Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը չի նախատեսում մեծ հեռահարության հրթիռներ տրամադրել Կիևին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, 15-ը հուլիսի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, 15-ը հուլիսի, 2025թ.

Վաշինգտոնը չի նախատեսում մեծ հեռահարության հրթիռներ տրամադրել Ուկրաինային, որոնցով ուկրաինական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին, հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ փաստացի հերքելով արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները: Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ Ուկրաինան չպետք է հարվածի Մոսկվային:

Լրագրողները հարցրել են, թե ի՞նչ կլինի, եթե նրա սահմանած 50-օրյա ժամկետից հետո Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը:

«Եթե 50 օր հետո համաձայնության չհասնենք, շատ վատ կլինի։ Մաքսատուրքերը և այլ պատժամիջոցները կշարունակվեն։ Չեմ կարծում, որ 50 օրը շատ երկար ժամկետ է։ Դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ», - պատասխանել է Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության Patriot համակարգի հրթիռներն արդեն Ուկրաինայի ճանապարհին են: Թրամփը կրկնել է՝ Ուկրաինային տրամադրվող սպառազինության համար ամբողջությամբ կվճարեն ՆԱՏՕ-ն և դաշինքի եվրոպական անդամ երկրները:

Սակայն եվրոպական երկրներից ոչ բոլորին է դուր գալիս Թրամփի սխեման: Politico-ն, հղում անելով ֆրանսիացի երկու պաշտոնյայի, գրում է, որ Ֆրանսիան մտադիր չէ այդ սխեմայով զենք գնել Ուկրաինայի համար: Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի նախագահը պնդում է, որ Եվրոպան զարգացնի իր պաշտպանական արդյունաբերությունը՝ զենք գնելով տեղական արտադրողներից: Ավելի ուշ Ֆրանսիայի կառավարությունից հաստատել են տեղեկությունը: Ըստ La Stampa-ի՝ Իտալիան ևս չի միանա ամերիկյան նախաձեռնությանը: Ավելի վաղ նույնն էր ասել նաև Չեխիայի վարչապետը:

Եվրամիության արտգործնախարարն, իր հերթին, հայտարարել է, որ Եվրոպան ողջունում է Ուկրաինային ավելի շատ զենք ուղարկելու ԱՄՆ որոշումը, սակայն կցանկանար, որ Վաշինգտոնը կիսի զենքի մատակարարման ֆինանսական բեռը: Կայա Կալլասն ասել է, որ եթե ԱՄՆ-ը խոստանում է զենք տրամադրել, բայց դրա համար փաստացի վճարում են այլ երկրներ, ստացվում է, որ ԱՄՆ-ը զենք չի տրամադրում Ուկրաինային:

«Ամերիկան և Եվրոպան համագործակցում են, և եթե մենք համագործակցենք, դա կարող է ճնշում լինել Պուտինի վրա, որպեսզի նա լրջորեն բանակցի։ Միակ միջոցը, որպեսզի Պուտինը դադարեցնի այս պատերազմը, նրա վրա ճնշում բանեցնելն է», - ասել է Կալլասը:

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինան իրեն ուղղված աջակցության հայտարարություններն ընկալում է ոչ թե որպես խաղաղության, այլ՝ պատերազմը շարունակելու ազդանշան: Հետևաբար, Ռուսաստանը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսել Կիևին, որ շարունակի ուղիղ բանակցությունները Մոսկվայի հետ, ասել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին:

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ խաղաղության շուրջ լրացուցիչ բանակցությունների ցանկացած ձևաչափով, սակայն ամսաթիվ և վայր չի նշել։

Reuters-ը Կրեմլին մոտ աղբյուրներին հղումով գրում է, որ չնայած Թրամփի սպառնալիքներին՝ Ռուսաստանի նախագահը մտադիր է շարունակել պատերազմն Ուկրաինայում, մինչև Արևմուտքը չհամաձայնի խաղաղության իր պայմաններին: Ըստ գործակալության զրուցակիցների՝ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանը, որը հաղթահարել է Արևմուտքի ամենախիստ պատժամիջոցները, կհաղթահարի նաև հետագա տնտեսական դժվարությունները. - «Պուտինը համարում է, որ ոչ ոք իր հետ լրջորեն չի քննարկել խաղաղ կարգավորման մանրամասները, այդ թվում՝ ամերիկացիները, ուստի նա կշարունակի, մինչև ստանա իր ուզածը: Պուտինը գնահատում է Թրամփի հետ հարաբերությունները, սակայն Ռուսաստանի շահերն առաջնահերթ են»:

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովը «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար, քանի դեռ չի հասել Ուկրաինայի կապիտուլյացիային: Ըստ նրա՝ Թրամփը Պուտինի վրա ազդելու տնտեսական լուրջ լծակներ չունի, պատժամիջոցներն արդյունք չեն տա:

«Կարելի է ասել, որ կա միայն մեկ միջոց, որն իսկապես կարող է ազդել Ուկրաինայում իրավիճակի վրա, եթե Թրամփն ավելացնի Ուկրաինա մատակարարվող զենքի ծավալները: Եվ այն, որ նա համաձայնել է զենք վաճառել, արդեն լրջորեն մտահոգում է Կրեմլի ռեժիմին», - նշել է Գուդկովը:

Եվրոպական միությունը երեկ համաձայնության չեկավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ: Դեմ էր Սլովակիան, որը չի ցանկանում մինչև 2028-ը լիովին հրաժարվել ռուսական գազից և փոխհատուցում է պահանջում դրա դիմաց: Դաշինքում հուսով են, որ նոր փաթեթի շուրջ համաձայնության կկարողանան գալ այսօր:

Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակում է առաջխաղացումը և ևս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում: Ռուսաստանն անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կրիվոյ Ռոգին, Խարկովին, Կուպյանսկին, Նիկոպոլին, կա երկու զոհ, մի քանի վիրավոր: Վիննիցայում թիրախում է հայտնվել լեհական ընկերությանը պատկանող գործարան, կան վիրավորներ: Ուկրաինայում վիրավորվել է նաև Լատվիայի Օգրե քաղաքի քաղաքապետը, որը մարդասիրական օգնություն էր տարել:

Ուկրաինական անօդաչուի հարվածից մեկական զոհ կա Վորոնեժում և Բելգորոդում:

Ուկրաինայի նախագահը, անդրադառնալով Ռուսաստանի այսօրվա հարվածներին, հայտարարել է, որ Ռուսաստանը թիրախավորում է էներգետիկ ենթակառուցվածքներ և շարունակում ահաբեկել ուկրաինացիներին: Դրան արդյունավետ հակազդելու համար հարկավոր են հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր և վճռականություն, սոցցանցում գրել է Վլադիմիր Զելենսկին:

XS
SM
MD
LG