Երկրում ծագած ցանկացած խնդիր պետք է լուծել տեխնոլոգիական մեթոդներով. ՏՏ ոլորտի մասնագետ

Որպեսզի դադարի ուղեղների արտահոսքն ու երիտասարդ մասնագետները վերադառնան Հայաստան, միայն բարձր տեխնոլոգիաների զարգացման մասին հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ, ասում է ամերիկյան VMware ընկերության ինժեներական բաժնի տնօրեն Խաչիկ Նազարյանը։

Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր. - «Մենք խաղադրույք կատարող, ընդերքը քանդող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական երկրի»։

Խաչիկ Նազարյանը կարծում է՝ երկրում ծագած ցանկացած, այդ թվում նաև կառավարման ոլորտի խնդիրները պետք է լուծել առաջին հերթին տեխնոլոգիական մեթոդներով։ Սակայն այստեղ էլ բախվում են խնդրի՝ պետական ապարատում, ըստ նրա, մասնագետների պակաս կա։ Լավագույններին պետական ապարատում ներգրավելու համար լուծումներ է պետք փնտրել:

«Ես չեմ տեսնում բավարար մասնագետներ: Ընենց որ, ավելի լավա՝ քթները չմտցնեն էկոնոմիկայի մաս, բայց լսեն մասնագետներին պետական կառավարման մեջ էլեկտրոնային լուծումներ ներդնելու մասով։ Ես երեկ լսում էի Գագիկ Հարությունյանին, ինքն էլ էր ասում արդարդատության մեջ էլեկտրոնային համակարգի մասին: Ասում եմ՝ տեսնես ով է անում, ինքն ասում է՝ ծրագրավողները։ Ես, չափազանցություն չլինի, բոլորին ճանաչում եմ, որ ընդունակ են նման խնդիր դնելու, լուծելու ու ոչ մեկը դրա մեջ ներգրավված չի։ Իրենք պիտի մի քիչ իջնեն ամպերից, հավատան, որ էդ մի գործից էլ իրենք լավ չեն հասկանում։ Ինքը հասկանում է՝ արդարադատությունից, բայց էդ մի գործից չի հասկանում: Դա իրենց հայտարարություններից էլ է երևում։ Հազար անգամ լսած կլինեք՝ ընտրություններին օգտագործել բլոկչեին, որը մեղմ ասած հիմարություն է հնչում։ Դա երևում է, որ Վիկիպեդիայի մակարդակի է հասկանում տեխնոլոգիան ինչի մասին է», - նշեց VMware ընկերության ինժեներական բաժնի տնօրենը։

«Ոլորտի առաջընթացին մի քանի գործոն կարող են նպաստել՝ կրթությունը և ՏՏ ոլորտում հետազոտությունները, Հայաստանում միջազգային ընկերությունների առկայությունը և տեղական ընկերությունների զարգացումը», - ասում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, հավելելով՝ այն, որ ոլորտի խնդիրները նախկինում էլ կային և շարունակում են մնալ, դա նորություն չէ: Նախարարը, սակայն, լավատես է, ասում է, որ գործուն քայլերի դեպքում առաջընթացը շուտով տեսանելի կլինի։

«Ունեցել ենք այց Կանադա և ԱՄՆ, որտեղ տեղի են ունեցել շատ գործնական քննարկումներ և հանդիպումներ մեր էնտեղի ընկերությունների հետ և նաև գործարար համայնքի հետ, և իրենց կոնկրետ պրոյեկտներ են առաջարկվել ներդրումային, որոնց միջոցով իրենք կարող էին իրենց մասնակցությունը բերել ոչ միայն ֆինանսական այլ նաև տաղանդի, այսինքն՝ փորձի և գիտելիքի տեսանկյունից։ Այդ պրոյեկտներից մեկը ազգային վենչուրային ֆոնդն է։ Ընկերություններ կան, որոնք արդեն մասնաճյուղեր են հիմնում Հայաստանում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հակոբ Արշակյանը։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Սիլիկոնյան հովիտ կատարելիք առաջիկա այցի ընթացքում քննարկվելու է նաև միջազգային ընկերություններին Հայաստան բերելու հարցը:

Ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հայաստանցի երիտասարդները նոր հնարավորություններ երկրից դուրս են փնտրում նշեց Արշակյանը՝ շարունակելով. - «Ինժեներների համար բավականին կարևոր է լինել միշտ ամենազարգացած տեխնոլոգիական մակարդակի վրա և աշխատել աշխարհն առաջ տանող ամենակարևոր պրոյեկտների վրա և կարծում եմ, որ այդպիսի մեծ հնարավորություններ, ցավոք սրտի, Հայաստանում դեռևս չկան»։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար Խաչիկ Նազարյանը պետական այրերին նախևառաջ խորհուրդ է տալիս. - «Այ սիրելի պետական գործիչներ, հասկացեք, որ մեր ոլորտում մենեջմենթ սքուլերն ավարտած գալստուկավորները չեն ներկայացնում մեր ոլորտը։ Իրենք բոլորը [մեր] ոլորտից են, բայց իրենք երբեք թեևերը քշտած տեխնոլոգիական գործ արած չկան, մի տող ծրագիր գրած չկան, տեխնիկական խնդրի լուծում իրենց հետ պետք չի քննարկել: Երբ որ որոշում եք ընտրություններում չգիտեմ ինչի բլոկչեին օգտագործել կամ չէ, այդտեղ պետք է մասնագետի հետ խոսել, այն մասնագետի, ով կարա հիմա համակարգիչը բացի ու այդ գործը անի»։