Չեխիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 5589-ի, մահացել է 113 մարդ, ապաքինվել է 309 հիվանդ:
Չեխիայի խորհրդարանը վավերացրել է երկրում արտակարգ դրությունը մինչև ապրիլի 30-ը երկարաձգելու կառավարության որոշումը:
Միաժամանակ, արգելքների մի մասը չեղարկվել է, և ոչ պարենային խանութների որոշ ցանցեր ստացել են առևտուր անելու հնարավորություն:
Ենթադրվում է, որ Զատկի տոներից հետո վերաբացվող խանութների և ծառայությունների ցանկը կընդլայնվի:
Պահպանվել է հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը, բացառություն է արվելու վարորդների և նույն մեքենայում գտնվող ուղևորների համար, պայմանով, որ նրանք մեկ ընտանիքից են:
Բացի այդ, դիմակները պարտադիր չեն մանկահասակ երեխաների, հիվանդների և դրսում՝ սոցիալական հեռավորության կանոնը պահպանելու պայմանով, սպորտով զբաղվողների համար:
Նախօրեին վարչապետ Անդրեյ Բաբիշն ուղերձով դիմել է քաղաքացիներին, ասելով, թե մոտենում է ժողովրդի ամենասիրած տոներից մեկը՝ Զատիկը: «Գիտեմ, որ անսովոր տհաճ խնդրանքով եմ դիմում ձեզ, կգա Զատիկը, ուրախացեք, կերուխումով տոնեք, բայց շատ եմ խնդրում, հյուր մի գնացեք, հյուր մի ընդունեք և ամենակարևորը՝ մի այցելեք ձեր տարեց ազգականներին, մեր տատիկներին ու պապիկներին, նրանք են ամենախոցելի խումբը: Եթե սիրում եք նրանց՝ օգնեք, հետները զրուցեք, շնորհավորեք, բայց մի այցելեք», - ասել է Չեխիայի վարչապետը: