Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե նախագահներ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի միջև անձնական հարաբերություններ պահպանելու իմաստ չի լինի այն դեպքում, եթե Վաշինգտոնը շարունակի Փհենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը:
Փհենյանն այդ մասին հայտարարել է հունիսի 12-ին, երկու տարի առաջ այդ օրը տեղի էր ունեցել նախագահներ Կիմի և Թրամփի առաջին պատմական հանդիպումը:
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ռի Սոն Գվոնը հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությանն ասել է, թե քանի դեռ Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի համար հանդիսանում է սպառնալիք, Հյուսիսային Կորեան դրան հակազդելու համար կշարունակի զարգացնել զինված ուժերը:
Արտգործնախարար Ռին նաև ասել է, թե «Թրամփի վարչակազմը սոսկ ցանկանում է քաղաքական միավորներ վաստակել և միաժամանակ փորձում է մեկուսացնել ու խեղդել հյուսիսկորեական պետությունը»:
Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը փոխադարձ սպառնալիքներ են հնչեցրել 2017 թվականին, ապա հանդիպել են 2018-ին Սինգապուրում, երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականին Հյուսիսային և Հարավային Կորեայի սահմանին գտնվող Պանմունջոմի անցակետում: