Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների միջև բախումներից ավելի քան չորս տասնյակ մարդ է տուժել

Պաղեստինցների և իսրայելցի ուժայինների հերթական բախումները Տաճարի լեռան վրա, 22-ը ապրիլի, 2022թ․

Երուսաղեմում պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների միջև հերթական բախումների ընթացքում ավելի քան չորս տասնյակ մարդ է տուժել, մեծ մասը հոսպիտալացվել է, հայտնում է պաղեստինյան Կարմիր մահիկի կոմիտեն։

Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ անկարգությունները տեղի են ունեցել Ալ-Աքսա մզկիթի տարածքում. «ջարդարարները» քարեր, ճայթուցիկներ են նետել Լացի պատի ուղղությամբ։

AFP-ի թղթակցի փոխանցմամբ, ի պատասխան Իսրայելի անվտանգության ուժերը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել։

Իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածությունը վերջին շրջանում կտրուկ սրվել է, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ալ-Աքսա մզկիթի մոտ բախումների հետևանքով ավելի քան 250 մարդ է տուժել։ Մինչ այդ էլ, մարտ ամսին, 14 իսրայելցիներ մի շարք ահաբեկչությունների զոհ են դարձել։

Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական զորքերի հատուկ գործողությունների հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել։