Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարում է՝ վերաքննիչ դատարանը հունիսի 18-ին նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել: Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց ժամեր անց Կարապետյանի տունը խուզարկվեց, ինքը ձերբակալվեց, գործարարի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելու կոչի համար, ժամեր անց դատավորի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց:
«Ի սկզբանե պարոն Կարապետյանին ձերբակալել են անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, և ըստ էության, վերջինիս մեղադրանքը ներկայացրել են այս պայմաններում, վերջինիս հարցաքննությունը տեղի է ունեցել ձերբակալման այդ ռեժիմով, ի սկզբանե մարդուն ձերբակալել էին ոչ իրավաչափ հիմքով», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբաններից Լիանա Գասպարյանը:
Կարապետյանի նկատմամբ իրավապահները գործողություններ նախաձեռնեցին եկեղեցուն պաշտպանող նրա հայտարարությունից հետո: Գործարարն ասել էր՝ եթե քաղաքական գործիչները չհաջողեն, «մեր ձևով կմասնակցենք»: Իրավապահները նրա հենց այս խոսքերում իշխանությունը զավթելու կոչ էին գտել: Նրանց գործողություններն ուղեկցվում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումներով: Սամվել Կարապետյանի պաշտպանները շարունակ պնդում են, թե այս մեղադրանքն անհիմն է ու գործը քաղաքական հետապնդում որակում:
Վերաքննիչ դատարանի այս որոշումը չի նշանակում, որ Կարապետյանը ազատ կարձակվի: Լիանա Գասպարյանը, սակայն, ընդգծեց դատական գործընթացում կօգտագործեն այդ փաստը:
Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է մի քանի օրից. նրա պաշտպանական թիմը ենթադրում է՝ իրավապահները կմիջնորդեն երկարաձգել այն: Փաստաբանները կալանքը վերացնելու հարցով երկու շաբաթ առաջ գլխավոր դատախազին են դիմել: Գլխավոր դատախազությունը մինչ այս պահը դիմումի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել:
Կալանավորված միլիարդատիրոջ պաշտպանական թիմն ավելի վաղ հայտնել էր, որ վերաքննիչ դատարանն ապօրինի էր ճանաչել նաև Կարապետյանի առանձնատան խուզարկությունը:
Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալությունը
