Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իշխանությունները պատասխանատու չեն Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպերի համար։
Քարոզչության ժամանակ Հայ ազգային կոնգրեսի թեկնածուները` Բաբկեն Գարոյանը, լրագրող Գայանե Առուստամյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը, Մալաթիա-Սեբաստիայում հարձակման էին ենթարկվել. ինչ-որ անձինք հարվածել էին Առուստամյանի դեմքին, գլխին, կոտրել Գարոյանի քիթը: Նույն օրը այստեղ խոչընդոտվել էր նաեւ վարչական շրջանն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը:
Գալուստ Սահակյանի պնդմամբ` ընդդիմադիրները այս միջադեպերն օգտագործում են նախընտրական քարոզչության եւ իրենց հեղինակությունը բարձրացնելու նպատակով. - «Փաստորեն, հենց դրա վրա են խաղում, որ «էնքան բոբո իշխանություններ են, որ բոլորը վախենում են, եւ տեսեք` ինչ են անում իշխանությունները»։
«Այսինքն, Հանրապետականը կապ չունի՞ այդ միջադեպերի հետ, որ մի թեկնածուի քիթն են ջարդել...», - այս հարցին իշխող կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Ես չեմ կարծում, որ որեւէ մարդ, եթե քիթը մի տեղ չի կոխում, քիթը ջարդում են։ Կողմնակալ կարծիքներ են ասել, հրահրել են, եւ ստացվել է վեճ, որպեսզի այս ինտրիգը ծաղկի։ Բայց դրա պատասխանատուն հենց նրանք են, ովքեր որ իրենց քարոզչությունը կազմակերպում են»։
«Ես չեմ կարծում` որեւէ քաղաքական գործիչ, եթե ցանկություն չունի բախման գնալու, կգնա կմտնի էն միջավայրը, որտեղ իրեն բախում է սպասում», - ասաց Սահակյանը։
Նա հայտարարեց, որ իրենք էլ են երբեմն իրենց քարոզարշավի ժամանակ խոչընդոտների առջեւ կանգնում, բայց աղմուկ-աղաղակ չեն բարձրացնում. - «Մենք ինքներս էլ տարբեր տեղերում ենք լինում, տարբեր մարդկանց շրջանում, ընտրողների շրջանում` մի տեղ լավ են ընդունում, մի տեղ վատ են ընդունում, մի տեղ, նույնիսկ, ասեմ` ավել-պակաս բաներ են ասում։ Չի կարելի անընդհատ բարձրաձայնել»։
«Իհարկե, հասկանում եմ, դա էլ գալիս է նրանից, որ, հիմնականում, քաղաքական թիմերի մեծ մասը մի քանի օր հետո անընդհատ կրկնվում են` նույն մտքերը, եւ արդեն այդ կրկնված մտքերը, բնականաբար, գնալով ազդեցությունները նվազում են։ Իսկ ինտրիգը որոշակիորեն ակտիվություն է մտցնում», - ասաց Հանրապետականի փոխնախագահը։
Մինչդեռ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համար անընդունելի են պատգամավորության թեկնածուների վրա հարձակումները:
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական ուժերին կոչ անելով ժողովրդին ծրագրերի ու գաղափարների այլընտրանքներ ներկայացնել, այլ ոչ թե` բռունցքների ու հայհոյանքների, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նպատակահարմար համարեց, որպեսզի այս միջադեպերը ընտրությունների վերահսկման նպատակով ստեղծված տարբեր
Նաիրա Զոհրաբյան
կառույցներում քննարկման առարկա դառնան։
«Ստեղծվել են տարբեր ֆորմատներ` քառյակի, այժմ արդեն` եռյակի ֆորմատ, որովհետեւ «Ժառանգություն»-ը կարծես թե սահուն կերպով դուրս է գալիս այդ ֆորմատից, Ազգային ժողովում աշխատանքային խումբ է ստեղծվել, նաեւ Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծվել է մեկ այլ ֆորմատ. սրանք միջադեպեր են, որ, ի վերջո, շատ հանգիստ կարող են այդ ֆորմատներում քննարկման առարկա դառնալ», - ասաց Զոհրաբյանը` շարունակելով. - «Որովհետեւ, կրկնում եմ, այդ ֆորմատներում քաղաքական ուժերը հավաքվել են ընտրությունների ազատ, արդար ընթացքը վերահսկելու համար, եւ նման միջադեպերը ուղղակիորեն չեն տեղավորվում ազատ, մրցակցային հավասար պայմաններ քարոզարշավի ժամանակ ստեղծելու հայտարարությունների մեջ»։