Էդվարդ Նալբանդյան. «Առանց Ղարաբաղի անհնար է համաձայնության հասնել»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը Ազգային ժողովում վերահաստատեց, որ «առանց Լեռնային Ղարաբաղի անհնար է համաձայնության հասնել»:
Պատասխանելով պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե Սոչիում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հերքեց տեղեկատվությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների նախաբանում նշված է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին, Նալբանդյանը հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի անհնար է համաձայնության հասնել:

«Ինչ արդբեջանցիներն են ասում, եւս մեկ անգամ ցույց է տալիս իրենց ապակառուցողական մոտեցման եւս մեկ դրսեւորում: Մեր մոտեցումը Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ, կարող եմ ասել, ըմբռնում է գտնում նաեւ եռանախագահ երկրների կողմից», - հավելեց Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների հաղորդումներին, թե նույն Սոչիում Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ բանակցությունները մոտենում են ավարտին, Էդվարդ Նալբանդյանը ասաց. - «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար պարոն Լավրովի հայտարարությունը այն մասին, որ ընդհանուր ըմբռնում կա նախաբանի վերաբերյալ, չեմ կարծում, որեւէ մեկին հնարավորություն է տալիս եզրակացության գալ, որ արդեն ավարտին ենք մոտենում»:

«Երբեմն ադրբեջանցիները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններ են անում եւ տպավորություն են թողնում, որ իրենք իրենց հետ են բանակցում եւ հետո հայտարարություններ անում», - հավելեց Նալբանդյանը: - «Եթե, իհարկե, կողմերի միջեւ պայմանավորվածություն լիներ հրապարակել նախաբանի մանրամասները, ապա դա կարվեր: Բայց ես կարող եմ ասել, որ այդ նախաբանը համահունչ է, օրինակ, Աթենքում կայացված [ԵԱՀԿ 56 երկրների անդամ երկրների] արտաքին գործերի նախարարների հայտարարությանը, որտեղ առաջին անգամ ամրագրվեց ինքնորոշման իրավունքը»: