Արմեն Մարտիրոսյանը ՀՔԾ-ում հարցաքննվեց որպես վկա

Your browser doesn’t support HTML5

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը երկուշաբթի հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որպեսզի ցուցմունք տա ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպի առիթով:

Հիշեցնենք, որ այդ օրը ընդդիմության երթի ժամանակ Մարտիրոսյանը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ընդհարում էր ունեցել ոստիկանների հետ, ովքեր հարվածներ էին հասցրել նրան եւ արյունլվա դեմքով բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք:

Առավոտից ՀՔԾ-ի շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր եկել էին Մարտիրոսյանին աջակցելու: Այստեղ էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Մինչ քննչական ծառայություն ներկայանալը, Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը որպես վկա է ներգրավված: Ասաց` պատրաստ է համագործակցել եւ ցուցմունք տալ, քանի որ համաձայն է քննչական ծառայության գործողությունների հետ:

Մարտիրոսյանը քննչական ծառայության շենք մտավ իրավաբանի ուղեկցությամբ: Մինչ նա ներսում էր, դրսում ակտիվիստները կոչ էին անում պատժել մեղավորներին: Ի դեպ, ակցիայի մասնակիցները կարմիր վզկապներով էին: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ այս ձեւով պատվում են սովետական ոստիկանությանը:

Մարտիրոսյանի հարցաքննությունը մոտ 3 ժամ տեւեց: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ ապրիլի 9-ին իր հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ երկու քրեական գործ է հարուցվել. մեկն առավոտյան եւ մեկն էլ` երեկոյան տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: Նա ասաց, որ պատմել է, թե ինչպես է ոստիկանությունը դիմել ոչ համարժեք գործողությունների եւ փաստացի բռնություն է գործադրել դիմադրություն ցույց չտվող քաղաքացիների հանդեպ:

«Մանրամասնորեն նկարագրել եմ, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը: Առանձնապես ակնկալիքներ չունեմ, բացի այն, որ արդար հետաքննություն սպասել: Իսկ ինչպիսին կլինի դա, արդեն իշխանություններից է կախված, որովհետեւ ցավոք, մեզ մոտ իրավապահ համակարգը տարիներ շարունակ ոչ լեգիտիմ իշխանության համար մահակ է դարձել: Իմ պահանջն է` իրենց լիազորությունները գերազանցած, բացառապես սադիստական հակումներով ոստիկաններից ազատվելը եւ նրանց պատժելը», - ասաց նա: