Ուկրաինան, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի օգնությամբ, կարող է վերադարձնել Ռուսաստանի գրավված բոլոր տարածքները՝ Վլադիմիր Զելենսկիի հետ երեկ Նյու Յորքում հանդիպումից հետո առաջին անգամ հայտարարել է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահը, որը կարծես կտրուկ փոխել է իր հռետորաբանությունը Մոսկվայի նկատմամբ, ասել է, թե նման եզրահանգման է եկել ամբողջությամբ հասկանալով Ռուսաստանում և Ուկրաինայում տիրող ռազմա-տնտեսական վիճակն ու Ռուսաստանում առկա տնտեսական դժվարությունները: Մինչ այդ՝ ՄԱԿ-ի վեհաժողվի շրջանակում, նա հանդիպել էր Վլադիմիր Զելենսկիին:
«Պուտինն ու Ռուսաստանը տնտեսական լուրջ դժվարությունների են բախվում, և հիմա Ուկրաինայի համար գործելու ժամանակն է»,- սոցցանցում գրել է Թրամփը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն կշարունակի Ուկրաինային զենք մատարարարել։ Ըստ նրա՝ Ռուսաստանը երեքուկես տարի անհաջող պատերազմում է Ուկրաինայի դեմ, մինչդեռ «իսկական ռազմական տերությունը» կհաղթեր մեկ շաբաթում:
Մինչ այդ ՄԱԿ-ի իր ելույթում Սպիտակ տան ղեկավարը կրկնել է՝ «խիստ մաքսատուրքեր» կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե այն չդադարեցնի պատերազմը: Եվրոպան իր հերթին պետք է դադարեցնի ռուսական էներգակիրների գնումը, շեշտել է նա։ «Եթե Ռուսաստանը պատրաստ չէ պատերազմը դադարեցնելու գործարք կնքել, ապա ԱՄՆ-ն լիովին պատրաստ է շատ խիստ մաքսատուրքեր սահմանել, որոնք, կարծում եմ, շատ արագ կկանգնեցնեն արյունահեղությունը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Զելենսկի. Թրամփի գրառումը «մեծ տեղաշարժ է» նրա դիքորոշման մեջ
Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե կա ըմբռնում, որ Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տալ պատերազմի ավարտից հետո: Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Թրամփի գրառումը «մեծ տեղաշարժ է» նրա դիքորոշման մեջ, ապա հավելել՝ ԱՄՆ նախագահը միակն է, որ կարող է փոխել խաղի կանոնները:
«Թրամփն այն մարդն է, որը կարող է արմատապես փոխել ամեն ինչ ... աշխարհում այսօր այնքան էլ շատ չեն այն դերակատարները, որոնք կարող են փոխել խաղի կանոնները, միայն Թրամփը կարող է», - ասել է Ուկրաինայի առաջնորդը:
Երեկ տեղի է ունեցել նաև Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ Զելենսկին հայտարարել է՝ Վլադիմիր Պուտինը վախենում է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցելուց: Նա նաև ասել է՝ եթե Չինաստանն իսկապես ցանկանում է, որ պատերազմը դադարեցվի, ապա կարող է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Մինչդեռ Պեկինը, ըստ նրա, հաճախ լուռ է և անտարբեր՝ խաղաղությունը ակտիվորեն խթանելու փոխարեն: «Առանց Չինաստանի պուտինյան Ռուսաստանը ոչինչ է»,- ասել է Զելենսկին։
Կրեմլից հակադարձում են
Կրեմլի խոսնակն արձագանքել է Թրամփին՝ պնդելով, որ երկրի տնտեսությունը կայուն է, իսկ ռուսական զորքը դանդաղ առաջ է շարժվում՝ կորուստները նվազագույնի հասցնելու համար: Ըստ Դմիտրի Պեսկովի՝ Թրամփի գնահատականը հիմնված է միակողմանի տվյալների վրա, որ նրան փոխանցել է Զելենսկին:
«Փորձը ցույց է տալիս, որ նրանց համար, ովքեր հիմա պատրաստ չեն բանակցել, վաղը և մյուս օրը իրավիճակը շատ ավելի վատ կլինի», - ասել է Կրեմլի խոսնակը:
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հայտարարել է, որ հիմա մտել են մի շրջան, որը շատ արագ կարող է սրվել: ԱՄՆ-ն հանձնառու է խաղաղ ճանապարհով կարգավորելու ուկրաինական հակամարտությունը, սակայն նախագահի համբերությունն անսահման չէ։
«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Բայց եթե ... կարճաժամկետ հեռանկարում չլինի խաղաղության տանող ուղի, ապա ԱՄՆ-ն և նախագահ Դոնալդ Թրամփը կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ սահմանելու այս շարունակվող ագրեսիայի գինը», - շեշտել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Այս ֆոնին ՆԱՏՕ-ն դատապարտել է վերջին օրերին Ռուսաստանի կողմից եվրոպական մի քանի երկրի օդային տարածքը խախտելու դեպքերը և պահանջել է դադարեցնել դրանք: «ՆԱՏՕ-ն և դաշնակիցները կօգտագործեն … ռազմական և ոչ ռազմական բոլոր անհրաժեշտ գործիքները՝ իրենց պաշտպանելու և բոլոր ուղղություններից եկող ցանկացած սպառնալիք կանխելու համար»,- ասվում է դաշինքի հայտարարությունում:
Թրամփն իր հերթին Զելենսկիի հետ հանդիպիմանն ասել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, որոնք խախտում են նրանց օդային տարածքը: