«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Սերժ Սարգսյանը հասկանում է, անշուշտ, թե ընդդիմության հետ երկխոսելուց հրաժարումը ինչ վտանգներով է հղի իր ղեկավարած վարչախմբի համար: Հասկանում է, որ նույնպիսի վտանգներով հղի է նաեւ ինքը` երկխոսությունը: Այս պարզ ու հասկանալի գիտակցումն է ձեւավորում ահա այն իներտ մոտեցումը, որ իշխանությունը ցուցաբերում է ընդդիմության հետ երկխոսություն սկսելու հարցի շուրջ: Վարչախումբն ակնհայտորեն չի ուզում երկխոսել` գիտակցելով դրա հնարավոր հետեւանքները իշխանական գործող բուրգի հետագա ճակատագրի համար: Չի էլ կարողանում հստակ հրաժարվել երկխոսությունից` գիտակցելով նաեւ այսպիսի մոտեցման հնարավոր հետեւանքները իշխանական գործող բուրգի հետագա ճակատագրի համար»:
«Հայոց Աշխարհ»-ն անդրադառնում է ՀՀՇ կուսակցությունից դուրս եկող անձանց թեմային. - «Մեր աչքի առջեւ ՀԱԿ-ի առանցքը կազմող ուժը փլուզվում է, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի, երբ մոտենան հերթական ընտրությունները: Եթե ՀՀՇ-ն է քանդվում, դժվար է ասել, թե նախընտրական շրջանում կոնգրեսին մաս կազմող ուժերից քանիսը կշարունակեն «հաղթական երթը» Տեր-Պետրոսյանի հետ»:
«Երկիր» օրաթերթը փորձում է գնահատել վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում ձեւավորված քաղաքական մշակույթը. - «Անկախության տարիներին ի հայտ եկած քաղաքական ուժերը՝ ծայրահեղ աջ լիբերալներից մինչեւ ծայրահեղ ձախ համայնավարական, բնույթով ավտորիտար են, թեեւ բոլորը ստեղծվելիս հայտարարում են ժողովրդավարական արժեքներին իրենց նվիրվածության մասին: Դա դրսեւորվում է ոչ միայն այդ ուժերի խիստ անձնակենտրոնությամբ, ղեկավարներին «շեֆ»-ականացնելու ձևով, այլեւ ներքին բազմակարծության ու այլընտրանքային մոտեցումների վերացմամբ կամ` դրանք ձեւական դարձնելով: Ուստի բնական է, որ, իշխանության գալով, այդ նույն ուժերն իրենց ներքին դրվածքները դարձնում են պետական կառավարման մշակույթ: Արդյունքում՝ ավտորիտարիզմը դառնում է պետական, քաղաքական, հասարակական հարաբերությունները պայմանավորող երեւույթ»:
«Առավոտ»-ը մեջբերում է մամուլի դեմ վերջերս տեղի ունեցած մի քանի աղմկոտ դատավարությունների կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխան Շմիդտի հնչեցրած գնահատականը. - «Վերջերս դատավորները մի քանի որոշումներ ընդունեցին, որոնք հսկայական ֆինանսական տույժերի են ենթարկում որոշ թերթերի: Դրանք, կարելի է ասել, պատժիչ մեխանիզմներ են եւ մահացու են տվյալ թերթի համար»: Դեսպանը անդրադարձել է Հայաստանում օրենսդրական դաշտի փոփոխություններին եւ ՀՀ օրենքները եվրոպական նախատիպերին համապատասխանեցումներին: Նա նաեւ հիշեցրել է, որ հայտնի օրենքի ընդունումից առաջ Հայաստանի պաշտոնյաները` նախագահի գլխավորությամբ, ինչպես էին ներկայացնում եւ գովաբանում այդ նախագիծը, մինչդեռ` «արդյունքը հակասում է իրականությանը եւ փակում է լրատվական դաշտի առավել լիբերալ գործունեության հնարավորությունները»:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Մեր, վստահ եմ նաեւ մուս լրատվամիջոցների, փոստում խիստ ավելացել են անստորագիր նամակները: Մեր մշտական նամակագիրներից մեկն օրինակ շարունակ անհանգստանում է՝ տեխնիկապես հնարավո՞ր է, որ իր ուղարկած նամակի հասցեով իրեն գտնեն, կմատնե՞նք մենք իրեն, թե՞ ոչ: Եվ անգամ բազում հավաստիացումներից հետո մարդիկ չեն հավատում, որ չեն բացահայտվի: Մի կողմից՝ ուրիշ ճար չունեն, տեղները նեղ է, վերջին հույսը մամուլն է ու նրա հրապարակումները: Մյուս կողմից վախենում են՝ իսկ եթե իմանա՞ն, իսկ եթե պարզե՞ն: Ե՞րբ ստեղծվեց այդ վիճակը, ո՞ւմ շնորհիվ, ինչո՞ւ: Թվում էր՝ համատարած վախի ու իրար ծախելու ժամանակները վաղուց անցել են: Ազատությունից ու ժողովրդավարությունից ենք խոսում արդեն 20 տարի: Բայց ստալինյան մեթոդներն ու այդ մեթոդները կրողները հավերժ են: Սրանք ամենուր աչքեր ու ականջներ ունեն, պատժելու նենգ ու դաժան եղանակներ, մարդկանց վախի մեջ պահելու անտեսանելի ուժ ու կարողություն»:
«Կապիտալ» օրաթերթը գրում է. - «Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը դարձել է հիմնախնդիր, քանի որ ձեռնարկվող քայլերն ըստ էության ակնկալվող արդյունքները չեն տալիս։ Հատկապես լուրջ խնդիրներ են հարուցում հարկային քաղաքականության կոշտությունը, անբարենպաստ մրցակցային պայմանները, խոշոր բիզնեսի ճնշումները, փոքր բիզնեսին ուղղված ինովացիոն թույլ ազդակները»։