Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը քննադատում է վաշինգտոնյան համաձայնությունները, իշխանությունից հակադարձում են


ԱՄՆ, Վաշինգտոն, Սպիտակ տուն, 8-ը օգոստոսի, 2025թ.
ԱՄՆ, Վաշինգտոն, Սպիտակ տուն, 8-ը օգոստոսի, 2025թ.

Վաշինգտոնյան համաձայնություններից երեք օր անց խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող «Հայաստան» դաշինքն ու Հանրապետական կուսակցությունը Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ համաձայնությունը որակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար «գոյաբանական նոր սպառնալիք» և «կապիտուլյացիա»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքից պնդում են՝ թե՛ եռակողմը հայտարարությունը, թե՛ Երևանի և Բաքվի միջև նախաստորագրված համաձայնագիրը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ:

«Այստեղ որևէ մեկը ցույց չի կարող տալ՝ այս փաստաթղթի մեջ, թե հայկական շահը ո՞րն է ի վերջո, բացի ձևակերպված թղթի վրա խաղաղություն բառից, որևէ տեղ դրական բան Հայաստանի համար կա՞, թե՞ չկա», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Հայաստան» դաշինքի գնահատմամբ՝ փորձ է արվում «լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը, Բաքվում հայերի շինծու դատավարությունները, Արցախից հայկական հետքի վերացումը, Մինսկի խմբի լուծարմամբ՝ արցախյան հիմնահարցը միջազգային օրակարգից դուրս մղումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը»: Հիմնական քննադատություններից մեկն էլ այն է, որ Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հռչակագրով Երևանը պարտավորվել է անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին Նախիջևան հասնելու համար:

«Գրված է անխոչընդոտ կապ, չէ՞: Վաղը Հայաստանը պանդեմիայի պատճառով հայտարարում է արտակարգ դրություն. էդ ճանապարհի վրա արտակարգ դրությունը պիտի աշխատի՞, թե՞ չէ, օրինակ՝ հայկական սահմանապահը կարող
է՞ կանգնեցնել ադրբեջանական մեքենան և ասել, որ «մի րոպե, դուք դիմակով պարտավոր եք անցնել, և մենք պարտավոր ենք ձեզնից վերցնել ... », - ասաց Արծվիկ Մինասյանը՝ դիտարկմանը, որ ըստ իշխանության մեկնաբանության՝ այո, հակադարձելով. - «Էդ դեպքում կհակասի ստեղի անխոչընդոտին»:

Վաշինգտոնյան բանակցություններից հետո նույնաբովանդակ հարց Հայաստանի վարչապետին ուղղել էին լրատվամիջոցները, Նիկոլ Փաշինյանը, սակայն, հարցին ուղիղ չէր պատասխանել. - «Բոլոր տեսական և գործնական իրավիճակները մենք չենք կարող հերթով նկարագրել: Սրա՛ համար ա, որ մենք ասում ենք՝ համառոտ մի բան պետք ա նկարագրենք, որից բխեն պատասխանները բոլոր հնարավոր իրավիճակներում: Հիմա, ունե՞նք արդյոք էդ համառոտ արձանագրումները»:

Երեկ հրապարակված խաղաղության համաձայնագրում եղած դրույթները՝ սկսած տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից մինչև միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ըստ «Հայաստան» դաշինքի, ձևական են, ոչ մի միջազգային երաշխիք չեն նախանշում, թեև հենց Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ Ալիևը վստահեցնում էր, թե Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ հավերժ խաղաղություն են հաստատում:

«Ազատության» հարցին՝ Վաշինգտոնը ինչ-որ իմաստով միջնորդ չէ՞, որտեղ նախաստորագրվեց այդ փաստաթուղթը, Մինասյանն արձագանքեց. - «Այստեղ Վաշինգտոնի ստորագրություն կա՞»:

Եռակողմ հռչակագիրը «կապիտուլյացիա» որակած Հանրապետական կուսակցությունից հայտարարում են՝ խիստ մտահոգված են վաշինգտոնյան համաձայնություններով՝ այն դիտարկելով որպես ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր փաստաթուղթ:

«Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պետք է արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը», - հայտարարում է Հանրապետականը:

Ընդդիմախոսների քննադատություններին իշխող ուժից արձագանքել է պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ Ֆեյսբուքում գրելով. - «Մի խոսքով ընդդիմությանը պետք է մի բան, որը կա՛մ գոյություն չունի, այն է՝ աշխարհաքաղաքական արդարություն, կա՛մ մի բան, որ իհարկե գոյություն ուներ՝ աշխարհաքաղաքական «ազդեցության գոտի» հռչակված Հարավային Կովկասում աշխարհից արդարություն պահանջող հայ ժողովուրդ և հարատև կոնֆլիկտ»:

Արձագանքներ կան նաև արտախորհրդարանական ընդդիմությունից: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն, օրինակ, ուշադրություն է հրավիրում փաստին, որ թեև Երևանն ու Բաքուն փաստաթղթում առաջնորդվել են Ալմաթիի հռչակագրով և ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց համաձայնագրում չկա նշված կոնկրետ քարտեզ, որով Ադրբեջանը կճանաչեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ Հայաստանը դեռ 2022-ին Պրահայի քառակողմ հանդիպմանն էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, մի բան, որ մինչ օրս հրապարակային չի արել Ալիևը:

«Ադրբեջանը Հայաստանը չի ճանաչում նաև կոնկրետ քարտեզով: Մեր էս փաստաթղթից միակ բանը, էսքան զիջման հետ՝ էս ինչ կա տված ա, ինչ դիրք ունենք, ինչ կա հանձնած ա, դամոկլյան սրեր ա որ մեջը դրված ա մեր սենց գլխին կախած ա էս թղթով, այ էս թղթի մեջ ա, բայց դրա դեմը մի հատ քարտեզ, կից պետք ա մի հատ քարտեզ դներ, որ Ադրբեջանը, այ էս քարտեզով, ինչ-որ մի հատ քարտեզ, ասենք, չգիտեմ, մի հատ քարտեզով մեզ ճանաչում ա: Չկա՛, քարտեզ չկա՛», - հայտարարեց Մարուքյանը:

Խաղաղության բանակցությունների մի փուլում, երբ դեռ սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրից առանձնացված չէր, հայկական կողմն առաջարկում էր այնտեղ կոնկրետ քարտեզ ամրագրել, մասնավորապես՝ Խորհրդային Միության ամենաթարմ՝ 1975 թվականի քարտեզը, սակայն Բաքուն դեմ էր:

«Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Հետագայում սահմանազատման հարցը դուրս բերվեց խաղաղության պայմանագրից և շարունակվեց առանձին ձևաչափով, հայկական կողմը քարտեզ ամրագրելու հարցը չպնդեց, սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն էլ վավերացվեց առանց քարտեզի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG