Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, 19 ապրիլի, 2025թ.

Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը:

Երդման արարողությանը Վարդան Ղուկասյանի կողքին էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով ու Հայաստանի հիմնով:

«Երդվում եմ պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը: Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը ու սեփականությունը», - խոստացավ 64-ամյա Ղուկասյանը:

Նա 13 տարվա ընդմիջումից հետո հինգերորդ անգամ է ստանձնում Գյումրիի քաղաքապետի պաշտոնը: Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածուն առաջին նիստում քաղաքապետ ընտրվեց ավագանի անցած չորս ընդդիմադիր ուժերի համախմբման արդյունքում:

Ամենաշատ ձայները ստացած, բայց միայնակ իշխանություն ձևավորելու հնարավորություն չունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» բոյկոտեց ինչպես Ղուկասյանի երդմնակալությունը, այնպես էլ ավագանու առաջին նիստը: