Ռոբերտ Բալայանին կորցրած տունը ետ գնելու առաջարկ է արվել, բայց պահանջվող գումարը գտնելու հույս, միևնուն է, չունի

Ռոբերտ Բալայան, արխիվ

Երեք սենյականոց բնակարանը սնանկանալու պատճառով կորցրած վանաձորցի ընտանիքի առաջ տան նոր սեփականատերը պայման է դրել՝ 810 հազար դրամով ձեռքբերած գույքը կվերադարձնի մեկուկես միլիոն դրամի դիմաց։ «Մինչև այս ամսվա վերջը գումարը վճարելու դեպքում նոր տերերը կհրաժարվեն տնից»,- ասում է ընտանիքի հայրը՝ 40-ամյա Ռոբերտ Բալայանը։

Նա արդեն 3 տարի է՝ ամեն կերպ փորձում է իր երեք սենյականոց բնակարանը ետ բերել։ Անչափահաս երեխայի մոտ որոշ ժամանակ առաջ անսպասելիորեն ի հայտ եկած ծանր հիվանդության պատճառով ընտանիքի ծախսերը քառակի ավելացել են, ինչից մեկ տարի անց Ռոբերտը նաև աշխատանքն է կորցրել, պարտքեր կուտակել ու հայտնվել աղքատության ճիրաններում։ Բանկը աճուրդի է հանել բնակարանն ու ժամանակին ավելի քան 4,5 միլիոն դրամով ձեռքբերված անշարժ գույքը վաճառել 800 հազար դրամով։

«Հրապարակումից հետո չգիտեմ՝ արձագանքներն էդ մարդկանց մոտ ինչ առաջացրեց, իրանք զանգեցին ու առաջարկեցին՝ մինչև ամսի 25-ը մենք պատրաստ ենք տունը հետ վերադարձնել: Էդ գումարը կտաս, մենք էդ տանից կհրաժարվենք։ Ու հակառակը, առավոտը ստանում եմ նամակ ԴԱՀԿ-ից ...., որ եթե մինչև ամսի 29-ը դուրս չգանք, մեզ կվտարեն: Էս պարագայում ես չեմ պատկերացնում՝ ինչու են ևս մեկ անգամ ընտանիքս սթրեսի ենթարկում»,- ասում է Բալայանը:

Խնդրի վերաբերյալ «Ազատության» նախորդ ռեպորտաժից հետո որոշ արձագանքներ է ստացել։ Շատերը հուսադրող կոչեր են արել, ոմանք անգամ օգնության կոնկրետ առաջարկներ են արել, սակայն կարճ ժամանակում ավելի քան երեք հազար դոլար գտնելու ճանապարհը չի տեսնում։ «Յուրաքանչյուր աշխատանքի էլ պատրաստ եմ հանուն իմ ընտանիքի, հանուն երեխայի, բայց ես իմ միջոցներով չեմ գտնի էդ գումարը»,- ասում է Բալայանը։

Բանկում գրավադրված տունը կորցրած Ռոբերտ Բալայանը ծանրութեթև է անում այս ամբողջ պատմության ընթացքում արածներն ու չարածներն ու ամփոփում՝ Հայաստանում բազմաթիվ են նման դեպքերը։ Ամեն ինչ կորցնելու վտանգի տակ հայտնված վանաձորցի ընտանիքն այժմ ընդամենը մեկ շաբաթ ժամանակ ունի՝ իրավիճակն իրենց օգտին շրջելու համար։ Ռոբերտ Բալայանը թեև ասում է, թե ամեն ինչ կանի տարիների իր վաստակով գնած տունն «ուրիշի ձեռքին չթողնելու համար», բայց նաև վախ ունի, որ «հարկադրանքով կվտարեն»: