Ռուսաստանի և Բելառուսի բուհերը դուրս մնացին Բոլոնիայի գործընթացից

Ռուսաստան - Մոսկվայի պետհամալսարանը, արխիվ

Ռուսաստանյան և բելառուսական կրթական կազմակերպությունները դուրս են մնացել Բոլոնիայի գործընթացից՝ Ուկրաինայի պատերազմին ռեկտորների մեծամասնության աջակցության ֆոնին։ Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Դմիտրի Աֆանասևը:

«Ապրիլի 11-ին Բոլոնիայի խումբը հայտարարեց Բոլոնիայի գործընթացի բոլոր կառույցներում Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցչությունը դադարեցնելու որոշման մասին», - ասել է Աֆանասևը՝ հավելելով, որ «դրանով իսկ երկրի փաստացի բոլոր կրթական կազմակերպությունները դուրս են թողնվել Բոլոնիայի գործընթացից»:

Ռուսաստանը Բոլոնիայի գործընթացին մասնակցում էր 2003 թվականից։ Այն նախատեսում է կրթության երկաստիճան համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա:

Բոլոնիայի գործընթացին Ռուսաստանի մասնակցության նպատակահարմարությունն արդեն քննարկվել է արևմտյան երկրների հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, սակայն քննարկումը զգալիորեն սրվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Մայիսի 24-ին գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ծրագրում է հրաժարվել Բոլոնիայի կրթական համակարգից և մշակել սեփականը։

Հունիսի 1-ին Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը նաև խորհուրդ էր տվել բուհերին չմասնակցել ուսանողների փոխանակման «Էրազմուս+» ծրագրին։ 2014 թվականից ի վեր Ռուսաստանից ծրագրին մասնակցել է ավելի քան 13,2 հազար ուսանող։