Հոնդուրասում տեղի է ունեցել այդ երկրի պատմության ընթացքում առաջին կին նախագահ Սիոմարա Կաստրոյի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը:
Նա իշխանությունը ստաձնում է քաղաքական բարդ իրավիճակում, որն էլ ավելի սրվել է խորհրդարանում տարաձայնությունների խորացման և միջազգային ասպարեզում Չինաստանի հետ աճող լարվածության հետևանքով:
«Անցած12 տարիների ընթացքում Հոնդուրասի գահավիժումը շարունակվել է, ես սնանկ պետություն եմ ժառանգում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ է արել նախորդ կառավարությունը 20 միլիոն դոլարի վերջին վարկի հետ»,- ասել է նորընտիր նախագահն իր պաշտոնամուտի ուղերձում: Սիոմարա Կաստրոն Հոնդուրասի նախկին նախագահ Մանուել Զելայայի կինն է:
Հոնդուրասի պարտքը հասնում է 15.5 միլիարդ դոլարի: Հոնդուրասը համարվում է Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանի ամենաաղքատ և թերզարգացած պետություններից մեկը:
Նորընտիր նախագահն ասել է, որ առաջնահերթությունը կլինի երկրում համատարած թշվառության դեմ պայքարը:
Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը:
Բարձրաստիճան հյուրերի թվում էր նաև Թայվանի փոխնախագահ Ուիլյամ Լայը: Հոնդուրասն աշխարհի 14 երկրներից է, որոնք պաշտոնական դիվանագիտական կապեր ունեն Թայվանի հետ:
Չինաստանը Թայվանը համարում է իր անբաժան մաս և սկզբունքորեն սառեցնում է հարաբերությունները Թայվանին սատարող երկրների հետ:
Թայվանի փոխնախագահի այցը Հոնդուրաս կարող է էլ ավելի սրել այդ փոքրիկ և աղքատ պետութան և գերտերության հարաբերությունները: