ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել հեղինակավոր The New York Times-ին՝ պահանջելով 15 միլիարդ դոլար փոխհատուցել զրպարտության համար։ Լրատվամիջոցը մինչ այս պահը հրապարակային մեկնաբանություն չի արել։
Ֆլորիդայի դատարան մուտքագրված հայցով փաստաբանները պնդում են, թե The New York Times-ը տասնամյակներ շարունակ դիտավորյալ ու չարամտորեն զրպարտում է Թրամփին։
Իրեն պատկանող Truth Social հարթակում Թրամփն անձամբ է ազդարարել դատական հայցի մասին՝ համաշխարհային առաջատար լրատվամիջոցներից մեկին անվանելով «Միացյալ Նահանգների պատմության վատագույն ու ամենադեգեներատիվ թերթերից մեկը», որն, ըստ նախագահի, Դեմոկրատական կուսակցության խոսափողն է դարձել․
«Չլսված մի բան․ աջակցությունը Քամալա Հարիսին կենտրոնական տեղ է զբաղեցրել The New York Times-ի առաջին էջում։ Times-ը տասնամյակներ շարունակ ստել է ձեր սիրելի նախագահի, իմ ընտանիքի, բիզնեսի, «Ամերիկան առաջինը» շարժման, MAGA-ի և մեր ազգի մասին»:
Թրամփը լրատվամիջոցի հասցեին շատ սուր է արտահայտվում․ - «Շատ անազնիվ թերթ է, աղբ է, նրանք կեղծ աղբյուրներ ունեն կամ ընդհանրապես չունեն, ձախողված թերթ է։ Նրանք դա չպետք է անեն, նրանք մարդկանց թշնամիներն են»:
Լրատվամիջոցին նաև նախագահի թիմում են քննադատում, շաբաթներ առաջ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթն էր The New York Times-ի լրագրողին խայթում․ - «Ամենայն հարգանքով, միայն The New York Times-ի լրագրողը կարող էր նման հարց տալ»:
Չնայած այս քննադատություններին՝ ավելի քան 150 տարի առաջ հիմնադրված The New York Times-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների ամենամեծ թվով բաժանորդներ ունեցող թերթը։ Անցած ամսվա տվյալներով այն առնվազն 12 միլիոն ընթերցող ունի։
Դոնալդ Թրամփն իրեն քննադատող լրատվամիջոցների հասցեին դեռ առաջին պաշտոնավարման շրջանից է սուր արտահայտվում, և սա The New York Times-ի դեմ նրա առաջին հայցը չէ։
2023 թվականին դատարանը մերժել էր նրա հայցը՝ ընդգծելով, որ դրանում առկա պնդումները սահմանադրական իրավունքին համապատասխան չեն։
Նույն տարում Թրամփը պարտվել էր նաև CNN-ի դեմ գործով՝ ԱՄՆ նախագահը լրատվամիջոցից մոտ կես միլիարդ դոլար էր պահանջում իրեն իբր Ադոլֆ Հիտլերի հետ համեմատելու համար։ Լրատվամիջոցը «մեծ սուտ» (big lie) էր անվանել Թրամփի պնդումը, թե 2020-ի նախագահական ընտրություններն իրենից գողացել են։ Թրամփի թիմը դատարանում վիճարկում էր, թե «մեծ սուտ» արտահայտությունը նացիստական Գերմանիայի քարոզչական հնարքն էր հրեաների ցեղասպանությունն արդարացնելու համար։ Դատավորը CNN-ի հրապարակման մեջ զրպարտություն չէր տեսել։
Զրպարտության գործերով նաև այլ ելքեր են եղել․ անցած տարեվերջին ABC News-ը համաձայնեց Դոնալդ Թրամփին 15 միլիոն դոլար վճարել՝ դատական հայցը լուծելու համար։ Հեռուստաընկերության մեկնաբանը սխալմամբ ասել էր, թե Թրամփը «պատասխանատու է բռնաբարության համար»։
Ամիսներ առաջ էլ Paramount-ը համաձայնել էր 16 միլիոն դոլար վճարել CBS News -ով հեռարձակվող «60 րոպե» հաղորդման գործով։ Թրամփը հայցում պնդում էր, թե նախընտրական շրջանում հեռուստաընկերությունը մոնտաժել է Քամալա Հարիսի հետ արված հարցազրույցը՝ այն հօգուտ դեմոկրատների ներկայացնելու համար։
Լրագրողական կազմակերպությունները զգուշացրել են՝ դատարանում պաշտպանվելու փոխարեն Դոնալդ Թրամփի հետ համաձայնության գալով լրատվամիջոցները նրան խրախուսում են շարունակել հայցեր ներկայացնել։