Մինչ ռազմական փորձագետները, այդ թվում արևմտյան, պնդում են, թե ուկրաինական հակահարձակումը դանդաղ է ընթանում, երեկ ուկրաինական ստորաբաժանումները ազատագրել են առաջին բնակավայրը Զապորոժիեի մարզում. - «Այսօր, հունիսի 18-ին մեր գրոհային բրիգադը ազատագրել է Պայտիխատկա գյուղը։ Ռաշիստները փախչում էին, և այդպես է լինելու բոլոր բնակավայրերում»։
Առաջխաղացումն իրականացվել է Ղրիմի ուղղությամբ, որը համարվում է ռուսների ամենապաշտպանված հատվածներից մեկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հայտնել է երկու շաբաթվա ընթացքում 8 բնակավայր ազատագրելու մասինՎերջին երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժերը 8 բնակավայր են ազատագրել Բերդյանսկի և Մելիտոպոլի ուղղություններով։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով, ազատագրվել է ընդհանուր առմամբ 113 քառակուսի կիլոմետր տարածք։
Մալյարի ներկայացրած փաստերը համապատասխանում են բրիտանական հետախուզության տվյալներին, որոնց համաձայն ռուսական հրամանատարությունը վերջին 10 օրվա ընթացքում սկսել է զորքերի մի մասը Դնեպրի արևելյան ափից տեղափոխել այլ ուղղություններ, այդ թվում՝ Բախմուտի շրջան։
Մինչեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերին հաջողվել է հետ մղել Ուկրաինայի զինված ուժերի գրոհը Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Նովոդոնեցկոյե գյուղի տարածքում։
Ավերակներ և զոհված ռուս զինվորականներ. Ուկրաինայի հակահարձակման առաջին օրերը
Շաբաթավերջին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Կիևը այս հակահարձակման ընթացքում հաղթելու հնարավորություն չունի՝ հավելելով, թե ուկրաինական բանակը մեծ կորուստներ է ունեցել, այդ թվում՝ հինգ ամերիկյան Patriot։
Ուկրաինայի նախագահը Պուտինի այս պնդումը հերքել է. - «Անկախ նրանից, թե ով է Ռուսաստանում ասում, որ մեր Patriot-ները ոչնչացվել են, բոլոր Patriot-ներն իրենց տեղում են և խոցում են ռուսական հրթիռները: Եվ անում են դա հնարավորինս արդյունավետ: Ոչ մի Patriot չի ոչնչացվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտին․ «Հակահարձակման ընթացքում Ուկրաինան 186 տանկ և 418 զրահամեքենա է կորցրել»Ուկրաինային սահմանակից ռուսական Վալույկի քաղաքի հրետակոծության հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նրա խոսքով, վնասվել է հինգ բազմաբնակարան շենք և չորս սեփական տնային տնտեսություն։
Baza Telegram ալիքը հայտնում է, թե առավոտյան Բելգորոդի մարզի միանգամից մի քանի բնակավայր էր կրակի տակ հայտնվել։
ՆԱՏՕ-ն Ուկրաինային կառաջարկի «հետագա մերձեցման միջոցներ»
Ռազմական թեժ գործողություններին զուգահեռ ՆԱՏՕ-ն այսօր հայտարարել է, որ հուլիսին Վիլնուսում կայանալիք գագաթնաժողովին Կիևը չի ստացա դաշինքին միանալու հրավեր։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, փոխարենը պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային կառաջարկվեն ՆԱՏՕ-ի հետ հետագա մերձեցման միջոցներ։ Դրանց թվում է «Ուկրաինա-ՆԱՏՕ» խորհրդի ստեղծումը և Կիևին ռազմական օգնության երկարաժամկետ ծրագրի հաստատումը։
«Նախ բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Բայց մենք չենք պատրաստվում քննարկել հրավերը Վիլնյուսի գագաթնաժողովում, այլ կքննարկենք, թե ինչպես կարող ենք Ուկրաինան մոտեցնել ՆԱՏՕ-ին։ Եվ ես վստահ եմ, որ մենք կգտնենք լավ լուծում», - ասել է Ստոլտենբերգը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո Ստոլտենբերգը նաև ողջունել է ուկրաինական զորքերի վերջին հաջողությունները ռազմաճակատում և անընդունելի անվանել Ուկրաինայում հակամարտության «սառեցումը»։