Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկն ընտրվել է «Քաղաքացիական հարթակ» լեհական ընդդիմադիր կուսակցության ղեկավարի տեղակալ և նախագահի պաշտոնակատար:
Տուսկն ասել է, որ Յարոսլավ Կաչինսկու առաջնորդած «Իրավունք և արդարություն» իշխող պահպանողական կուսակցության վարած քաղաքականությունը երկիրը հասցրել է «միջազգային ասպարեզում ամբողջական մեկուսացման»:
«Այսօր Լեհաստանում չարիքն է ղեկավարում, և մենք պարտավոր ենք պայքարել այդ չարիքի դեմ»,- ասել է Տուսկը «Քաղաքացիական հարթակ» կուսակցության համագումարում:
«Քաղաքացիական հարթակն» ազատական-պահպանողական կուսակցություն է, որի համահիմնադիրների թվում է նաև Դոնալդ Տուսկը:
Նա 7 տարի զբաղեցրել է Լեհաստանի վարչապետի պաշտոնը, 2014 թվականին ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ: 2014 -19 թվականներին զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը:
«Ես 100 տոկոսով վերադարձել եմ քաղաքականություն»,- ասել է Տուսկը «Քաղաքացիական հարթակի» համագումարում:
Լեհաստանում խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին: