Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենը պնդում է, թե երեխան արդեն մահացած էր տեղափոխվել իրենց մոտ

Your browser doesn’t support HTML5

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում 40 օրական Նարինե Խաչատրյանի մահվան փաստով Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած տեղակատվության, նոյեմբերի 16-ին «Սպիտակի բժշկական կենտրոն» տեղափոխված նորածնին բժիշկները օգնություն չեն ցուցաբերել, չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ինչը հանգեցրել է երեխայի մահվան:

Խաչատրյանների երիտասարդ ընտանիքը մինչև օրս բնակվում է փայտե տնակում, Նարինեն նրանց երրորդ երեխան էր: Հայրը՝ Կարենը պատմեց, որ քնելուց առաջ երեխան որևէ գանգատ չի ունեցել, լուսադեմին են միայն նկատել, որ դժվար է շնչում, ու անմիջապես երեխային տարել Սպիտակի հիվանդանոց:

Այստեղ, Կարենի խոսքով, որևէ օգնություն չեն ստացել․ պարզվել է, որ ողջ հիվանդանոցը խավարի մեջ է, էլեկտրականությունն անջատված է, հերթապահ մանկաբույժը տեղում չէ:

«Ասում եմ՝ մի հատ օգնություն ցույց տվեք, ասում են՝ խոպան ա գնացել մանկաբույժը: Էն մյուսն էլ ասում ա՝ տունն ա: Ես քսան րոպես սպասել եմ՝ մարդ չկա, չի գալիս, օգնություն ցույց չի տալիս», - պատմեց նա:

Հերթապահ բուժքույրը առաջարկել է երեխային Վանաձոր տեղափոխել: Երեխան, դժբախտաբար, ճանապարհին մահացել էր:

Մեր այցելության պահին Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը տեղում չէր, ստիպված էինք նրա հետ զրուցել հեռախոսով: Նշելով, որ այդ պահին հիվանդանոցում էլեկտրաէներգիա չի եղել, իսկ երեխային միայն բուժքույրն է զննել՝ նա, այդուհանդերձ, չընդունեց, թե բժիշկներն անփույթ են եղել, ասաց՝ երեխան իրենց մոտ արդեն մահացած է տեղափոխվել․ - «Փոքրիկը արդեն մահացած ա եղել: Բուժքույրը իրենց գյուղացի է եղել, մահացել է բառը չի ասել: Որ հարցրել են՝ ո՞նց ա երեխան, ասել է՝ երեխան չկա: Չեն հասկացել․․․»

Այնինչ փոքրիկի հայրը հարց է բարձրացնում՝ եթե մահացած էր՝ ինչո՞ւ էին հորդորում Սպիտակից Վանաձոր տեղափոխել: Համաձայն չէ նաև դիահերձումից հետո բժիշկների տված եզրակացությանը, թե մահվան պատճառը թոքաբորբն է եղել․ - «Դրանից երեք օր առաջ ես մեր տուն բերել եմ մանկաբույժին: Ասի մի հատ ստուգի թոքերը, իրա առողջականը ընդհանուր: Ասաց՝ շատ լավ է»:

Տնակում ապրող Խաչատրյանների ընտանիքը սոցիալապես անապահով է, սակայն Կարենն ասում է՝ սննդի ու վառելիքի պակաս երբևէ չեն ունեցել:

Ի դեպ, նրանց տնակի կողքին այն կիսակառույցն է, որը արդեն 3 տարի է «Գլենդել Հիլզը» ավարտին չի հասցնում, որ ընտանիքը տնակից բնակարան տեղափոխվի: