Մատչելիության հղումներ

Վեճ, ծեծ Երևանի Նոր Նորքի թաղապետարանում՝ թաղապետի մասնակցությամբ

Լրացված

«Դու լավ տղա չես»: - «Լավ տղեն դո՛ւ չես»: - «Արա, հանգիստ խոսա»: - «Արան դո՛ւ ես, արա». երևանյան խնդիրների մասին պարբերաբար ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի թաղապետարանում այսօր առավոտյան սկսել են ծեծել այս հանդիմանությունից հետո: Ենթադրաբար հենց թաղապետարանի աշխատակիցներն են բարկանում Չախոյանի վրա, ապա նրանցից մեկը մեջքից հարվածում է, ու սկսվում է մի ծեծ, որին միանում է ու ըստ կադրերի կրքով մասնակցում Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն անձամբ:

Երբ «Ազատության» թղթակիցը դեպքի վայր, այսինքն՝ պետական շենք հասավ, այդտեղ շարունակվում էր մի հանրային քննարկում, որին ցանկացել էր մասնակցել նաև Արթուր Չախոյանը. նա Մասիվի բնակիչ է և իր բակում կառուցվելիք բազմահարկի դեմ բազմիցս է ահազանգել; Նրան ծեծելուց ու մուտքն արգելելուց հետո քննարկումն անվրդով շարունակում էր ծեծողներից՝ թաղապետը:

«Հանրային քննարկման եմ, կվերջացնեմ՝ կպատասխանեմ, հանրային քննարկման եմ», - լրագրողների հարցերին արձագանքում էր Տեր-Մարգարյանը:

Այդ ընթացքում ոստիկանությունը բերման ենթարկեց Արթուր Չախոյանին. ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի մոտ շտապօգնության մեքենան էր, ակտիվիստը բաժնից տեղափոխվեց բուժհաստատություն՝ դեմքին վնասվածքներ էին, դժվարությամբ էր քայլում, հասցրեց տեղեկացնել, որ ձերբակալված է:

«Սրանք խուլիգաններ են, ոստիկանություն են բերել, գլուխս պտտվում ա, հարձակվել են, սրանք խուլիգանի, թալանչի, պիղծ իշխանություն ա՝ թաղապետի գլխավորությամբ: Գլուխս արնազեղում ա տեղի ունեցել», - հայտարարեց Չախոյանը, հարցին՝ «դուք հիմա ձերբակալվածի՞ կարգավիճակում եք», պատասխանելով՝ «այո»:

Մինչ ծեծված ակտիվիստին տեղափոխում էին հիվանդանոց, թաղապետարանում հանրային քննարկումն ավարտվեց, թաղապետը, ինչպես նրա թիմակիցներն ասացին, գնաց սնվելու, նրա ձերբակալության մասին որևէ խոսք չկար: Ոստիկանությունից տեղեկացանք ՝ թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով 6 անձ ձերբակալվել է, նրանց թվում չէ վարչական ղեկավարը: Տիգրան Տեր-Մարգարյանը նաև հրաժարականի միտք չունի, հասկացանք թիմակցին աջակցելու համար թաղապետարան եկած Անի Խաչատրյանի խոսքից՝ նա Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավարն է:

«Հրաժարականի հարց քննարկվե՞լ է», - այս հարցին Խաչատրյանը պատասխանեց. - «Իհարկե ոչ, ժողովուրդ, իհարկե ոչ, մենք «Հանրապետություն» կուսակցությունն ենք»: «Ու միշտ դուխով ենք», - տեղեկացրեց ավագանու անդամը: Նա, ի դեպ, ծեծից հետո թաղապետարանում էր, պնդում էր, որ այսպիսով պաշտպանում են երկիրը սադրողներից:

Ի՞նչն է սադրանք համարում «Հանրապետություն» կուսակցության անդամը՝ ավագանիում իշխող ուժի գործընկերը:

«Նայեք, ՔՊ-ի սարքած մանկապարտեզի ճաքերն ա էս». - օրեր առաջ ավագանու ընդդիմադիրներից Մեսրոպ Մանուկյանն ու ակտիվիստ Չախոյանը Նոր Նորքի 105-րդ մանկապարտեզից կադրեր էին տարածել, դրանցում նրանք առանց մեծ ջանքի պոկում էին ասֆալտը, պատի ներկը, նույնիսկ քարերը. - «Այ սենց ձեր գլխին պտի տանք, որ հասկանաք»:

Պնդում էին՝ «Լիլիան Արմ» ընկերությունը, որ իշխանական մի դեմքի է պատկանում, անորակ մանկապարտեզ է կառուցել, և սա այդ ընկերության հերթական վատ շինարարությունն է: Այս տեսանյութին հետևել էր Նոր Նորքի թաղապետի հեռախոսազանգը՝ սպառնալիքներով, հայհոյանքներով, ի պատասխան՝ նաև Չախոյանն է հայհոյում:

Երեկ Չախոյանն ու Մանուկյանն ուղևորվել էին թաղապետարան՝ վարչական ղեկավարին «տեսնելու»: Նա տեղում չէր, և ընդդիմադիրները որոշեցին հայհոյանքին պատասխանել դիդակտիկ նյութերով:

«Յոգուրտը թափում ես նկարի գլխի վրա՝ դա քաղաքական ակցիա ա: Իմ կողմից, ես կոնկրետ պատասխանեցի՝ ես քաղաքական ակցիա եմ կատարել, ու էդ անելու ժամանակ էլ ասել եմ՝ ես կատարում եմ քաղաքական ակցիա: Ակցիա արել եմ ուղիղ թաղապետի լեքսիկոնին համարժեք», - հայտարարեց Մանուկյանը:

Հետոն արդեն այսօրվա ծեծն էր: Մայրաքաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը կարծում է՝ իշխող թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հանրապետություն»-ը, կոռուպցիոն գործարքներից հանրության ուշադրությունը շեղելու համար են հրահրում այս միջադեպերը. - «Ես, նորից եմ կրկնում, տրորել եմ, տրորել եմ, տրորել եմ կոռուպցիան, կոռուպցիայի պոչը տրորել եմ, ու էս ամբողջը եղել ա»:

Ի դեպ, թաղապետը երեկ, երբ իր հայհոյանքներով լի ձայնագրությունը հրապարակվեց, ասաց, որ լավ է արել, այսօր Չախոյանին խմբով ծեծելուց հետո էլ է ասել՝ լավ է արել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթվա Կառավարության նիստում ապշած էր՝ հայհոյանքը որտեղի՞ց է ծագում. - «Ինձ զարմացրել ա միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ՝ դա ո՞րտեղից ա ծագում և ինչի՞ց ա գալիս՝ փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը»:

Իսկ համայնքային պաշտոնյայի հայհոյանքն ու ծեծը առայժմ բուռն քննարկման ենթակա են միայն համացանցում: Վարչական ղեկավարը ձերբակալված չէ, հրաժարականի միտք չունի, հակառակը՝ թիմակիցները նրան միայն ոգևորում են: «Հանրապետություն» կուսակցությունն իր պաշտոնական էջում հրապարակել էր թաղապետի՝ «Հայհոյել եմ, լավ եմ արել» վերնագրով մեկնաբանությունը:

Երևանի քաղաքապետն էլ երեկ թաղապետի հայհոյանքների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց՝ մարդ են: «Երբ որ արդեն անցնում են անձերի բարոյականությանը, վիրավորանքներին, է, կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորն էլ կարող ա ինչ-որ արդեն նյարդերը տեղի տան, ու մի բան էլ մյուս կողմը ասի, մի բան էլ ավել ասի», - հայտարարեց Տիգրան Ավինյանը:

Իսկ ծեծի մասին այսօր քաղաքապետարանից ասել են՝ անընդունել է բռնությունը, բայց հայհոյելը, վիրավորելը, արժանապատվությունը նվաստացնելը նույնպես բռնության ձև է:

Երեկոյան հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը. դատապարտում են երեկվա ու այսօրվա միջադեպերը, տարակուսում, որ իրավապահները երեկ թաղապետարանում տեղի ունեցածին որևէ գնահատական չեն տվել, իշխող թիմն այսօրվա ծեծը հենց դրա հետևանքն է համարում:

Այսօրվա դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով: Ծեծված Արթուր Չախոյանը հիվանդանոցում է, նրա փաստաբանն օրվա ավարտին տեղեկացրեց, որ նա ազատ է արձակվել ձերբակալումից: Փաստաբան Վահե Եփրիկյանն ակնկալում է, որ Քննչական կոմիտեն խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն կիրականացնի, հետամուտ են լինելու նաև, որ թաղապետը քրեական պատասխանատվության ենթարկվի:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG