Մատչելիության հղումներ

Վերջին մի քանի ամսում 5 հիվանդանոցի տնօրեններ են աշխատանքից ազատվել. ինչո՞ւ


Վերջին մի քանի ամսում 5 հիվանդանոցի տնօրեններ են աշխատանքից ազատվել, մի քանիսը սեփական դիմումով են հեռացել, մյուսների պայմանագիրն էլ նախարարությունը չի երկարացրել: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հիշեցրեց՝ մարզային բուժկենրոններն էլ են անցել նախարարության ենթակայության տակ ու այդտեղ էլ պաշտոնանկությունները չի բացառել:

«Չի կարող, որ անձը տասնյակ տարի կամ երկար ժամանակ նույն պաշտոնին լինի, դա բերում է լճացման, բերում է նոր կադրերի հոսության խոչընդոտմանը», - նշեց Ավանեսյանը:

Եթե աշխատանքից ազատված մյուս տնօրեններն ակնարկում են նախարարության հետ ունեցած որոշ անհամաձայնությունների մասին, ապա «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանն ուղիղ հայտարարում է՝ 2022-ի կեսերից նախարարության տարբեր պաշտոնյաների և իր փոխհարաբերությունները եղել են «լարված» և ոչ գործընկերային:

Ըստ Նազինյանի՝ նախարարի հրամանով, հենց իր ղեկավարման տարիների ընթացքն է ստուգվել ու ավելի քան 260 միլիոն դրամի խախտումներ արձանագրել: Ստուգումներն էլ, արձանագրված խախտումներն էլ Նազինյանը համարում է իրականության հետ աղերս չունեցող գործընթաց: «Ազատությանն» ասաց՝ առարկություններով, բայց համաձայնվել են պետպատվերի մասով շուրջ 3 միլիոն դրամի խախտումների փաստի հետ: Մինչև այդ, սակայն, ըստ Նազինյանի. - «Պետական առողջապահական գործակալության ղեկավար կազմը, նաև Առողջապահության նախարարության ղեկավար կազմը փորձել են համոզել, պարտադրել, որ ես ստորագրեմ 2-րդ եզրակացության: 260 միլիոն գրել էին, ցույց էին տալիս, որ 170 միլիոնը հանեցին, բայց սաղ սուտ»:

Կախվածությունների կենտրոնի արդեն նախկին տնօրենի պնդմամբ՝ Առողջապահության նախարարությունը, իր որակմամբ, իրեն պատժելու համար զգալիորեն նվազեցրել է պետպատվերի գումարները, չնայած որ երկրում թռիչքային կերպով աճում է թմրամիջոց օգտագործողների ու դրանց վաճառքի թվերը: Իսկ 2023-ից Առողջապահության նախարարությունը չի ֆինանսավորել կենտրոնում և մարզային հոգեկան առողջության կենտրոններում ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործողների համար բուժումը:

Նախարար Անահիտ Ավանեսյանն իր ճեպազրույցում բամբասանք որակեց Նազինյանի հետ լարված հարաբերությունների մասին հարցը, իսկ, թե ի՞նչ ստուգումներ են իրականացվել, ինչո՞ւ և ինչի՞ տակ պետք է ստորագրերր Նaզինյանը, այս հարցերին, ասաց, որ գրավոր կպատասխանի, եթե լրագրողները դիմեն:

Աշխատանքից ազատվածների շարքում է նաև պետական ամենամեծ կլինիկաներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը 7 տարի ղեկավարած Արման Հովակիմյանը: Նա օրեր շարունակ անպատասխան թողեց մեր զանգերն ու հարցումները: Թե՛ այստեղ և թե՛ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում ՊՎԾ-ն ստուգումներ էր արել ու այսպես կոչված «նվիրատվությունների ֆոնդեր» հայտնաբերել:

ՊՎԾ Ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն «Ազատության»-ն ասել էր՝ մարդիկ, որոնց բուժման ծախսն ամբողջությամբ կամ մասնակի վճարել է պետությունը, հիվանդանոցների հետ նվիրաբերության պայմանագրեր են կնքել ու լրացուցիչ գումար վճարել: Հիվանդանոցների դրամարկղերում արված այդ մուծումներն անգամ հարկվել են: ՊՎԾ-ն թեև իրավական խախտումներ չի արձանագրել, բայց հերթով զանգել են այդ քաղաքացիներին ու ասել, որ գնան այդ գումարները հետ ստանան: Սա վարչապետ Փաշինյանն էլ էր անընդունելի համարել:

Ուռուցքաբանական կենտրոնը 6 տարի ղեկավարած Նարեկ Մանուկյանը հենց այս պատճառով է դիմում գրել ու հեռացել. - «Իրար հետ աշխատելու շարունակելու ճանապարհը տեսանելի չէր»:

Նա ասաց՝ հիվանդանոցը 0-ից է ոտքի հանել, բոլոր ուղղություններով առաջընթաց է ապահովել, դա էլ կոռուպցիայի դեմ պայքարի տարբերակ էր. - «Ամբողջ աշխարհում ընդունված տարբերակ է, որ որոշակի տոկոս մարդիկ բուժումից հետո փորձում են նվիրատվություն անել հիվանդանոցին, բժիշկին, ուրիշ երևույթ է, որ կաշառքը ներկայացվում է այդ ամենի քողի տակ, էդ ուրիշ երևույթ է: Բայց հիմնարկում ամբողջությամբ եղել են այն դեպքերը, երբ իրականում հիվանդներն ուզեցել են նվիրատվեն, այլ ոչ թե եղել է բժշկի դրդմամբ կամ մյուսի»:

Նարեկ Մանուկյանն, իշխող՝ «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ էր: Մանդատից էլ է հրաժարվել:

Երկար տարիներ առողջապահության փոխանախարար աշխատած Սերգեյ Խաչատրյանն էլ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնն» էր ղեկավարում, երբ նախարար էր Արսեն Թորոսյանը: Նրա հետ աշխատանքային պայմանագիրն էլ չի երկարացվել:

«Պատճառների մասին տեղյակ չեմ, փորձել եմ ճշտել, թե ինչ պատճառներ կան, ասել են, որ ոչ մի պատճառ չկա, պայմանագրի ժամկետը լրացել է, նպատակահարմար չեն գտնում շարունակել», - ասաց նա:

2020-ին ձևավորված «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» արդեն 6-րդ անգամ է տնօրեն նշանակվել: Նախորդը՝ Սպարտակ Պետրոսյանը նույնպես սեփական դիմումի համաձայն է հեռացել: Շատ փակագծեր չբացեց, բայց որ գաղափարական հակասություններ է ունեցել նախարարության հետ՝ չթաքցրեց:

Աշխատանքից ազատված այս բոլոր տնօրենները պնդում են՝ իրենց ղեկավարման տարիներին կլինիկաներն անճանաչելիորեն փոխվել են՝ դեպի լավը: Նախարար Ավանեսյանն էլ հակառակը չի պնդել, բայց այսօր այդպես էլ չասաց, օրինակ, տեղյա՞կ է եղել տարբեր կլինիկաներում գործող նվիրատվության ֆոնդերից, եթե՝ այո, ինչո՞ւ միայն Ուռուցքաբանականի ու ՍԳԼ-ի տնօրեններն ազատվեցին:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG