունն է դնել ու ամրացնել այդ ցանկապատը, և չափսոսալ որ այդ ցանկապատը մեզ սահմանափակում է, որ մենք անցնենք ցանկապատի այն կողմը, այլ ֆիքսել՝ այդ ցանկապատը նույն կերպ սահմանափակում է ուրիշներին անցնել այս կողմը: Եթե ես լինեի, ես այս ասելիքը հստակ կասեի: Իմ կարծիքով դուք սա էլ հստակ չասեցիք, բայց մյուս բաներն էլ չասեցիք հստակ», -ասաց նա:
Հրանտ Թոխատյանը հույս ունի, որ Փաշինյանի դիտողություններից ու ծավալած քննարկումից հետո «Ցանկապատը» չի խմբագրվի այնպես, ինչպես նա է պատկերացնում. «Այ, եթե հիմա ցանկապատը, Աստված չանի, սկսեն փոփոխության ենթարկել, այ դա կլինի, իսկապես, խայտառակություն, թեև ես հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենան», - ասաց դերասանը, հավելելով. «Թող հավաքի դերասանների խումբ ու բեմադրություններով զբաղվի: Թող ինքը բեմադրի այնպես, ոնց ինքը գտնում է ճիշտ: Այդ ժամանակ հանդիսատեսն արդեն ընտրության բան կունենա՝ կգնա կնայի Փաշինյանի «Ցանկապատը», թե ոչ»: