Երևանի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ծեծի ենթարկելուց մեկ ամիս անց քրեական գործով մեղադրյալներ և կասկածյալներ առայժմ չկան, Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ իրավապահները քաղաքական իշխանության պատվերն են կատարում․ ֊ «Սա իրենց ձեռագիրն է: Եթե կա հովանավորչություն, ապա, իհարկե, մեղադրանք առաջադրելը կձգձգվի, և հետագայում, եթե նույնիսկ կան բոլոր ապացույցները, կարող են մեկնաբանել, որ ապացույցները բավարար չեն: Բայց դա մեզ չի կաշկանդում: Մենք համապատասխան և՛ միջնորդություններով, և՛ բողոքներով հանդես ենք գալիս, և, իհարկե, իրենց հանգիստ չենք թողնելու»:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, բացի բուն բռնարարներից՝ Մարինա Խաչատրյանին ապտակողը, մազ քաշողը, հրողը, սեռական ոտնձգություն իրականացնողը և այլն, պետք է նաև որպես մեղադրյալ ներգրավվի Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը, տեսնելով կոյողաջրով լի տարաներով իրեն մոտեցող կանանց, հրահանգել էր՝ դեմը առեք: ֊ «Նրանից էր կախված այդ նիստի ընթացքը», ֊ ասում է ընդդիմադիր գործիչը: ֊ «Նա էր հենց այդ ապօրինի հրահանգներ տվողը, և նա չէր կարողանում վարել նիստը: Հետևաբար, նրա պատասխանատվության ներքո է այս ամենը՝ և՛ բռնությունը, և՛ հրահանգները, և՛ մեր նկատմամբ ճնշումներ գործադրելը: Եվ ոչ միայն «դեմը առեք»․․․ Ոստիկանությանը հրավիրելը, նաև հոգեբուժարանից այդ բուժակներին հրավիրելը»:
Մարինա Խաչատրյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Հարուցված քրեական գործը խուլիգանության և ծեծի հոդվածներով է: «Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Փոստանջյանը չունի իրավապաշտպանների մտահոգությունը, թե խուլիգանության մեղադրանքը կարող է իրենց առաջադրվել՝ նիստերի դահլիճ կոյուղաջուր բերելու համար․ ֊ «Քաղաքապետարանում մենք գտնվում էինք նիստերի դահլիճում և ներկայացնում էինք մեր քաղաքացիների իրավունքները և այդ ձև էինք ներկայացնում: Դա մեր իրավունքն է՝ ինչ ձևաչափով հանդես գալ և ինչ մեթոդներ կիրառել: Իսկ խուլիգանները ոչ միայն խուլիգանություն էին, այլ նաև, հավանաբար, և՛ թմրանյութերի, և՛ ալկոհոլի ազդեցության տակ»:
Այն, որ քրեական պատասխանատվության պիտի ենթարկվի նաև Տարոն Մարգարյանը, պնդում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ում համոզմամբ՝ «դեմն առեք» հրահանգով քաղաքապետը բռնություն է հրահրել, ավելին՝ այս միջադեպից հետո խտրական վերաբերմունք ցույց տվել ընդդիմադիր կանանց նկատմամբ՝ արգելելով նրանց ծառայողական մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղ, հեռացնելով նրանց կենսագրականները քաղաքապետարանի պաշտոնական կայքից և այլն:
«Թե՛ քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը, թե՛ ՀՀԿ մեծամասնության ներկայացուցիչները փոքր֊ինչ զղջում, մեղքի զգացում կամ առնվազն՝ ներողություն խնդրելու բացակայությունը խոսում է իրենց անպատժելիության զգացման մասին: Ավելին, ես հակված եմ մտածելու, որ հաջորդ նման տիպի ակցիաների ընթացքում շատ ավելի վատ կարող են իրենց դրսևորել, որովհետև եթե մնում են անպատասխան և անպատիժ, բնականաբար, դա հանդիսանում է նաև հովանավորումը», ֊ «ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Սաքունցը:
Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետը «Երկիր Ծիրանի»-ի երեք կին անդամներին չի նվիրել մարտիության շնորհավորական բացիկներ և բանկային դրամական քարտեր, այնինչ իր ղեկավարած «Հանրապետական»-ի և քաղաքապետարանի աշխատակազմի կանանցից բացի նաև ընդդիմադիրը մյուս՝ «Ելք» խմբակցության կանայք են որպես նվեր ստացել 20 հազարական դրամ:
«Մենք այստեղ ենք եղել ամբողջ օրը, որևէ մեկը չի եկել, չի մոտեցել մեզ որ ինչ֊որ մի բան փոխանցի: Եվ երկրորդը՝ արդեն իսկ հարցում եմ ուղարկել, թե ինչպիսի՞ ընթացակարգով է տեղի ունենում նման նվերների բաշխումը, հատկապես, երբ դա դրամ֊քարտ է, և որ աղբյուրից է դա գոյացել, որովհետև նվերներ գնել և բաժանելը քաղաքային բյուջեի հաշվին՝ նման գործառույթներ նա իրավասու չէ կատարել: Որբի կամ սոցիալապես անապահովների հաշվին չի կարելի նվերներ բաժանել քաղաքապետարանի աշխատակիցներին», ֊ մեզ հետ զրույցում հայտարարեց Փոստանջյանը:
Քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ ավագանու և աշխատակազմի կին անդամներին 20 հազար դրամներով բանկային քարտերը հատկացվել են «Երևան» հիմնադրամի միջոցներից, և որ այսպես մարտի 8-ը նշելը արդեն վաղուց քաղաքապետարանում «բարի և սիրված ավանդույթ» է։