Թեհրանը Երևանին ու Բաքվին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը

«Իրանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին արագացնել խաղաղության համաձայնագրի կնքումը՝ տարածաշրջանում տևական կայունություն և անվտանգություն հաստատելու, զարգացման և առաջընթացի համար»,- այսօր ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին՝ Հայաստանի անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Իրանի արտգործնախարարը, ըստ «Իսնա» գործակալության, ընդգծել է, որ Թեհրանը չի խնայի ոչ մի ջանք և օգնություն՝ այս փաստաթղթի ստորագրման և դրա իրականացման հետ կապված գործընթացն արագացնելու համար։

Ըստ նույն աղբյուրի՝ Գրիգորյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների վերջին զարգացումները և բարձր գնահատել Իրանի դիրքորոշումը՝ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու հարցում։

Հայկական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ «Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը»:

«Իսնա»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը երկու երկրների միջև հարաբերությունները գնահատել է որպես շատ լավ և դրական, ընդգծել Իրանի հետ համապարփակ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ օգտագործելով առկա հնարավորությունները, այդ թվում Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը:

Արաղչին իր հերթին շեշտել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ լավ ուղու վրա են, և որ Իսլամական Հանրապետությունը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխադարձ շահերի վրա հիմնված բարեկամական հարաբերությունների ընդլայնմամբ։

Միաժամանակ, Արաղչին ընդգծել է Թեհրանի դիրքորոշումը՝ խաղաղ միջուկային էներգիայից օգտվելու իրավունքը պաշտպանելու հարցում, և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին ներկայացրել Իրան-ԱՄՆ բանակցությունների վերջին առաջընթացը։ Ըստ իրանական հաղորդագրության, Գրիգորյանը հույս է հայտնել, որ բանակցությունները կհանգեցնեն դրական և ցանկալի արդյունքների։

Պաշտոնական Երևանը այս մանրամասները չի հայտնել, Անվտանգության խորհուրդը միայն փոխանցել է, որ «անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծվել կայուն ու հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը»:

Արմեն Գրիգորյանը երեկ է մեկնել Իրան՝ մասնակցելու «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։