Անարդյունավետ որակելով քաղաքապետի աշխատանքը՝ պնդում էին, թե նրա պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում Արարատում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել․ - «Միայն պաշտոնական դիրքի չարաշահումներ, յուրացումներ, թերացումներ, բազմաթիվ ֆինանսական միջոցների կորուստներ»:
Հարցին, թե ինչու մինչև հիմա չէին բողոքում արդեն հինգ տարի պաշտոնավարող քաղաքապետից, արարատցի մի տղամարդ պատասխանեց․ - «Որովհետև Սերժիկը գոյություն ուներ»:
Հանրապետական Հայկ Հայկյանը քաղաքապետ ընտրվել է 2013 թվականին, 2017-ին վերընտրվել է: Բողոքող քաղաքացիները, սակայն, պնդում են, թե ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով, ականատես են եղել՝ ինչպես է կաշառք բաժանվում, որպեսզի Հայկ Հայկյանի օգտին քվեարկեն։
«Ես ներկա եմ եղել կաշառքի բաժանմանը, բայց չենք կարա իրանց վրա, որովհետև համակարգը վերևից իրանց թևի տակ էր․․․ Բոլորին էլ գումար էին բաժանում», - պատմեց մի կին:
Մինչդեռ քաղաքապետը պնդում է, որ մեղադրանքներն անհիմն են, ճնշումների չի ենթարկվելու, հրաժարականի պահանջ էլ չի կատարելու:
Ի տարբերություն համաքաղաքացիների՝ Հայկ Հայկյանը իր աշխատանքից գոհ է․ - «Քաղաքացիներն ընդամենը 15 հոգի են: Էդ քաղաքացիներն ասում են՝ դու հին մարդ ես, դու պիտի գնաս, երիտասարդները գան ղեկավարեն։ Ես էլ իրանց ասել եմ, որ ես հրաժարական չեմ տալու: Ընդամենը մի ամիս առաջ են իրանք սկսել էս ակցիան, իրանք էկել են իմ մոտ, ես իրենց բացատրել եմ էդ բոլոր տեսակի աշխատանքները, ինչ որ կատարվել ա: Եվ ասել եմ՝ եթե կգնաք, կհավաքեք 4000 ձայն, ստորագրություն, ես հրաժարական կտամ։ Իրանք ստորագրահավաք են արել, ինչ-որ 2000 ձայն են հավաքել: Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ էստեղ քարոզարշավի, իրեն փոխանցել են ստորագրությունները: 433 միլիոնի աշխատանք է կատարվել Արարատ քաղաքում մեր բյուջեով: Եթե դրանից ավել հնարավոր էր անել, ես կանեի: Առավելագույնն արել քաղաքի համար»:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ, սակայն Հայկ Հայկյանը դեմ է․ - «Դա մանկական խաղ է, ես համամիտ չեմ էդ կարծիքի հետ: Ես ընտրված քաղաքապետ եմ, կգա իմ ժամանակը՝ 2022 թվականին է լրանում, էդ ժամանակ արդեն ես նորից կորոշեմ՝ նորից դնեմ թե չդնեմ»:
Բողոքող արարատցիներն էլ իրենց հերթին պնդում են, որ շարունակելու են բողոքի ակցիաները այնքան ժամանակ, մինչև քաղաքապետը հրաժարական ներկայացնի։