Մատչելիության հղումներ

Ծառայության ժամկետը կես տարով կրճատելու նախաձեռնությանը զուգահեռ, փոխնախարարը հայտարարում է՝ զորքի թվաքանակը չի հերիքում


Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 30-ը սեպտեմբերի, 2025թ.
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 30-ը սեպտեմբերի, 2025թ.

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ բանակը համալրման խնդիր ունի, բարձրաստիճան պաշտոնյան պնդեց՝ նաև այդ պատճառով են ստիպված վարժական հավաքի մասնակիցներին ներգրավել մարտական հերթապահության:

«Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության», - ասաց Սարգսյանը:

Ռազմական գերատեսչության պաշտոնյան խորհրդարանում այսօր ներկայացնում էր վարժական հավաքներին առնչվող հերթական խստացումները: Փոխնախարարի հայտարարությանը նախորդել էր դրանց կազմակերպման վերաբերյալ պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Գեղամ Մանուկյանի քննադատությունը:

«Լավ օրից չի, որ այդ վարժական հավաքները կան, դրա համար միշտ քննարկումներին սրտացավ մասնակցում եմ, որովհետև հասկանում ենք, որ մարտական հերթապահության պրոբլեմ կա, որովհետև հասկանում ենք, որ մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն էսօր երկու-երեք ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ պրոբլեմներ են», - հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Այս հայտարարությունից շաբաթներ առաջ նույն Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որով առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունը երկուսի փոխարեն դարձնել մեկուկես տարի: Ինչպե՞ս է Պաշտպանության նախարարությունը մի կողմից ընդունում, որ բանակում ռեսուրսի խնդիր կա, մյուս կողմից՝ ներկայացնում նախագիծ, որով այդ ռեսուրսն է՛լ ավելի կկրճատվի, փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում այս թեմային չանդրադարձավ:

Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամ Հայկ Սարգսյանը կարծում է՝ ծառայության ժամկետը կրճատելու այս նախագծին զուգահեռ պետք է լուծվի նաև ծառայությունից տարբեր մեթոդներով խուսափելու հարցը:

«Ըստ իս պետք է խնդիրները լուծվեն փաթեթով, որպեսզի մենք երբ խրախուսում ենք պարտադիր զինվորական ծառայությունը՝ կրճատելով ժամկետը, դա խրախուսող նորմ է, մենք նաև սահմանափակելով մյուս արատավոր կետերը, որոնցով քաղաքացիները հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, փորձենք զորակոչի թիվը մեծացնել, որպեսզի միավոր ժամանակահատվածում չունենանք զորակոչիկների թվի նվազում», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:

Հայկ Սարգսյանը դարձյալ պնդում է՝ բանակից անօրինական մեթոդներով խուսափողների թիվը շարունակում է խնդիր մնալ: Ըստ իշխանական պատգամավորի ունեցած տվյալների՝ 2022-23 թվականներին զորակոչման ենթակաների մոտ 31 տոկոսն է ծառայել, 24 թվականին այս թիվը մոտ 4 տոկոսով է ավելացել: 2025-ի տվյալները դեռ ամփոփված չեն:

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ խիստ քննադատում է ծառայության ժամկետը կրճատելու իշխանության նախաձեռնությունը, այսօր կրկին շեշտեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմը երկու խնդիր են փորձում լուծել. - «Իշխանությունը շտապում է նախընտրական գործընթացներում և փորձում է հասարակության մի մասի վրա այդ փոփոխությունները ծախել և դրա դիմաց ստանալ ընտրաքվե՝ հանրությանը նաև ապատեղեկացնելու և ապակողմնորոշելու ճանապարհով: Երկրորդը՝ անընդհատ Ադրբեջանին հավաստիացումներ են հրապարակային ներկայացվում այն թեմայով, որ Հայաստանը վրեժխնդրություն չունի, Հայաստանը որևէ դեպքում ռևանշի չի գնալու և այլն, և այս համատեքստում փորձում են նաև դրանով փակել Ադրբեջանի բերանը, ով վերջին տարիներին անընդհատ խոսում է Հայաստանի ապառազմականացման մասին»:

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով Կառավարությունը մտադիր է ավելի քան 15 տոկոսով կրճատել նաև ռազմական ծախսերը: Ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումները կսկսվեն այս ամսվա վերջին, մինչ այդ հայտնի է, որ Բաքուն ճիշտ հակառակն է անում: Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեում ռազմական հատկացումները ծախսային մասի 21 տոկոսը կկազմեն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG