Ի տարբերություն անցած ամիսների, Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքները հիմա շատ ցածր են, այսօր անվտանգության խնդիրներին նվիրված միջոցառմանը հայտարարեց Արտաքին հետախուզության ծառայության պետը: Քրիստիննե Գրիգորյանը միևնույն ժամանակ հավելեց՝ սպառնալիքներ այժմ կան Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ:
«Դրանք չպետք է թերագնահատել, որովհետև ժողովրդավարությունը մեր շարժման տեմպը և մեր շարժման ռեժիմն է և մեր շարժման գաղափարախոսությունն է: Եթե դա վտանգվի, դրա նկատմամբ ռիսկերը մենք չգնահատենք, սպառնալիքները չգնահատենք, որոնք մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են, և Հայաստանը էս առումով էլ բացառություն չի, դա, թերևս, գուցե լավ նորություն է, պիտի էդ սպառնալիքները տեսնենք և հասցեագրենք մեր ամենօրյա աշխատանքում», - ասաց Գրիգորյանը:
Վարչապետին ենթակա մարմնի պատասխանատուն պնդեց, թե ռազմական սպառնալիքները հիմնականում նվազել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական պայմանագրից և ձեռք բերված մյուս պայմանավորվածուիթյուններից հետո: Դրանցով Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն է ստանում, իսկ Հայաստանը՝ միջազգային ու ներպետական հաղորդակցություն՝ փոխադարձ առավելություններով:
Հայաստանի նկատմամբ հարձակման ռիսկերն, ըստ պաշտոնյայի, նվազել են նաև անցած տարի գարնանը Տավուշի հատվածում տեղի ունեցած պիլոտային սահմանազատումից հետո, երբ Ադրբեջանին վերադարձվեց չորս գյուղ:
«Նաև չպետք է մեր հաշվարկից անել կամ մոռանալ նախոչդիվ շրջանի, այդ թվում՝ սահմանազատման շրջանակներում կատարված աշխատանքը, որը ստեղծել է այդ հիմքը, Հայաստանի արտաքին քաղաքական այն ուղղվածությունը կամ մոտեցումը, որը ստեղծել է էդ հնարավորությունները, և մենք քարը քարի վրա կառուցել ենք: Բայց նաև ասեմ, որ շատ բան ունենք դեռ անելու», - նշեց Արտաքին հետախուզական ծառայության պետը:
Իսկ ո՞ր երկրներն են սպառնում Հայաստանի ժողովրդավարությանը, արդյո՞ք խոսքը Ռուսաստանի մասին է, հարցին ԱՀԾ պետը հստակ չարձագանքեց:
«Դրանք որպես կանոն շատ դեպքերում գալիս են մի քանի, գալիս են համակցված, գալիս են առանձին-առանձին: Բայց ես ձեզ կարող եմ վստահ պնդել, որ չկա, որևէ պետություն, որի ժողովրդավարության կամ կառավարման կարգի նկատմամբ կամ անվտանգությանը եկող սպառնալիքները գալիս են մեկ դերակատարից կամ մեկ պետությունից, և Հայաստանը բացառություն չի», - ասաց Գրիգորյանը:
Անվտանգության թեմայով այսօրվա քննարկմանը ներկա էր նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ելույթում կրկին պնդեց՝ անվտանգության հիմնական երաշխիքը խաղաղությունն է, և այժմ այն հաստատված է, թեև պայմանագրի վերջնական ստորագրման ու իրագործման համար Բաքուն պահանջում է Հայաստանի Սահմանադրությունը փոխել:
«Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի անվտանգություն իր անկախության ընթացքում չի ունեցել, քան ունի էսօր», - հայտարարեց Փաշինյանը:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վարչապետի հետ մասամբ համաձայն է, բայցև շեշտում է՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի առջև բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:
«Ակնհայտ է նաև, որ հայկական բանակը դեռևս չի վերականգել իր կարողությունները Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո, չնայած ինչ-որ սպառազինությունների ձեռքբերումներ իհարկե տեղի են ունենում, բայց այդ մակարդակին մենք դեռևս, կարծում եմ, տարիների ընթացքում չենք հասնելու: Եվ նաև հաշվի առնելով միջազգային դինամիկան, միջազգային միտումները՝ պետք է նշել որ առնվազն վաղաժամ է նմանատիպ պնդումներ անելը», - ընդգծեց քաղաքագետը:
Վարչապետն այսօրվա ելությում բանակի բարեփոխումների թեման չշրջանցեց՝ հարց հնչեցնելով՝ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ, և ումի՞ց ուժեղ:
«Եթե մեր ռազմավարությունն էն ա, որ մենք պետք ա ուժեղ բանակ ունենանք, համեմատաբար, մի պայմանական հակառակորդից, համեմատությամբ, իսկ ո՞րն է լինելու մեր արձագանքը, եթե պարզվի, որ մի պայմանական հակառակորդը ունի իր հետ ևս երեք կամ չորս գերուժեղ ներգրավված կողմ. ստացվելու է, որ մեր ռազմավարությունները զրո՞ են, ոչ մի բան չարժե՞ն», - նշեց
Օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո Կառավարությունից չեն բացառում՝ Հայաստանի ռազմական բյուջեն գուցե չավելանա, անցած շաբաթ էլ շրջանառության մեջ դրվեց մի նախագիծ, որի ընդունման դեպքում վեց ամսով կկրճատվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը: