ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ին Սիրիայում իր ինքնաթիռներն օգտագործելու թույլտվություն տալու հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողների հետ հանդիպմանը, Բրյուսել, 9-ը փետրվարի, 2016թ.

Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է Միացյալ Նահանգներին Սիրիայում ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները օգտագործելու թույլտվություն տալու հարցը։ Վաղը Բրյուսելում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքին ընդառաջ դաշինքի կենտրոնակայանում այդ մասին այսօր հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ի բոլորը երկրները «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի անդամ են։ Հուսով եմ՝ դաշինքը կաջակցի նրանց, մենք ակտիվ քննարկում ենք ԱՄՆ-ին ինքնաթիռ օգտագործելու թույլտվություն տալու հարցը, սա էականորեն կամրապնդի «Իսլամական պետությանը» հարվածներ հասցնելու միջազգային կոալիցիայի հնարավորությունները»,- ասաց գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգը շեշտեց, որ դաշինքը միջազգային կոալիցիայի մաս չի կազմում, իրենք այլ կերպ են պայքարում.- «Մենք աջակցություն ենք տրամադրում, մենք աջակցում ենք տեղի ուժերին, օրինակ, Հորդանանին ենք աջակցում, շուտով կսկսենք Իրաքի զինված ուժերի սպաների վերապատրաստման ծրագիրը։ ՆԱՏՕ-ի այսպիսի ծրագրերը ևս ներդրում են «Իսլամական պետության» դեմ պայքարում»։

Ստոլտենբերգը վստահ է, որ միայն տեղի ուժերը կարող են լուծել խնդիրը, արտերկրից բերված զորքերով ճգնաժամը հարթել չի ստացվի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայում հակամարտող կողմերին հրադադարի և բանակցությունների կոչ արեց, ասաց, որ Ռուսաստանի օդային հարվածները միայն խանգարում են կողմերի քաղաքական հաշտության հասնելու հնարավորությանը։

«Ավիահարվածները միայն ստիպում են տասնյակ հազարավոր մարդկանց գնալ թուրքական սահման, իսկ դա միայն խորացնում է հումանիտար աղետը»,- ասաց նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ իրենք առաջիկա օրերին քննարկելու են միգրանտների հարցը, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցությունը, որին դաշինքը, ըստ գլխավոր քարտուղարի, պատրաստ է։