Մատչելիության հղումներ

Վարչապետի շարասյան հարվածից մահացած կնոջ գործով դատաքննությունը մոտենում է ավարտին


2022 թվականին վարչապետի շարասյանն ուղեկցած առաջին մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը մոտենում է ավարտին, նիստն այսօր դեռ ընթանում է։ Մեղադրող դատախազ Արմեն Բեգլարյանը հանդես եկավ եզրափակիչ ճառով։ Նա ամփոփեց դատաքննության ընթացքում ստացված ապացույցները, պնդեց, որ մեղադրյալ Արամ Նավասարդյանը, որը ուղեկցել է վարչապետի շարասյանն իր ծառայողական «Պրադո»-ով, գերազանցել է արագությունը, կանգ չի առել և անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել տուժող Սոնա Մնացականյանին։

Մեղադրող դատախազը դատարանից պահանջեց Արամ Նավասարդյանին ճանաչել մեղավոր։

Տուժողի իրավահաջորդի՝ Մնացականյանների ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը շատ երկար չխոսեց, ասաց, որ այն, ինչ պիտի ասեր, արդեն մեղադրող դատախազն ասել է, բայց ընդգծեց, որ իրենք մնում են այն համոզմունքին, որ մայոր Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը; Ասլանյանն անդրադարձավ նաև նրան, որ խաչմերուկը պատշաճ փակ չի եղել, նշեց՝ եթե փակ լիներ, ապա Սոնա Մնացականյանը չէր կարող հայտնվել ճանապարհի վտանգավոր գոտում։ Արագության գերազանցմանը անդրադառնալով՝ փաստաբանն ասաց, որ դատաքննության ընթացքում փորձագետները դա փաստել են իրենց եզրակացություններով:

Նրա խոսքով՝ դատական նիստերը անհիմն ձգձգել է Արամ Նավասարդյանի՝ մեղադրյալի կողմը՝ մի քանի անգամ փորձաքննություններ պահանջելով: Վերջին փորձաքննության պահանջը դատարանը մերժել է։

Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանն իր ելույթում նախ մեղադրեց դատավորին, թե նա խախտել է արդար դատաքննության իրավունքը ու մերժել է փորձաքննության իրենց վերջին պահանջը: Բալոյանը պնդեց, որ փորձագետները զբաղված են եղել աճպարարությամբ, ասաց, որ վերջին նիստերից մեկում, երբ էկրաններին տեսանյութը սկսել են կադրեր առ կադր զննել, փորձագետը «կուլ է տվել կենտրոնի կադրը»՝ այդպիսով Արամ Նավասարդյանին վերագրելով արագությունը գերազանցելու մեղադրանքը, այսինքն՝ 100 կիլոմետր/ժամ արագության փոխարեն գերազանցել է արագությունը՝ հասնելով 108-ի։

Բալոյանը մեղադրեց նաև դատախազներին, ասաց՝ նրանց դեմ գուցե հետո նոր բողոքով հանդես գա, բայց դա պարզ կլինի այս գործի ավարտից հետո։ Փաստաբանի համոզմամբ՝ նրանք թույլ չեն տվել, որ քննիչն օբյեկտիվ քննություն վարի։ Մեղադրեց նաև քննիչներին, ասաց, որ նրանք փորձել են հանրային հնչողություն ստացած այս գործից արագ ազատվել և գործն արագ ուղարկել դատարան: Բացի այդ, Բալոյանը պնդեց, որ իր պաշտպանյալ Արամ Նավասարդյանի մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանը խախտել է երթևեկության կանոններն ու դուրս է եկել մեքենայի առաջ, հետո հետ քայլ արել՝ վտանգելով իրեն, պնդեց, որ Արամ Նավասարդյանին վերագրող արագության գերազանցման պատասխանատուն ոչ թե ինքը վարորդն է, այլ՝ շարասյան ղեկավարը։ Դիմելով դատարանին ասաց՝ եթե Արամ Նավասարդյանը դատապարտվի, ապա սա կլինի անարդար որոշում:

Փաստաբան Բալոյանը մտահոգություն հայտնեց, թե եթե այդպիսի որոշում կայացվի, ինքը կարող է եզրակացնել ու ենթադրել, որ դատարանը ենթարկվել է հասարակության ճնշումներին, ապա նաև հարց բարձրացրեց՝ «ո՞վ է այս ամենի հետևում կանգնած»։

Այդտեղ տեղից արձագանքեց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, նշելով՝ սրանք քաղաքական թեմաներ չեն, և իր դուստրը մահացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով: Մնացականյանը պահանջեց, որ չվիրավորեն իր աղջկան:

Նիստի ավարտին խոսեց նաև գործով միակ մեղադրյալ Արամ Նավասարդյանը: Նա իր ցավակցությունը հայտնեց տուժողի հարազատներին: Ապա հավելեց. «Անարդար քննության փորձաքննությունները չնշանակելը սույն գործի համար վճռորոշ նշանակություն ունեցող հարց է:

Հուսով եմ, որ դատարանը պետք է առաջնորդվի ոչ թե մի խումբ անձանց ճնշումներով, այլ օրենքի տառով, իմ գործողությունները կգնահատի ինձ վերաբերող իրավական նորմերով և կկայացնի արդարացման վերդիկտ»:


Լրացում 21:00

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը առավոտյան:


XS
SM
MD
LG