Մատչելիության հղումներ

Վաղը Աբու Դաբիում կհանդիպեն Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը

Լրացված

Ալբանիա - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, 16-ը մայիսի, 2025թ.
Ալբանիա - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, 16-ը մայիսի, 2025թ.

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում վաղը Արաբական Միացյալ Էմիրություններում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Մոտ մեկ շաբաթ շրջանառվող այս լուրն այսօր հաստատեցին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն: Փաշինյանն Աբու Դաբի է մեկնում այսօր, այնտեղ նաև կհանդիպի Էմիրությունների նախագահի հետ:

ԱՄԷ-ում սպասվող հանդիպման մասին հայտնի էր դարձել մեկ շաբաթ առաջ՝ Լոնդոնում գործող ու Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող Middle East Eye կայքում հրապարակումից հետո: Նույն օրերին «Քարնեգի» վերլուծական կենտրոնը հրապարակել էր նաև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, այն է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառավարումը պատվիրակել ամերիկյան մասնավոր ընկերությանը:

Նախօրեին էլ Սպիտակ տանը նախագահի կաբինետի հանդիպմանը պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թվելով վերջին կես տարում ամերիկյան դիվանագիտության հաջողությունները, հույս էր հայտնել, որ շուտով գրանցված արդյունքներին կարող է գումարվել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը:

Պետքարտուղարությունում ճեպազրույցների ժամանակ էլ հարցին, թե արդյոք ամերիկյան ակտիվ միջնորդություն կա այս հարցում, և ի՞նչն է հիմք տալիս պետքարտուղարին նման լավատեսություն ունենալ, Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը պատասխանել է՝ թեման բավականաչափ կարևոր էր, որ պետքարտուղար Ռուբիոն դա առանձին նշեր:

Արդյոք Աբու Դաբիում հանդիպմանը կարող է քննարկվել նաև «Քարնեգի» կենտրոնի գաղտնազերծած առաջարկը, և հնարավո՞ր է արդյոք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ստորագրվի խաղաղության պայմանագիր: «Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը կարծում է՝ խաղաղության պայմանագիր դժվար թե ստորագրվի, գուցե կողմերը հայտարարություն համաձայնեցնեն:

«Չեմ բացառում, որ մենք հանդիպման արդյունքում ինչ-որ փաստաթղթի ստորագրման ականատես լինենք, որը կարող է լինել հայտարարություն կամ հռչակագիր: Սակայն փաստաթուղթ, այսպես ասեմ՝ խաղաղության պայմանագիր, կամ փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսված կլինեն, օրինակ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքները, քիչ հավանական է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ հավելելով. - «Քանի որ շատ գործընթացների մենք տեղյակ չենք, մենք՝ ես նկատի ունեմ գոնե փորձագիտական հանրույթը կամ փորձագիտական հանրույթի մի մասը, հետևաբար, իհարկե, մասնագիտական գնահատականներ տալը բավականաչափ բարդ է, որովհետև տեղեկույթը բավականաչափ քիչ է: Բայց այն, ինչ առկա է հրապարակային տիրույթում, նորից եմ ասում՝ քիչ հավանական է դարձնում ինչ-որ լուրջ, սկզբունքային փաստաթղթերի ստորագրումը»:

«Ինչ վերաբերում է Ռուբիոյի հայտարարության հետ կապված՝ հասկանալի է, որ ինչ-որ գործընթաց երևի թե գնում է, կամ առնվազն ամերիկացիներն ինչ-որ քայլեր ձեռնարկում են, գոնե այդ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առաջարկը ներկայացվել է, ոչ ոք չի հերքել, ուստի դա ընդունենք որպես փաստ, որ գոնե ամերիկացիները ինչ-որ առաջարկ են ներկայացրել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ կապված: Բայց նաև շատ մեծ հույսեր կապել Թրամփի վարչակազմի զանազան ներկայացուցիչների հայտարարությունների կամ հույսերի հետ, երբ նայում ենք վերջին հինգ ամիսներին՝ այն բանից հետո, երբ Թրամփը իշխանության եկավ, տեսեք, ես կարող եմ հիմա բազմաթիվ հայտարարություններ հիշել՝ սկսած Մարկո Ռուբիոյից, վերջացրած անձամբ Թրամփից, որ «մոտ ենք ռուս - ուկրաինական հակամարտությունում գոնե հրադադարի հաստատմանը», հիմա որևէ հրադադար չկա, հիմա կարծես լավատեսություն էլ չկա: Նույնը կարող ենք վերցնել ԱՄՆ-Իրան բանակցությունների հետ: Հետևաբար՝ զուտ նայելով Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունը վերջին հինգ ամիսներին, ես կարող եմ արձանագրել, որ շատ հաճախ այն հայտարարությունները կամ հույսերը, որոնք արվում են կամ ներկայացվում են կամ արտահայտվում են, որ ինչ-ինչ հարցերի լուծումը շատ մոտ է, և հույս է արտահայտվում, որ շատ շուտով կլինի վերջնական լուծում, շատ հաճախ դրանք չեն իրականանում: Հետևաբար, այսպես ասենք՝ ես կլինեմ չափավոր լավատես», - ընդգծեց փորձագետը:

Ադրբեջանն անխոչընդոտ անցում է պահանջում Հայաստանով դեպի Նախիջևան, վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ճանապարհները կարող են բացվել երկրների ինքնիշխանության ներքո, սակայն փոխադարձության սկզբունքով պարզեցված ընթացակարգ կարող է գործել:

Մարտի կեսերին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները, սակայն համաձայնագրի ստորագրում այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ առաջ քաշել:

Մարտից հետո Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին մեկ անգամ՝ մայիսին Ալբանիայի մայրաքաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG