Մատչելիության հղումներ

Թրամփը 10 օր տվեց Մոսկվային պատերազմն ավարտելու հարցում առաջընթացի համար


Նախագահ Դոնալդ Թրամփը Շոտլանդիայից վերադառնում է Միացյալ Նահանգներ, 29-ը հուլիսի, 2025թ.
Նախագահ Դոնալդ Թրամփը Շոտլանդիայից վերադառնում է Միացյալ Նահանգներ, 29-ը հուլիսի, 2025թ.

ԱՄՆ նախագահը տասն օր ժամանակ է տվել Ռուսաստանին՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցում առաջընթաց գրանցելու համար, հակառակ դեպքում Վաշինգտոնը կսկսի նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ մաքսատուրքեր: Դոնալդ Թրամփը, որը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ կրճատում է Մոսկվային ավելի վաղ տված 50-օրյա վերջնաժամկետը, լրագրողներին ասել է, որ դեռ պատասխան չի ստացել Ռուսաստանից, ապա հավելել՝ նոր վերջնաժամկետի հաշվարկն սկսվում է հուլիսի 29-ից։

«Տասն օր այսօրվանից սկսած: Իսկ հետո մաքսատուրքեր և պատժամիջոցներ կլինեն։ Չգիտեմ՝ դա կազդի Ռուսաստանի վրա, թե՝ ոչ, բայց քանի որ Ռուսաստանն ակնհայտորեն ցանկանում է շարունակել պատերազմը, մենք մաքսատուրքեր կսահմանենք», - երեկ ասել է Թրամփը:

Հանրապետական մի շարք սենատորներ դեռ ապրիլին էին ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր օրինագիծ, որը թիրախավորում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ ռազմական, ֆինանսական և էներգետիկ: Ընդունվելու դեպքում այն ամերիկյան հաստատություններին կարգելի գործարքներ անել ռուսական ընկերությունների հետ։

Փաթեթը ներառում է նաև երկրորդային մաքսատուրքեր, այսինքն՝ ԱՄՆ-ն կսկսի մաքսատուրքեր գանձել այն երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ, որոնք առևտուր են անում Ռուսաստանի հետ, գնելով, այդ թվում՝ ռուսական նավթն ու գազը, ինչի շնորհիվ Մոսկվան ֆինանսավորում է Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող պատերազմը: Թրամփը նախկինում սպառնացել է նման մաքսատուրքեր սահմանել Չինաստանի, Թուրքիայի և Հնդկաստանի նկատմամբ:

Արևմուտքն առ այսօր ռուսական նավթի գինը սահմանափակելու ռազմավարություն է կիրառել՝ փորձելով, առանց համաշխարհային շուկան ցնցելու, սահմանափակել Մոսկվայի նավթային եկամուտները: Սակայն Պուտինին զսպել դրանով հիմնականում չի հաջողվել:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն, իր հերթին, հայտնել է, որ այս շաբաթ Չինաստանի պաշտոնյաների հետ քննարկել է երկրորդական պատժամիջոցների հարցը և հայտնել, որ Պեկինը կարող է բախվել բարձր մաքսատուրքերի, եթե շարունակի ռուսական նավթի գնումները։

«Չինացիները շատ լուրջ են վերաբերվում իրենց ինքնիշխանությանը։ Մենք չենք ուզում խոչընդոտել նրանց ինքնիշխանությանը։ Այնպես որ, եթե ցանկանում են վճարել 100 տոկոս մաքսատուրք, ... խնդրեմ», - նշել է Բեսենթը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն էլ ասել է, որ Վաշինգտոնը քննարկում է Մոսկվայի վրա տնտեսական ճնշում գործադրելու մի շարք միջոցառումներ: Թեմի Բրյուսը նշել է, որ ԱՄՆ նախագահը համբերատար է, և գուցե ոմանք դա սխալ են հասկացել: Թյուրըմբռնումների ժամանակը, ամեն դեպքում, անցել է, և Մոսկվան պետք է լուրջ վերաբերվի Թրամփի հայտարարություններին, հավելել է ամերիկացի պաշտոնյան:

«Ակնհայտ է՝ նախագահ Թրամփն ապացուցել է, որ իրեն պետք է լուրջ ընդունել, քանի որ նա լուրջ մարդ է։ Եվ մենք դրա արդյունքները տեսել ենք ամբողջ աշխարհում», - ընդգծել է Բրյուսը:

Մոսկվայի արձագանքը չի ուշացել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանի նկատմամբ մեծ թվով պատժամիջոցներ են սահմանված, և սովորել են դրան, տնտեսությունն էլ գործում է այդ պայմաններում:

«Բնականաբար, մենք որոշակի իմունիտետ ենք ձեռք բերել։ Մենք շարունակում ենք ֆիքսել բոլոր հայտարարությունները, որ այս հարցի վերաբերյալ անում են նախագահ Թրամփը և համաշխարհային այլ ներկայացուցիչներ», - նշել է Պեսկովը:

Չնայած Թրամփի սպառնալիքներին՝ ռուսական զորքը շարունակել է հարվածները. գիշերը «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով հարվածել են Ուկրաինայի ցամաքային զորքերի՝ Չեռնիգովում գտնվող ուսումնական ստորաբաժանմանը, սպանվել է երեք, վիրավորվել՝ առնվազն 22 զինծառայող: Հարվածել են նաև Կամենսկոե քաղաքում գտնվող հիվանդանոցի, սպանվել է երեք, վիրավորվել՝ 22 մարդ, որից տասը՝ հիվանդանոցի անձնակազմից: Ռուսական հարվածներից ևս մեկ զոհ կա Դոնեցկում, երեք մարդ էլ տուժել է Խարկովում:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռուսաստանին: Կուրսկում անօդաչուի հարվածից կա մեկ զոհ: Բելգորոդում անօդաչուն հարվածել է բազմաբնակարան շենքի, տուժածներ չկան:

Ուկրաինայի նախագահը, անդրադառնալով ռուսական զինուժի շարունակվող հարվածներին, ասել է, որ Ռուսաստանը լիովին արհամարհում է բոլոր նրանց, ովքեր փորձում են վերջ դնել այս արյունալի պատերազմին։ Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ Մոսկվայի հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով, որպեսզի դադարեցնի պատերազմը:

«Անհրաժեշտ են ավելի շատ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, հետևողական աջակցություն Ուկրաինային և մեր կյանքը պաշտպանելու համար, նաև համակարգված դիվանագիտություն՝ հանուն խաղաղության», - հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ «իրատեսական» է՝ հաշվի առնելով, որ Պուտինը մերժում է հրադադարը, խուսափում առաջնորդների մակարդակով հանդիպումներից և երկարաձգում պատերազմը։

Ըստ Անդրեյ Սիբիգայի՝ Պուտինը պատերազմը կդադարեցնի, միայն երբ Արևմուտքը պատժամիջոցների միջոցով կոտրի ռուսական տնտեսության ողնաշարը և զրկի պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունից: ԱՄՆ-ը, Եվրոպան և Մեծ յոթնյակի երկրներն ունեն բավարար ուժ դա անելու համար, հավելել է նա:

«Հիմա ճիշտ պահն է։ Ժամանակն է ամրապնդել պատժամիջոցների միասնական և ուժեղ բռունցքը և ամբողջ ուժով հարվածել Ռուսաստանի ռազմական բյուջեին», - ասել է Սիբիգան:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG