Վարչապետի դեմ ցույցը լուսաբանելուց 4 տարի անց լրագրողը մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել

Լրագրող Անուշ Միրզոյանը մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ցույցերը լուսաբանելու համար: Խոսքը չորս տարվա վաղեմության դեպքերի մասին է, երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիք էր այցելել ու նրան դիմավորել էին բողոքի ցույցերով, հայհոյանքներով ու սուլոցներով: Այս իրադարձությունները ուղիղ եթերում լուսաբանում էր «Զանգեզուր» հեռուստաընկերության լրագրող Անուշ Միրզոյանը:

Բողոքի ակցիաները լուսաբանած լրագրողին իրավապահները մեղադրում են խուլիգանությանը, անկարգություններին օժանդակելու համար: Ի՞նչ է արել լրագրողը, որ օժանդակել է, ի՞նչ է ասել, որ իրավապահները համարում են քրեորեն պատժելի ու անկարգությունները հրահրող: Ի վերջո քիչ չեն դեպքերը, երբ լրագրողները լուսաբանում են վարչապետի դեմ բողոքի ցույցերը, որոնք ավարտվում են քրեական գործերով: Ինչո՞ւ են հենց այս դեպքի վրա կանգ առել: Քննչական կոմիտեից այդպես էլ չեն բացատրում, չեն մանրամասնում: «Ազատության» հարցերին ընդհանուր են արձագանքել՝ նշելով միայն քրեական գործի ու առաջադրված հոդվածի մասին:

«Ես օպերատորի հետ ուղղակի այնտեղ հեռարձակել ենք այն, ինչ կատարվել է», - պատմեց Միրզոյանը:

Սյունիքի ակցիաներն այդ օրը լուսաբանում էր «Զանգեզուր թիվին», մյուս լրատվամիջոցներն էլ, «Ազատությունն» էլ Երեւանից այդ դեպքերի մասին ռեպորտաժ էին պատրաստում՝ օգտվելով նրանց կադրերից:

Նախաքննության շահերից ելնելով՝ Միրզոյանը քննիչի հիմնավորումների մասին առայժմ չի ուզում հրապարակային խոսել, բայց ասում է՝ մեղադրանքի հիմքն այն է, որ ինքը լուսաբանել է, պատմել է եթերում ու մարդիկ տեսնելով, լսելով՝ եկել են դեպքի վայր ու մասնակցել այդ իրադարձություններին:

«Փաստացի ստացվում է, որ նախադեպ է ձևավորվում, ու ոչ միայն ես, այլ դուք կամ այլ հեռուստաընկերություն, պայմանականորեն լուսաբանի որևէ հավաք և չգիտի ինչ կլինի հետո», - ասում է լրագրողը:

Քննիչը ընդհուպ պահանջել է, որ վարչական հսկողություն կիրառվի լրագրողի նկատմամբ, դատարանը մերժել է, բայց երկրից հեռանալ չի կարող: Խափանման միջոցի քննությունը փակ դռների հետեւում է, լրագրողները չեն կարող մասնակցել: Փաստաբանը, որ ներկա է եղել այս նիստին, մեղադրանքը անհիմն է որակում:

«Այն են ասում, որ դուք միակ լրատվականն եք եղել, որ այդ օրը Սյուքնիում է գտնվել և փորձել եք ուղիղ հեռարձակմամբ օժանդակել զանգվածային անկարգարգություններին, այսինքն մարդկանց տեղեկացնել դրա մասին, որ մարդիկ դուրս գան: Բայց սա չի կարող հիմք լինել մեղադրանքի համար, մարդը իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել», - ասաց փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

Կառավարության ղեկավարի դեմ բողոքի ցույցերը լուսաբանած լրագրողին մեղադրանք առաջադրելով՝ փորձում են վտանգավոր նախադեպ ստեղծել մյուսների համար, կարծում է փաստաբանը.- «Հանրահավաք է տեղի ունենում, ու ասենք իքս միջադեպ է տեղի ունենում կամ հակաիրավական գնահատվող մի բան, եթե լրագրողը մեկնաբանում է, կստացվի օժանդակում է էդ ամեն ինչին»:

Սյունիքի այս բողոքի ակցիայի գործով շաբաթներ առաջ ձերբակալվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Գասպարյանը: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ խուլիգանություն կազմակերպելու համար, տնային կալանքի տակ է: