Ռումինիայում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 5 հազար 200-ը, մահացել է առնվազն 246 մարդ:
Ռումինիայում վիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին, իսկ առաջին մահը՝ մարտի 22-ին:
Մարտի 16-ից երկրում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն, որը, հավանաբար, կերկարաձգվի ևս մեկ ամսով:
Չնայած կարանտինի խիստ ռեժիմին և այն խախտելու համար մեծ տուգանքներին, երեկ մոտ 2 հազար մարդ հավաքվել է Կլուժ քաղաքի օդակայանի ավտոկայանման հրապարակում, հուսալով չարթերային չվերթներով մեկնել Գերմանիա՝ սեզոնային աշխատանքի:
Ռումինիան կորոնավիրուսի կապակցությամբ չի արգելում քաղաքացիներին մեկնել արտասահման, քանի որ այդպես մարդիկ աշխատանքի հարց են լուծում և դրանով թուլացնում են երկրի ներսում առկա ծանր սոցիալական և տնտեսական ճգնաժամը:
Ռումինիայի խնդրանքով Գերմանիան անցած շաբաթ համաձայնել է խիստ ստուգումների իրականացման՝ պայմանով՝ ընդունել 80 հազար սեզոնային աշխատող:
Այդուհանդերձ, Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանը պաշտոնանկ է արել Կլուժի օդակայանի ղեկավարներին, քանի որ նրանք երեկ չեն կարողացել ավտոկայանման հրապարակում հավաքված ամբոխի շրջանում ապահովել սոցիալական հեռավորության կանոնը: