Հյուսիսային Կորեան մտադիր չէ շփումներ ունենալ Միացյալ Նահանգների հետ

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Սոն Գվոն, արխիվ

Պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ այս պահին չունի Միացյալ Նահանգների հետ բանակցելու մտադրություն:

«Մենք անիմաստ ենք համարում ԱՄՆ-ի հետ շփումներ պահպանելու գաղափարը և այս պահին այն նույնիսկ չենք քննարկում, դա ժամանակի անիմաստ վատնում է», - ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Սոն Գվոնը:

Նրա փոխանցմամբ, արտաքին գերատեսչությունը միանշանակ կիսում է Հյուսիսային Կորեայի Բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության և ագիտացիայի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնի կարծիքն այդ հարցում:

Կիմ Յո Չժոնը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրն է, վերջերս նա ասել է, թե «Միացյալ Նահանգները պետք է զգուշորեն ըմբռնի Փհենյանից հասնող ազդակները, որ հետագայում խուսափի հնարավոր հիասթափություններից և սխալ ակնկալիքներից»:

ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել է Հյուսիսային Կորեայի լիդերի ազդեցիկ քրոջ այդ հայտարարությանը, նշելով, որ «Վաշինգտոնը ցանկանում է հասնել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը և պատրաստ է շարունակել երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ»:

Հունիսի սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում Փհենյանը պետք է պատրաստ լինի թե՛ երկխսության և թե՛ հնարավոր առճակատման: