ԱԺ-ում քննարկվող օրինագիծը թույլ է տալիս արգելանք դնել հարկերը չվճարողների գույքի վրա

Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի օրը քննարկեց Կառավարության ներկայացրած օրինագիծը, որով հնարավորություն է ընձեռվում հարկային մարմիններին արգելանք դնել հարկեր չվճարած կազմակերպությունների բանկային հաշիվների եւ գույքի վրա:

«Գույքի արգելանքը չկատարված հարկային պարտավորությունների վրա է տարածվում 500 հազար դրամը գերազանցելու դեպքում: Նույն հոդվածում նշված է, որ գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասին, այլ ոչ թե ուրիշ պարտավորությունների մասին: Հստակեցված է, որ արգելադրումը կարող է իրականացվել միայն հանձնարարագրի հիման վրա, հանձնարարագիրը տալիս է տվյալ գերատեսչության ղեկավարը, ընդ որում նա լիազորում է կոնկրետ աշխատողի` լիազորագիր պետք է գրված լինի: 30 օրվա մեջ նա պետք է գույքը արգելադրի, 30 օրից հետո նա պետք է դուրս գա դատարան, վճիռ կայացնի, եթե վճիռը կայացվեց, եւ այդ տնտեսվարող սուբյեկտը իր պարտքը չի մարում, կգնա բռնագանձման եւ այլ մեխանիզմներ», - բացատրեց «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնող Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

Իրենց կարծիքներն այսօր քննարկված օրինագծի կապակցությամբ հայտնեցին մի շարք պատգամավորներ, որոնց անունները կապված են բիզնեսների հետ: Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը, մասնավորապես, հարցրեց` եթե 30-օրյա ժամկետում հարկային պարտավորություններ չկատարած կազմակերպության գույքի նկատմամբ արգելանք է դրվում, ի՞նչ ֆինանսական իրավիճակի մեջ է նա հայտնվում:

«Եթե կազմակերպությունը պարտք ունի պետության հանդեպ, «Հարկերի մասին» մեր օրենքը հստակ նշել է` այդ պարտքի առաջացման օրվանից հետո հաշվում են տույժեր` 0.15 տոկոս յուրաքանչյուր օրվա համար», - պատասխանեց Արմեն Ալավերդյանը:

Նա ներկայացրեց նաեւ օրինագծում նշված մեկ այլ նորույթ. - «Եթե տնտեսվարող սուբյեկտը իր պարտքի մի մասը մարելու հնարավորություն ունի, այս օրենքը ասում է` եթե տնտեսվարողը սուբյեկտը իր պարտքի 20 տոկոսը պատրաստ է մարել տվյալ պահին, ապա հարկային մարմինը կարող է այդ պարտքերը մարելու ժամանակացույց կնքել 2-6 ամիս ժամկետում»:

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս օրինագիծը ընդունվելու պարագայում, ասաց. - «Եթե սա օգտագործվի որպես մահակ տնտեսվարողների վրա, ապա ոչ թե կավելանան հարկային մուտքերը, այլ առանց այդ էլ հազիվ շնչող բիզնեսը պարզապես կմեռնի»:

Պատգամավորները մի շարք առաջարկություններ են պատրաստվում ներկայացնել մինչեւ օրինագծի երկրորդ ընթերցումը:

Your browser doesn’t support HTML5

ԱԺ-ում քննարկվող օրինագիծը թույլ է տալիս արգելանք դնել հարկերը չվճարող կազմակերպության գույքի վրա