Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի պնդումը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պնդումը, թե այսօր՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Բաքուն հերքելով ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ, պնդել է՝ «Հայաստանի ՊՆ-ը փորձում է միջազգային հանրության մոտ կեղծ կարծիք ձևավորել և հող նախապատրաստել հերթական սադրանքի համար»:

Ընդ որում՝ հերքելով, թե կրակել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, Բաքվի ռազմական գերատեսչությունը միաժամանակ հայտարարում է, թե «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները միայն համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Երևանն այսօր մասնավորապես հայտնել է, որ ադրբեջանական կողմը մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, կրակել է Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը:

Հայկական դիրքերի ուղղությամբ կրակելու Ադրբեջանի հայտարարությանը Երևանը չի անդրադարձել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինուժը կրակել է Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքը

Օրեր առաջ Հայաստանի ՊՆ-ը հաղորդել էր, որ մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով ևս վնասվել էր բնակելի տան տանիք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները կրկին կրակել են Խնածախի ուղղությամբ. ՊՆ-ը հաղորդում է մեկ, բնակիչները՝ մի քանի տան տանիքի վնասվելու մասին

Վերջին շրջանում Բաքուն Երևանին գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում էր իր դիրքերը թիրախավորելու համար, այդ նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների մասին։ Մարտի 31-ից հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։