«Արցախցիներից թալանվածը վերադարձվի արցախցուն». այս պահանջով էին մի խումբ արցախցիներ հավաքվել Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ցանկանում էին հանդիպել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:
Շահրամանյանը դուրս եկավ և շուրջ 30 րոպե պատասխանեց հավաքված արցախցիների հարցերին: «Ո՞ւր են անհետացել Արցախի ներդրումային հիմնադրամի միլիոնները, ովքե՞ր են դրանք թալանել», - հարցրեցին նրանք:
Շահրամայնանն արձագանքեց՝ բոլորը բոլորին թալանի մեջ են մեղադրում, բայց այդ գնահատականը իրավապահ մարմինները պետք է տան. - «Ես էլ եմ կողմ, որ էդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին»:
Արցախի վերջին նախագահը հիշեցրեց, որ դեռ 2023-ին ինքը գրությամբ դիմել է Հայաստանի դատախազին, հարուցվել է քրեական գործ, ինքն էլ որպես վկա հարցաքննվել է, իսկ ներդրումային հիմնադրամի կրիչներն առգրավվել են: Ընդգծեց՝ «ձեր բոլոր հարցերի պատասխանները կարող են տալ հենց իրավապահները»:
Արցախի ներդրումային հիմնադրամը 2018-ին էր ստեղծվել՝ Արցախի տնտեսական զարգացմանն աջակցելու համար: Ոչ առևտրային այդ կազմակերպությունը, որ գործարարներին, գյուղատնտեսներին ֆինանսավորել կամ համաֆինանսավորել է՝ գործել է Արցախի կառավարության ենթակայությամբ: Ակցիայի առաջնորդներից Նահապետ Սարգսյանն ու Արթուր Օսիպյանը մի քանի անգամ պնդեցին՝ հրապարակել այդ հիմնադրամից գումարներ ստացած հայտնի անունները և ոչ միայն:
Ներդրումային հիմնադրամի գումարներն, ըստ Շահրամանյանի, սառեցված են, մնացորդը եղել է շուրջ 1.4 մլրդ դրամ:
Սամվել Շահրամանյանը, դիմելով ակցիայի մասնակիցներին, ասաց՝ «ձեզնից շատերն այդ հիմնադրամից գումարներ են ստացել ու չեն վերադարձրել, թալանի մասին խոսելիս դա էլ հիշեք»:
Ինչին ցույցի մասնակիցներն արձագանքեցին. - «Հավատացեք՝ հիմնադրամում այնպիսի գումարներ են յուրացվել, որ կես միլիոն դոլարն էսքանի մեջ բաժանած, դա սովորական մարդիկ են, երևի մեկը մի 5 միլիոն դրամ, 10 միլիոն դրամ վարկ ա վերցրել: Մենք խոսում ենք, պարոն Շահրամանյան, Դուք էլ տեղյակ եք, մանավանդ երկու տարի ԱԱԾ պետ եք եղել Արցախում, ու Արցախը գիտեք, ոնց ա թալանվել, մի բան էլ չեք արել»:
Սամվել Շահրամանյանը խոստացավ երկուշաբթի ընդունել ակցայի մասնակիցներին և աջակցել, որ հանդիպումներ կազմակերպվեն իրավապահ մարմինների հետ: Ներդրումային հիմնադրամի ու իրենց նշած թալանի վերաբերյալ հարցերի հասցեատերերն, ըստ նրա, իրավապահներն են:
«Ես կողմ եմ, որպեսզի այդ կոռուպցիոն բնույթի հանցագործները բացահայտվեն»
Ակցիայի ավարտից հետո Շահրամանյանը պատասխանեց լրագրողների հարցերին, հարց հնչեց՝ այս ցույցն ուղղորդված համարո՞ւմ է:
«Ես կողմ եմ, որպեսզի այդ կոռուպցիոն բնույթի հանցագործները բացահայտվեն, մեղավորները պատժվեն, վերջապես ժողովուրդն իմանա՝ ովքեր են մեղավորները և դա չպրոեկցվի բոլորի վրա», - ասաց նա:
Լրագրողի հարցին՝ «Սամվել Բաբայանի կողմից ուղղորդում տեսնո՞ւմ է», Շահրամանյանը պատասխանեց. - «Ոչ, ես երեկ Սամվել Բաբայանի հետ քննարկել եմ, ինքը կտրուկ մերժել է իր հնարավոր առնչությունն այս բողոքի ակցիային»:
Արցախցիների մեկ այլ խումբ էլ Ազատության հրապարակում է վրան տեղադրել, լրագրողները հարցրնի՝ ինչո՞ւ չեք գնում այնտեղ ու հանդիպում նախաձեռնողների հետ, Սամվել Շահրամայնանն արձագանքեց. - «Որևէ խնդիր չունենք մեր ժողովրդի կողքը կանգնելու»:
«Հայաստանում կա մեկ՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն»
Արցախի վերջին նախագահը դեռ անցած տարի ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում ասել էր՝ Արցախն այլևս տարածք չունի, բայց ֆորմալ առումով կա վտարանդի պետություն և կառավարություն: Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում զգուշացրել էր՝ Հայաստանում մեկ կառավարություն կա: Լրագրողներին այսօր Փաշինյանի այս խոսքերը հիշեցրին Շահրամանյանին:
«Դրա հետ համաձայն ենք, չկա Հայաստանի Հանրապետությունում երկրորդ կառավարություն, կա մեկ՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն: Մենք երբևիցե մեզ չենք համարում, որ մենք Հայաստանի կառավարություն ենք», - արձագանքեց նա:
Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ վարչապետ Փաշինյանի հետ այս ընթացքում շփում չի ունեցել: Խոսելով իշխանությունների կողմից Արցախի էջը փակված համարելու հայտարարություններից, ադրբեջանական ռազմական լայնածավալ հարձակումից հետո Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրած Շահրամանյանն ասաց՝ քանի դեռ բռնի տեղահանված արցախցիները իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հանրավորություն չունեն՝ այդ էջը փակված չէ: Արցախի վերջին նախագահը նաև հայտարարեց, որ դեմ են Մինսկի խմբի լուծարմանը: Հայաստանը պատրաստ է դա անել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ, երեկ խորհրդարանում հայտարարեց վարչապետը:
Բողոքի ակցիայի այսօրվա մասնակիցները նաև իրենց սոցիալական հարցերի մասին էին խոսում, ընդգծում էին՝ ծայրահեղ վիճակում են: Շահրամանյանն ասաց. - «Ասել՝ Հայաստանի կառավարությունը ոչինչ չի ասում՝ սխալ կլինի, որովհետև լուրջ ֆինանսական միջոցներ են ուղղվում այդ ուղղությամբ, բայց դա բավարար չի, որպեսզի արցախցիները արժանապատիվ կարողանան ինտեգրվել ու շարունակել ապրել Հայաստանի Հանրապետությունում: Արցախցիներն իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, որովհետև իրենք ունեն համապատասխան անձնագրեր ու ոչնչով չեն տարբերվում Հայաստանի քաղաքացիներից»:
Անդրադառնալով իրեն վերագրվող հարստությունների թեմային ասաց՝ Երևանում իր 2 սենյականոց ու 60 քմ-անոց բնակարանը գնել է 2012-ին ու հիմա այնտեղ ապրում է իր 5 հոգանոց ընտանիքով: Իսկ հարցին, թե Սամվել Բաբայանն է հավակնում Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվել, պատասխանեց՝ Բաբայանի՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հերքել է դա»:
Ֆորմալ առումով Շահրամանյանի պաշտոնավարումը մեկ ամսից կավարտվի, բայց դա չի նշանակում, որ նորը չի լինի: Արցախի պատգամավորներն օրերս նիստ էին հրավիրել, օրենսդրական փոփոխություններով կարգավորելու նախագահի հետագա պաշտոնավարման հարցը, որ պահպանվեն նախագահի համակարգը: Արցախցիներն ասում են՝ դա իրենց իրավունքները պաշտպանելու համար: