Ամիսներ տևած բանակցություններից հետո Վաշինգտոնն ու Անկարան հայտարարում են երկկողմ հարաբերություններում լարվածության հաղթահարման մասին՝ պատրաստակամություն հայտնելով կենտրոնանալ տնտեսական, պաշտպանական ոլորտներում համագործակցության վրա։
Երկուշաբթի օրը Անկարայում Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի բանակցություններից հետո երկու երկրները հայտարարել են ռազմավարական մեխանիզմի գործարկման մասին՝ «երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով»:
Թուրք-ամերիկյան հարաբերությունները սրվել են մի շարք հարցերի՝ այդ թվում Անկարայի կողմից ռուսական սպառազինության ձեռքբերման, Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տարաձայնությունների պատճառով։ Ի պատասխան՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել թուրքական պաշտպանական արդյունաբերության նկատմամբ և դուրս թողել դաշնակից Անկարային F-35 կործանիչների ծրագրից: