Մինչ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ երկու շաբաթից կասի՝ արդյոք Միացյալ Նահանգներն ուղիղ կմասնակցի պատերազմին, թե՝ ոչ, իսկ Իրանի գլխավոր դիվանագետը մեկնել է Եվրոպա՝ բանակցությունների, Իսրայելն ու Իրանը արդեն 8-րդ օրը հարվածում են միմյանց:
Իրանն առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքին, կա 7 տուժած, այրվել են մեքենաներ, վնասվել են տներ: Հաղորդվում է, որ թիրախում եղել են ՏՏ ընկերություններ, որոնք կիբեռանվտանգության ծառայություններ են մատուցում պաշտպանության նախարարությանը: Հարվածել են նաև Հայֆայի և Թել Ավիվի ռազմարդյունաբերական օբյեկտներին: Օրվա երկրորդ կեսին Իրանը վերսկսել է հարվածները, արդ թվում՝ Նեգևին:
Իսրայելը ևս հարվածել է Իրանի ռազմական և միջուկային տասնյակ օբյեկտների, Թեհրանում՝ նաև բնակելի շենքի: Բանակի խոսնակն ասել է, որ Թեհրանում հարվածել են նաև հատուկ նշանակության ուժերի շտաբին:
«Մեր հարձակումներն ուղղված են իրանական ռեժիմի յուրաքանչյուր ռազմական օբյեկտի դեմ։ Դրանք Իսրայել պետությանը սպառնացող վտանգի մաս են։ Մեր գործողությունները խոսում են իրենց մասին, նրանք, ովքեր գործում են մեր դեմ, ծանր գին են վճարում», - հայտարարել է Էֆի Դեֆրինը:
Իսրայելը հաղորդել էր, թե հարվածել են նաև Բուշերի ատոմակայանին, սակայն ավելի ուշ հերքել է: Այն շահագործող «Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է, որ ատոմակայանը նորմալ աշխատում է: Ալեքսեյ Լիխաչևը զգուշացրել է, որ Բուշերին հարվածելն աղետալի հետևանքներ կունենա: Կրեմլից էլ ասել են, թե Իսրայելը Ռուսաստանին երաշխավորել է, որ այս օբյեկտին չեն հարվածի:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իրենց նպատակը Իրանի ղեկավարության փոփոխությունը չէ, այլ՝ Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների սպառնալիքը վերացնելը:
«Ռեժիմի փոփոխության հարցն առաջին հերթին Իրանի ժողովրդի գործն է ... Հետևաբար, ես դա չեմ սահմանել որպես պաշտոնական կամ հայտարարված նպատակ. դա կարող է լինել արդյունքը, բայց մեր գործողության հստակ նպատակը չէ», - ասել է Բենյամին Նեթանյահուն:
Նա պնդել է, որ Իսրայելն ունի անհրաժեշտ բոլոր հնարավորությունները՝ ոչնչացնելու Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը, անկախ նրանից՝ ԱՄՆ-ը կմասնակցի՞ այդ գործողությանը, թե՞ ոչ։
Այս ֆոնին այսօր Ժնևում սպասվում է Իրանի արտգործնախարարի հանդիպումը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ պաշտոնակիցների հետ: Ժնև մեկնելուց առաջ Աբբաս Արաղչին ասել է, որ բանակցությունները կվերաբերեն միայն միջուկային ծրագրին, հրթիռների արտադրության ծրագիրը չի բանակցվում, ապա նշել է, որ ԱՄՆ-ի հետ մտադիր չեն բանակցել, քանի որ ԱՄՆ-ը մասնակցում է «Իրանի դեմ իրականացվող հանցագործություններին»:
Նախքան ժնևյան հանդիպումը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում Արաղչին ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը դավաճանություն է դիվանագիտության նկատմամբ. հարձակումից երկու օր անց միջուկային ծրագրի հարցով Իրանը պետք է հանդիպեր ԱՄՆ-ի հետ:
«Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումները ռազմական ծանր հանցագործություններ են ... Մենք վճռական ենք՝ պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ողջ ուժով», - ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Իրանի նախագահը հայտարարել է, որ պարտադրված պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը հարձակումներն առանց նախապայմանների դադարեցնելն է։ Մասուդ Փեզեշքիանը նշել է՝ պետք է նաև երաշխիքներ տրվեն, որ դրանք չեն կրկնվի: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն էլ ասել է, որ Իսրայելը դեռ շատ բան ունի անելու Իրանում, նախքան կդադարեցվի պատերազմը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն, իր հերթին, Ժնևի հանդիպումից առաջ ասել է, որ հաջորդ երկու շաբաթում ժամանակ կա խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
Ֆրանսիայի նախագահն էլ հայտնել է, որ Իրանին կառաջարկվի ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումը, համաձայնել, որ վերահսկվեն բալիստիկ հրթիռների արտադրության ծրագիրն ու Թեհրանի պրոքսիների ֆինանսավորումը, նաև ազատ արձակել բանտերում պահվող օտարերկրացիներին: Էմանյուել Մակրոնը շեշտել է՝ քաղաքացիական ենթակառուցվածներին հարվածները պետք է դադարեցվեն:
«Կարծում եմ՝ այսօր շարունակվող հարձակումները, որոնք ազդում են էներգետիկայի կամ քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության վրա, պետք է անպայման դադարեցվեն: Եվ որևէ արդարացում չկա դրա համար», - ասել է Մակրոնը:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման սահմանափակումները, սակայն այն լիովին դադարեցնելու առաջարկը կմերժեն՝ հատկապես հիմա, որբ Իսրայելի դեռ հարվածում է:
Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երկու շաբաթում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն ուղիղ կմասնակցի՞ Իրանի վրա հարձակմանը, թե՞ ոչ: Հայտարարությունում, որն ընթերցել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիտը, Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ այդպես է որոշել, քանզի գուցե դեռ Իրանի հետ հնարավոր լինի բանակցել. - «Հիմնվելով փաստի վրա, որ մոտ ապագայում Իրանի հետ բանակցությունների մեծ հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ ոչ, ես առաջիկա երկու շաբաթում կորոշեմ՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ»։
Իրանը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն ուղիղ մասնակցի Իսրայելի հարձակումներին, ապա կհարվածեն տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին: Իրաքի իրանամետ աշխարհազորայինները ևս խոստացել են նման հարվածներ հասցնել:
Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հեզբոլա» շարժման ղեկավար Նաիմ Քասեմը հայտարարել է, որ Իրանին կաջակցեն այնպես, ինչպես անհրաժեշտ համարեն: Իսրայելի պաշտպանության նախարարն էլ կոչ է արել զգույշ լինել՝ հավելելով, որ եթե որևէ բան ձեռնարկեն, ապա Իսրայելը կոչնչացնի «Հեզբոլա»-ն: Իսրայել Կացը նաև հրահանգել է ակտիվացնել Թեհրանում կառավարական կառույցների վրա հարձակումները:
Իրանը երեկվանից ամբողջ երկրում արգելափակել է ինտերնետ կապը: Տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին տարհանում են թե՛ Իրանից, թե՛ Իսրայելից: Իրանցիներն իրենք շարունակում են դուրս գալ երկրից: Բեռնափոխադրող Maersk-ը հայտնել է, որ ընկերության նավերը ժամանակավորապես մուտք չեն գործի իսրայելական Հայֆա նավահանգիստ: