Մատչելիության հղումներ

«Վտանգավոր մեսի՞ջ», թե՞ «թուրքերին հաճոյանալու քայլ». ինչո՞ւ է սահմանահատման կնիքից հանվում Արարատի պատկերը


Լուսանկարը՝ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը որոշեց նոյեմբերից Հայաստանի պետական սահմանահատման կնիքից հանել Արարատի պատկերը: Այս որոշումը Փաշինյանի ղեկավարած գործադիրը կայացրեց անցած հինգշաբթի՝ Կառավարության նիստում, ընդ որում՝ ներառելով չզեկուցվող հարցերի շարքում: Այսինքն՝ հանրությունն այդ որոշման պատճառների և հիմնավորումների մասին Կառավարությունից որևէ բացատրություն չլսեց:

Փոխարենը, թեմային վարչապետն անուղղակի անդրադարձավ այսօր՝ անվտանգության թեմայով միջազգային համաժողովի ընթացքում:
Եթե կարճ ձևակերպենք, ապա Նիկոլ Փաշինյանի բացատրությունն այն է, որ նկարներով չպետք է նյարդայնացնենք հարևաններին՝ տվյալ դեպքում նկատի ունենալով Թուրքիային:

«Ուզում եմ բերել շատ պարզ օրինակ. դու քո տոնը կառուցել ես քո կադաստրային գծից ներս, բայց տանդ, առավել ևս արտաքին պատերին նկարել ես նկար, որը խորհրդանշում է քո ընկալումը, որ հարևանդ արժանի չի ունենալ այն, ինչ ունի, և ամեն գարուն էդ նկարի գույները թարմացնում ես, և այլն, նոր էլեմենտներ ես ավելացնում ... Սկզբունքորեն ի՞նչ ա՝ մեկ ա սահմանիդ մեջ ես և այլն, բայց դա նյարդ ա, դա նյարդայացնելու ա ու դառնալու է վեճ, կոնֆլիկտ, կռիվ, պատերազմ», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը պարզաբանում էր, որ այս որոշումների համար իրենց կարող է չծափահարեն, անվանեն «դավաճան», բայց իր համոզմամբ՝ իշխանությունը պետք է կայացնի այնպիսի որոշումներ, որոնք ոչ միայն այսօր կապահովեն երկրի անվտանգությունը, այլև՝ դարերով. - «Մեր խնդիրը չէ, որ այսօր մենք ապահովենք անվտանգություն, խաղաղութուն, հետո տասը տարի հետո հերթական պայթյունը տեղի ունենա, ոտներս քցենք ոտներիս, մուշտուկները դնենք բերաններիս, ասենք՝ «տեսեք, որ մենք ասում էինք»:

Իշխանության համոզմամբ՝ Արարատի պատկերը ոչ միայն կարող է նյարդայնացնել Թուրքիային, այլև, ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ձևակերպեց, Հայաստանին վերաբերող կնիքները չպետք է «վտանգավոր մեսիջներ» ուղարկեն հարևաններին:

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 15-ը սեպտեմբերի, 2025թ.
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 15-ը սեպտեմբերի, 2025թ.

«Հայաստանի Հանրապետության դրոշմակնիքը, որը անձնագրերում ա տպվում, պետք ա արտահայտի Հայաստանի Հանրապետությանը, պետությանը վերաբերող սիմվոլիզմը, պետական սիմվոլները և զերծ լինի նաև էմոցիոնալ, հուզական նաև սիմվոլներից: Եվ մեր յուրաքանչյուր գործողություն՝ կլինի դա կնիքի ձևովով, հայտարարության ձևով, որևէ կերպ, պետք ա, ուրեմն, այլ մեսիջներ, վտանգավոր մեսիջներ չուղարկի Հայաստանի Հանրապետության հարևան պետություններին», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Երբվանի՞ց է Արարատի պատկերը վտանգավոր մեսիջ համարվում: Եվ հետևելով այս տրամաբանությանը, արդյո՞ք Արարատ լեռան պատկերը կհանվի նաև Հայաստանի զինանշանից: Իշխող ՔՊ խմբակցության քարտուղարը վստահեցրեց, թե նման քննարկում գոյություն չունի:

«Արարատի պատկերը հարևանների տարածքային պահանջ չէ, այլ հայ ժողովրդի խորհրդանիշն է»

Ընդդիմությունից, մինչդեռ, հակադարձում են իշխանությանը՝
Արարատ լեռան պատկերը հարևանների նկատմամբ տարածքային պահանջ չէ, այն պարզապես հայ ժողովրդի խորհրդանիշն է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 15-ը սեպտեմբերի, 2025թ.
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 15-ը սեպտեմբերի, 2025թ.

Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ այս քայլին իշխանությունը գնում է զուտ թուրքական պարտադրանքի ներքո:

«Դա կարող է լինել միայն ու միայն պարտադրանքի ներքո: Մի կողմից՝ պարտադրանք, իսկ մյուս կողմից էլ՝ նաև այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի» , - հայտարարեց Օհանյանը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 15-ը սեպտեմբերի, 2025թ.
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 15-ը սեպտեմբերի, 2025թ.

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը չի բացառում, որ Թուրքիան չի էլ պահանջել Հայաստանից սահմանահատման կնիքից հանել Արարատի նկարը: Փաշինյանն, ըստ ընդդիմադիր գործչի, այդ քայլով ուզում է պարզապես հաճոյանալ թուրքերին:

«Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես պիոներական գերազանցիկությամբ Փաշինյանը պատրաստ է հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին: ... Իրենից դա ոչ մեկ չի պահանջել, ենթադրում եմ համենայն դեպս, դա ուղղակի «տեսեք, դա էլ կարող եմ անել» տրամաբանության մեջ գործողություն է», - ասաց Մամիջանյանը:

Չնայած իշխանությունից վստահեցնում են, թե Արարատի նկարը զինանանշանի վրայից հանելու քննարկումներ չկան, ընդդիմությունը չի բացառում, որ Փաշինյանն ի վերջո այդ քայլին էլ կգնա:

«Աշխարհում նման օրինակներ շատ կան»

Հայաստանի սահմանահատման կնիքից Արարարատի նկարը հանելու Կառավարության որոշումն այսօր քննադատել է նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Բացատրելով, թե ինչ նշանակություն ունի Արարատը հայ ժողովրդի կյանքում, Օսկանյանը նշում է, որ խորհրդանիշները տարածքային իրավասության մասին չեն, այլ՝ պատկանելիության, դա ոչ թե հակադրելու դրսևորում է, այլ՝ ինքնության հաստատում:

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյան, արխիվ

«Աշխարհում նման օրինակներ շատ կան։ Իռլանդիան, Հունաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ օգտագործում են պատկերներ, որոնք խորհրդանշում են իրենց ներկայիս պետական սահմաններից դուրս գտնվող տարածքներ», - ընդգծում է նախկին արտգործնախարարը:

Թուրքիայի ճնշման տակ Արարատը պետական փաստաթղթերից ու խորհրդանիշներից ջնջելը Վարդան Օսկանյանը վտանգավոր զիջում է որակում. - «Կառավարությունը, որ իր ժողովրդին ստիպում է հրաժարվել իր ամենաթանկ խորհրդանիշներից դիվանագիտության անունով, առաջնորդ չէ․ այն հանձնվող է»։

«Ազատության» հետ զրույցում քաղաքացիները մեծամասամբ դեմ էին Կառավարության որոշմանը.

«Շատ սխալ է, որովհետև համարում եմ, որ այս պարագայում այլ պետություններ փորձում են միջամտել մեր ներքին գործերին... »:

«Հիշենք, որ Թուրքիան էլ, կամ մուսուլմանական աշխարհն էլ, Լուսինն են իրենց սիմվոլիկաներում օգտագործում, կամ որոշ երկրներ արևն են օգտագործում: Հիմա, եթե դա ինչ-որ պետության տարածքում չի, չի նշանակում, որ դա իրենցն է, կամ իրենք սեփականության իրավունքով են դա անում... »:

«Շատ դեմ եմ դրան, Արարատ լեռը մեր Հայաստանի խորհրդանիշն է: Դեմ եմ... »:

«Ես Արարատից ամեն օր ոգեշնչվում եմ, Արարատը իմ համար Հայաստանից չառանձնացվող սիմվոլ է, որը միշտ իմ հետ է լինելու... »:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG